Հայաստանի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի ազգային պատկերասրահ
Plaza de la República, Ereván, Armenia, 2016-10-02, DD 113-114 HDR.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Ղեկավարության նստավայր Երևան
Հասցե 375010, Արամի փողոց 1 (մուտքը Հանրապետության հրապարակից)
Հիմնադրված է 1921
Այցելուներ 65 000
Տնօրեն Արման Ծատուրյան
Կոորդինատներ: 40°10′43.5″ հս․ լ. 44°30′51.0″ ավ. ե. / 40.178750° հս․. լ. 44.514167° ավ. ե. / 40.178750; 44.514167
Կայք gallery.am
Հայաստանի ազգային պատկերասրահը գտնվում է Հայաստանում
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը գտնվում է Երևանում
Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնադրվել է 1921 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլո, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Կանդինսկին, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք:

Այցելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային պատկերասրահը ունի 13 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոն): Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը: Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ: 1924 թ. Հայաստան այցելած Ա. Լունաչարսկու դժգոհում է, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի:

Թանգարանի գեղարվեստական բաժնի ցուցանմուշների առաջին խումբը` մի քանի տասնյակ աշխատանքներ, գնվել է կառավարության կողմից 1921 թ. հուլիսին Ստ. Շահումյանի անվան կենտրոնական բանվորական ակումբում կազմակերպված «Հայ նկարիչների միության» 5-րդ ցուցահանդեսից: Դրանց հեղինակներն էին անվանի գեղանկարիչներ Եղիշե Թադևոսյանը, Սեդրակ Առաքելյանը, Հմայակ Հակոբյանը, Վրթանես Ախիկյանը, Գ. Շարբաբչյանը, գրաֆիկ Է. Շահինը և ուրիշներ:

Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով նախկին Լազարյան ինստիտուտը վերանվանվում է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն, իսկ նրա նյութական և մշակութային բոլոր արժեքները անցնում են Հայաստանի տնօրինմանը: Այս որոշումը վճռորոշ նշանակություն ունեցավ, քանզի ռուսական և եվրոպական արվեստի ստեղծագործությունների առկայությունն այս հավաքածուում, որը փոխանցվեց Հայաստանի թանգարանին, թելադրում էր նրա հավաքչական քաղաքականությունը` ձևավորել ազգայինից զատ համաշխարհային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ:

1924 թ. վերջին Ալեքսանդր Թամանյանի և Մարտիրոս Սարյանի հորդորով Լենինգրադից Երևան տեղափոխվեց արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, որը մինչ այդ աշխատում էր Պետական ռուսական թանգարանում: 1925 թվականին նա ստանձնեց գեղարվեստական բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 1935 թվականից, երբ զգալիորեն ընդլայնված բաժինը դարձավ ինքնուրույն Կերպարվեստի պետական թանգարան, նշանակվեց նրա առաջին տնօրենը (մինչ 1951 թ.):

1930-1950 թթ. թանգարանը շարունակում է համալրվել, բացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են համառոտ կատալոգներով և բուկլետներով, գործում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող երեք բաժիններից բաղկացած մշտական ցուցադրությունը: Այս աշխատանքներն ապահովում են համապատասխան գիտական բաժինները:

1947 թ. թանգարանը վերանվանվում և մինչ 1991 թ. կոչվում է Հայաստանի պետական պատկերասրահ: Մեկ տարի անց սկսվում է շենքի վերակառուցումը:

Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը: 1948 թ., օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները:

1951 թ. ավարտվում է Ռ. Դրամբյանի՝ որպես տնօրենի 27-ամյա գործունեությունը պատկերասրահում, սակայն նրա կապը թանգարանի հետ շարունակվում է երկար տարիներ (նա գիտխորհրդի անդամ էր, անփոխարինելի խորհրդատու, իսկ 1982 թ. լույս է տեսնում նրա «Հայաստանի պետական պատկերասրահ» գիրքը): Ընդամենը մեկ տարի պատկերասրահի տնօրենն էր արվեստաբան Վարդան Հարությունյանը, իսկ 1952-1962 թթ.՝ արվեստաբան Ռուբեն Պարսամյանը:

