Երվանդ Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը նկարիչ-քանդակագործի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քոչար (այլ կիրառումներ)։
Երվանդ Քոչար
Kochar.jpg
Ի ծնե Երվանդ Սիմոնի Քոչարյան
Ծնվել է հունիսի 15 1899
Ծննդավայր Թիֆլիս (Վրաստան)
Մահացել է հունվարի 22 1979
Վախճանի վայրը Երևան (Հայաստան)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն Հայաստան Հայաստան
Մասնագիտություն քանդակագործ, նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, նկարիչ և արվեստների գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Yervand Kochar Վիքիպահեստում

Երվանդ Սիմոնի Քոչար (Քոչարյան) (հունիսի 15 1899, Թիֆլիսհունվարի 22 1979, Երևան), հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918 թվականին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։

1919 թվականին ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդում տեղի հայկական դպրոցներում, բացում է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921 թվականին դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1919-1922 թվականներին են ձևավորվել և դրսևորվել նրա արտիստական խառնվածքի հիմնական գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձևը, սիմվոլիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել նրա ողջ ստեղծագործությանը։

1919 թվականին վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1921 թվականին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922 թվականին Քոչարը Կ. Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։

1922 թվականին Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ. Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական-ձևական հնարների համադրումը։

1923 թվականին Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ[2]։

1936 թվականին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Քոչարը ընդունվում է Հայաստանի նկարիչների միության սարքերը և մասնակցում է տեղական ցուցահանդեսներին։ Պահպանելով նորարարական որոշ ձևամիջոցներ՝ առաջնակարգ նշանակություն է տվել բովանդակությանը, պատկերվողի կոնկրետ անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտմանը։ 1944-1945 թվականներին նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։ 1948 թվականին մոմաներկերի գյուտի համար Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։

Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թվականին։ Արգելքները, բանտը, մեկուսացումը, անտարակույս, ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև Խրուշչովյան «ձնհալը»։ Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960 թվական), «Պատերազմի արհավիրքը» (1962 թվական), «Զվարթնոցի արծիվը» (1955 թվական), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թվական), «Վարդան Մամիկոնյանը» (1972 թվական), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959 թվական) և այլ մեծարժեք ստեղծագործություններ[3]։

Քոչարի արվեստն իր մեջ ամփոփում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։

Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։

1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ ներկայացրել է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը (գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն)[4][5]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կշռաքարերով նատյուրմորտ» (1918)
  • «Ջութակ» (1919)
  • «Ձվաձև նատյուրմորտ» (1920)
  • «Ըմպանակով կինը» (1920)
  • «Նկարչի մոր դիմանկարը» (1919)
  • «Դե պրոֆունդիս» (1919)
  • «Ղազարոսի հարությունը» (1923)
  • «Տեսիլք» (1924)
  • «Սրճարան» (1925)
  • «Սիրահարներ» (1926)
  • «Բանաստեղծը» (1924)
  • «Ընտանիք–սերունդներ» (1925)
  • «Մանիկի դիմանկարը» (1946)
  • «Կոմիտաս» (1946)
  • «Նիզամին որդու հետ» (1953)

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Քոչարի հայտնի արտահայտություններից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավելի լավ է շտապել, քան ուշանալ։
  • Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը։
  • Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Շահեն (Թիվ 4, 1979 թ.)։ «Երվանդ Քոչար»։ Սովետական Հայաստան: Էջեր 28,29 
  2. Արարատ Աղասյան (2013 թ). Երվանդ Քոչարի տարածության մեջ. Երևան, «Ոսկան Երևանցի». էջեր 196. ISBN 978-99930-0-223-9. 
  3. Արվեստի դասեր: Երվանդ Քոչար. Երևան: «Գիրք» հրատարակչություն. 2010 թ. էջեր 52. ISBN 978-99930-65-45-6. 
  4. Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն»
  5. Երկխոսություն Քոչարի հետ՝ ազգային պատկերասրահում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են


Հուշեր Երվանդ Քոչարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981:
  • Վիգեն Իսահակյան, Փարիզ, Քոչար, Անցած օրեր..., Երևան, 2006: