Ավանգարդիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավանգարդիզմ, (ֆր.՝ avant-garde, բառացի՝ avant - առջև, garde - պահազոր), պայմանականորեն այդպես է կոչվել 20-րդ դարի գեղարվեստական այն շարժումը, որին բնորոշ են խզումը ռեալիստական կերպարի նախկին ավանդույթից, նոր արտահայտչամիջոցների ու երկերի ձևական կառուցվածքի որոնումները, արվեստին առաջադրում է հատուկ, կարգավորող դեր գաղափարական մտածողության ճգնաժամի և հակասություններից քայքայված իրականության պայմաններում։

Անվանումը[խմբագրել]

Բառացի նշանակում է ռազմական ստորաբաժանում, զորամաս կամ միավորում, որը զորքի կամ նավատորմի ռազմերթի ժամանակ ընթանում է գլխավոր ուժերի առջևից՝ նրանց պահպանելու նպատակով։ Եզրը օգտագործում էին ֆրանսիացի սոցիալիստ ուտոպիստները։ 1825 թվականին Անրի Սեն Սիմոնը իր «Նկարիչը, գիտնականը և բանվորը» հոդվածում առաջատար դերը տալիս է նկարչին՝ «Այդ մենք՝ նկարիչներս, լինելու ենք ձեր ավանգարդը (առաջապահը)»։[1][2] Քննադատության և արվեստագիտության մեջ «Ավանգարդիզմ» տերմինը կիրառվում է 1920-ական թվականներից, սակայն դեռևս չունի հստակ գիտական որոշակիություն[3] և գրականության ու արվեստի տարբեր պատմաբաններ օգտագործում են տարբեր բովանդակությամբ։

Ուղղություններ և հոսանքներ[խմբագրել]

Ավանգարդիզմը 20-րդ դարի բուրժուական մշակույթի ճգնաժամի արտահայտությանն է, առաջ Է եկել անարխիստական, սուբյեկտիվիստական աշխարհըմբռնումից։ 20-րդ դարի առավել բուռն զարգացման տարիներին (1905-1930) նրա հատկանիշները դրսևորվեցին մոդեռնիզմի մի շարք դպրոցներում և հոսանքներում՝

  • ֆովիզմ,
  • կուբիզմ,
  • ֆուտուրիգմ,
  • էքսպրեսիոնիզմ,
  • դադաիզմ,
  • սյուրռեալիզմ,
  • «բանականության հոսանքի» գրականություն,
  • ատոնալ երաժշտություն,
  • դոդեկաֆոնիա ևն։

Միևնույն ժամանակ, արտահայտվեցին 20-րդ դարի մի քանի խոշոր վարպետների ստեղծագործության մեջ, նրանց գեղարվեստական գործունեության այս կամ այն շրջանում։ Պոլ Էլյուարը (Ֆրանսիա), Վ. Նեգվալը (Չեխոսլովակիա), Բերտոլդ Բրեխտը, Ի. Բեխերը, Հ. Այսլերը (Գերմանիա), Դ. Ռիվերան (Մեքսիկա)հարել են ավանգարդիզմին։ Ավանգարդիզմի շատ ներկայացուցիչներ, չկարողանալով ազատվել բուրժուական մտածողության շրջանակներից, մնացին գեղագիտական սուբյեկտիվիզմի դիրքերում և հայտնվեցին մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչների թվում (Ջեյմս Ջոյս՝ Իռլանդիա, Մ. Պրուստ՝ Ֆրանսիա, Պոլ Մոնդրիան՝ Նիդերլանդներ, Սալվադոր Դալի՝ Իսպանիա, Պ. Քլեե՝ Շվեյցարիա, Վ. Վ. Կանդինսկի)։ Տարբեր միտումների արտասովոր անկայուն զուգորդումները հանգեցնում են Ավանգարդիզմին բնորոշ գեղագիտական երկվության, հակասության (օրինակ՝ Գիոմ Ապոլիների պոեգիան, Պաբլո Պիկասոյի արվեստը՝ Ֆրանսիա) և հաճախ՝ գեղարվեստական էկլեկտիկությսւն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Saint-Simon H. de. Opinions litteraires, philosophiques et industrielles. — P., 1825. (ֆրանսերեն)
  2. Саруханян А. П. К соотношению понятий «модернизм» и «авангардизм» // Авангард в культуре ХХ века (1900—1930 гг.)։ Теория. История. Поэтика: В 2 кн. / Под ред. Ю. Н. Гирина. — М.: ИМЛИ РАН, 2010. — Т. 1. — С. 15. (ռուսերեն)
  3. Саруханян А. П. К соотношению понятий «модернизм» и «авангардизм» // Авангард в культуре ХХ века (1900—1930 гг.)։ Теория. История. Поэтика: В 2 кн. / Под ред. Ю. Н. Гирина. — М.: ИМЛИ РАН, 2010. — Т. 1. — С. 9. (ռուսերեն)