Ռ. Պարսամյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, 1962 թ. տնօրեն է նշանակվում գեղանկարիչ, թատերական նկարիչ Արմեն Չիլինգարյանը: Նրա տնօրինության տարիներին այլևայլ խնդիրների լուծմանը զուգընթաց ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժնի արվեստաբան Մերի Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվում է ֆոնդերի լուրջ համալրում: Մոսկվայում և Լենինգրադում նկարիչների արվեստանոցներից և հեղինակների ժառանգներից ձեռք են բերվում 20-րդ դարի հանրաճանաչ ռուս նկարիչներ Ռ. Ֆալկի, Պ. Ֆիլոնովի, Ի. Մաշկովի, Ա. Կարևի, Ն. Ալտմանի և այլոց բարձրարժեք կտավները: Մոսկվայի Կրեմլի թանգարաններից ստացվում են 17-18-րդ դարերի ռուսական սրբապատկերներ:

1967-1989 թթ. Պատկերասրահի տնօրենն էր ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։ Նրա գործունեության առաջին տարիները համընկնում են 1965 թ. սկսված թանգարանի ցուցադրության նոր մասնաշենքի շինարարության հետ (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Ա. Ղազարյան)։

1977 թվականին թանգարանը վերաբացվում է նորովի ներկայացված իր հավաքածուներով։ Մի քանի տարի անց շահագործման է հանձնվում Նալբանդյան փողոցի մասնաշենքը, որի 4 հարկերում տեղակայվում են ֆոնդապահոցները, վերականգնման արվեստանոցը, գիտական բաժինները, հաշվառման և  պահպանության բաժինը։ Բացվում են քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի գիտական բաժինները, մասնաճյուղերի բաժինը, որը կոորդինացնում էր հանրապետության տարբեր շրջաններում ստեղծվող մասնաճյուղերը:

1986 թվականի մայիսին պատկերասրահի տնօրենի պաշտոնից հեռանում է Էդուարդ Իսաբեկյանը, ավարտելով 19-ամյա իր անխոնջ ծառայությունը մշակութային այս օջախում: 1986 թ. հուլիսից պատկերասրահի տնօրեն է դառնում Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատելով ՀԽՍՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի պաշտոնում, լավատեղյակ էր պատկերասրահի գործունեությանը:

1991 թ. Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց պատմա-քաղաքական նոր փուլ. երկիրը անկախություն հռչակեց: Երևույթն անշուշտ, նշանակալի էր. տեղի էր ունեցել կարևոր մի իրադարձություն, որին հայ ժողովուրդը սպասում էր դարեր: Սակայն այս բախտորոշ հաղթանակը ուղեկցվեց նորաստեղծ հանրապետության բազմաթիվ խնդիրներով, որոնք չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մշակութային կյանքի վրա: Երկիրը մտավ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր ճգնաժամի մեջ:

1991 թ. պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը. հայ մշակույթի երախտավոր, ով տարիներ առաջ աշխատակցել էր ՀՊՊ հայկական կերպարվեստի բաժնին, իսկ 1967 թվականից ի վեր, Մարտիրոս Սարյանի թանգարանի հիմնադրման օրվանից ղեկավարել էր այն: 1991-ին Հայաստանի գեղարվեստական խոշորագույն օջախը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ:

2002 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց գեղանկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, որի եռանդուն աշխատանքի շնորհիվ պատկերասրահի գիտա-ֆոնդային, գիտա-կրթական, հանրահռչակման գործունեությունը ստացավ նոր թափ, թարմ շնչառություն: Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը արձակեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնելու մասին» հրամանը:

