Մարկ Շագալ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շագալ
Մարկ Շագալ (ֆր.՝ Marc Chagall, իդիշ՝ מאַרק שאַגאַל, 7 հուլիսի 7, 1887[2][3], Լիոզնա, Վիտեբսկի մարզ, Ռուսական կայսրություն[4][5] - մարտի 28, 1985[6][7][8][…], Սեն Պոլ դը Վանս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի նկարիչ։ Ազգությամբ հրեա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1907-1909 թվականներին սովորել է Պետերբուրգում։ 1910-1914 թվականներին ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցությունը, մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914-1922 թվականներին Շագալը Ռուսաստանում էր, 1917 թվականից՝ Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար։ 1922-1923 թվականներին արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ Մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։ Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ («Ես և գյուղը», 1911, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Նյու Յորք)։ Շագալը նկարազարդել է Գոգոլի «Մեռած հոգիները» (օֆորտ, 1923-1927), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-1936)։ Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ Ստրավինսկու «Հազարան բլբուլ» բալետի ձևավորումը (1944-1945), Մեցի տաճարի վիտրաժների էսքիզները (1958)։
1973 թվականին, իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ԽՍՀՄ։ Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907–1909 թվականներին Շագալը Սանկտ Պետերբուրգում աշակերտել է հայտնի բեմանկարիչ Լեոն Բակստին, ստեղծել «Ննջեցյալ» (1908 թվական), «Սև ձեռնոցներով հարսնացուն» (1909 թվական) նկարները։ 1910–14 թվականներին Փարիզում մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոնների ցուցահանդեսներին, շփվել ավանգարդիստ արվեստագետների հետ, կատարելագործել է իր ինքնատիպ գեղարվեստական տեխնիկան, ստեղծել «Ես և գյուղը» (1911 թվական), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուսն էլ՝ 1912 թվական) և այլ գործեր։
1914 թվականին Բեռլինում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, արժանացել մեծ ճանաչման։ Նույն թվականին Շագալը Վիտեբսկում կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել թանգարան, իսկ 1917 թվականից ղեկավարել է Վիտեբսկի արվեստի դպրոցը։ Այս շրջանի լավագույն գործերից են «Րաբբին Վիտեբսկից» (1914 թվական), «Կրկնակի դիմանկար՝ մեկ բաժակ գինով» (1917 թվական), «Ծննդյան օրը» (1913-1923 թվականներ) և այլն։
1922 թվականին նկարիչն ապրել է Բեռլինում, 1923 թվականից՝ Փարիզում, որտեղ հրատարակիչ Ամբրուազ Վոլլարի պատվերով պատկերազարդել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը, Ժան դը Լաֆոնթենի «Առակները», նաև Աստվածաշունչը։ 1941–1948 թվականներին Շագալը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ստեղծել է «Փետուրներ և ծաղիկներ» (1943 թվական), «Նրա շուրջը» (1945 թվական), «Հարսանեկան մոմեր» (1945 թվական), «Նոկտյուռն» (1947 թվական) և այլ գործեր։ 1945 թվականին Նյու Յորքում ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավք» բալետի բեմադրությունը։
1948 թվականին Շագալը վերադարձել է Ֆրանսիա, հաստատվել է Ռիվերայում։ 1953–1956 թվականների ստեղծագործության մեջ գերակշռում են Փարիզը և Վիտեբսկը պատկերող կտավները։ 1958 թվականին նկարիչը ձևավորել է Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոե» բալետի բեմադրությունը։ Շագալը հեղինակ է նաև մի շարք դեկորատիվ գործերի (Մոսկվայի հրեական կամերային թատրոնի պաննոն, Մեցի կաթոլիկական տաճարի և Երուսաղեմի բժշկական կենտրոնի մի քանի խճանկարներ ու վիտրաժներ)։
1964 թվականին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը և Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը, 1966 թվականին ավարտել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի որմնանկարները։ 1967 թվականին «Մետրոպոլիտենում» ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115934037
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/art/great-works/great-works-the-red-jew-191415-100cm-x-805cm-by-marc-chagall-7873049.html
- ↑ 5,0 5,1 5,2 Шагал Марк Захарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Marc Chagall (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Marc Chagall — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.sdmart.org/exhibition/defining-modernism/
- ↑ Jiminez J. B. Rosenfeld, Bella // Dictionary of Artists' Models — Routledge, 2001. — P. 462. — ISBN 978-1-57958-233-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1985 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Հրեա նկարիչներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի փորագրիչներ