2004 թ. մայիսի 18-ին Լինսի հիմնադրամի օժանդակությամբ իրականացված վերանորոգումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը նոր մշտական ցուցադրությամբ իր դռները բացեց այցելուների առջև: Վերաբացումից ի վեր շուրջ ութ տարիների ընթացքում պատկերասրահն ապրում է բեղուն աշխատանքային կյանքով. անշուշտ նախևառաջ առաջադրվում է ակադեմիական թանգարանային գործունեության սկզբունքներով, այն է` հավաքել, պահպանել, ուսումնասիրել, ցուցահանդեսների և կատալոգների միջոցով հանրահռչակել գեղարվեստական արժեքները, սակայն սրա հետ մեկտեղ, Ազգային պատկերասրահն ընդլայնել է իր գործունեության շրջանակները:

2015 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արման Ծատուրյանը, ով ձեռնամուխ եղավ պատկերասրահի գիտական ու ցուցահանդեսային գործունեության ակտիվացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

Հայկական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպոզիցիան ներկայացնում է 6-20-րդ դարերի հայկական գեղանկարի զարգացումը, նրա ոճական ողջ բազմազանությունը, ինչպես նաև առանձին վարպետների գործեր: Ցուցադրությունը շարունակվում է հայ գեղանկարչության դասական (Հ. Հովնաթանյան, Հ. Այվազովսկի, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ե. Նազարյանց, Վարդան Մախոխյան և այլք) և 20-րդ դարի (Մ. Սարյան, Գ. Յակուլով, Վ. Գայֆեջյան, Ե. Թադևոսյան, Հ. Կոջոյան, Հ. Գյուրջյան, Է. Շահին, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Գ. Խանջյան, Մ. Ավետիսյան և այլք) մեծանուն վարպետների աշխատանքների ներկայացմամբ։ Թանգարանի գրաֆիկայի հավաքածուի կորիզն են կազմում շուրջ 250 հայ նկարիչների գծանկարները, ջրանկարները, պաստելները, գրքային գրաֆիկան, ծաղրանկարները, պլակատները, որոնք ընդհանուր հաշվով կազմում են ավելի քան 4000 միավոր: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքի ստեղծման, նրա ձևավորման ու նկարազարդման հետ:

Ռուսական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական գեղանկարի հավաքածուն Հայաստանի ազգային պատկերասրահի բնահատուկ և ամբողջական մասն է կազմում: Սկսել է ձևավորվել թանգարանի կյանքի առաջին իսկ տարիներից: Պատկերասրահում ներկայացված  են 18-20-րդ դարերի ռուս վարպետների փայլուն համաստեղության` Ֆյոդոր Ռոկոտովի (1730-1808), Օրեստ Կիպրենսկու (1782-1836), Կարլ Բրյուլլովի (1799-1852), Իլյա Ռեպինի (1844-1930), Վասիլի Սուրիկովի (1848-1916), Վալենտին Սերովի (1865-1911), Վասիլի Կանդինսկու (1866-1944), Մարկ Շագալի (1887-1985) և այլոց ստեղծագործությունները` լուսաբանելով ռուսական մշակույթի զարգացման ու կայացման կարևորագույն փուլերը, հաղորդակից է դարձնում մեզ նրա գեղարվեստական նվաճումների բարձունքներին: Ռուս նկարիչների գրաֆիկական ժառանգությունը Ազգային պատկերասրահում բավական ընդգրկուն ձևով ներկայացված է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսի ստեղծագործություններով: Հավաքածուն ներառում է շուրջ 150 հեղինակների ավելի քան 500 գծանկար, ջրանկար և կավճանկար:

Այլ մշակույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան արվեստի սրահներում ցուցադրությունը սկսվում է հին աշխարհի Եգիպտոսի և Հունաստանի մշակույթից։ Այստեղ ներկայացված են 14-20-րդ դարերի իտալական, հոլանդական, ֆլամանդական, ֆրանսիական դպրոցների հայտնի արվեստագետների (Ֆ. Գվերչինո, Յան վան Գոյեն, Պ. Կլաս, Էթիեն Մորիս Ֆալկոնե, Ժ.-Բ. Գրյոզ, Թ. Ռուսսո, Ա. Մոնտիչելլի և այլն) ստեղծագործություններ։ Արևելքի արվեստը ներկայացված է իրանական, չինական, ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարվեստ նմուշներով (նախշազարդ ճենապակյա և հախճապակյա սպասք, քարե, ոսկյա, մետաղյա առարկաներ, քանդակազարդ կահույք), հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից արված հնդկական միջնարդարյան որմնանկարների բարձրարժեք պատճեններով և 19-րդ դարի իրանական գեղանկարչական աշխատանքներով։

Հայաստանի ազգային պատկերասրահն իր հավաքածուների առանձին գործերով մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կազմակերպում է հայ արվեստի պատկերահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում՝ մեծապես նպաստելով ազգային կերպարվեստի ճանաչմանը, իր դահլիճներում ընդունում է միջազգային ցուցահանդեսներ։ Պատկերասրահն ակտիվորեն մասնակցում է «Թանգարանների գիշեր» և «Եվրոպական ժառանգություն» ակցիաներին, որոնց շրջանակներում անցկացվող բազմաբովանդակ և նպատակային միջոցառումները պատկերասրահ են բերում բազմաթիվ այցելուներ։ Պատկերասրահում գործում են գիտական բաժիններ, հաշվառման և պահպանության բաժին, վերականգնման և կոնսերվացման արվեստանոց, ցուցահանդեսային, հրատարակչական, հանրային կապեր, կրթական ծրագրեր, հուշաձեռագրային բաժիններ, գրադարան, կինոդահլիճ, հուշանվերների և գրքերի վաճառասրահ, սրճարան, գործում է նաև պատկերասրահի պաշտոնական կայքը, սոցիալական ցանցերը։ Հայաստանի ազգային պատկերասրահը մասնաճյուղեր ունի Երևանում (Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան), Էջմիածնում (Էջմիածնի պատկերասրահ՝ Խորեն Տեր-Հարությանի անվան և Մհեր Աբեղյանի անվան թանգարան), Հրազդանում (Հրազդանի պատկերասրահ), Ջերմուկում (Ջերմուկի պատկերարսահ), Սիսիանում (Սիսիանի պատկերասրահ, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան), Ալավերդիում (Ալավերդու պատկերասրահ), Եղեգնաձորում (Եղեգնաձորի պատկերասրահ), Գավառում (ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերարսահ), Մարտունիում (Մարտունու պատկերասրահ) և Ջաջուռում (Մինաս Ավետիսյանի թանգարան)։ Տարբեր տարիներին պատկերասրահը ղեկավարել են Ռուբեն Դրամբյանը (1925-1951), Ռուբեն Պարսամյանը (1952-1962), Արմեն Չիլինգարյանը (1962-1967), Էդուարդ Իսաբեկյանը (1967-1986), Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը (1986-1990), Շահեն Խաչատրյանը (1991-2002), Փարավոն Միրզոյանը (2002-2015), Արման Ծատուրյանը (2015-առ այսօր):

Արևմտաեվրոպական գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտաեվրոպական գեղանկարչության բաժնի սրահներից մեկը

Հին Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի շրջանից պատկերասրահում ներկայացված են բազմաթիվ դիմակներ, փոքրիկ արձանիկներ։ Հատկապես հետաքրքրական են դիմակները, լայն բացված աչքերով, որոնք խորհրդանշում են հոգու դռները։ Ներկայացված են նաև աստվածների արձանիկների օրինակներ, սարկոֆագի մասունքներ և այլն։

Հին Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրաֆիկա
  2. Փորագրություն
  3. Քանդակ
  4. Հոգևոր արվեստ

Պատկերասրահի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]