Հովնաթանյան ընտանիք
Հովնաթանյան ընտանիք, 17-19-րդ դարեր հայ նկարիչների ընտանիք։ Տոհմի հիմնադիրը բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էր։ Մոտ երկու հարյուրամյակի ընթացքում այդ տոհմի մի քանի սերնդի ներկայացուցիչներ զգալի դեր կատարեցին հայ ու հարևան ժողովուրդների մշակութային կյանքում։
Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։
Նաղաշ Հովնաթան
[խմբագրել | խմբագրել կոդը]1679 թ. Երևանում երկրաշարժ տեղի ունեցավ։ Հարկ եղավ քաղաքի շատ տներ ու շինություններ վերականգնել կամ կառուցել նորից։ Մի քանի տարի անց երևանցիները նկարիչ հրավիրեցին՝ վերականգնված Պողոս-Պետրոս, Կաթողիկե, Զորավոր եկեղեցիները որմնանկարներով զարդարելու համար։ Այդ նկարիչը երիտասարդ, բայց արդեն մեծ համբավ ունեցող Նաղաշ Հովնաթանն էր[1]։
Նաղաշ Հովնաթանը («նաղաշ» արաբերեն՝ զարդանկարիչ, արևելյան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այդպես էին անվանում նկարիչներին) ծնվել է 1661 թ., Հայաստանի Սիսական նահանգի Երնջակ գավառի Շոռոթ գյուղում, բանասեր և գեղագիր Տեր-Հովհաննեսի ընտանիքում։ Նրա առաջին ուսուցիչը եղավ հայրը։ Բազմակի ընդունակություններով օժտված պատանին այնուհետև ավարտեց Ագուլիս քաղաքի Թովմա Առաքյալի վանքի դպրոցը և նշանակվեց նույն դպրոցի ուսուցիչ։ Հովնաթանը բանաստեղծություններ էր գրում, երաժշտություններ հորինում, երգում էր, քյամանչա նվագում, նկարում։ Շուտով նա հեռացավ դպրոցից և նվիրվեց արվեստին։ Նրա համբավը սկսեց տարածվել ոչ միայն երգահան, այլ նաև շնորհաշատ նկարիչ։ Նկարում էր մանրանկարներ, նկարազարդում գրքեր, զբաղվում եկեղեցիների պատերի որմնանկարչությամբ, նկարում սրբապատկերներ։ Նրա աշխատանքները հայ աշխարհիկ (ոչ կրոնական) գեղանկարչության մեզ հայտնի ամենավաղ նմուշներից են։
Վրաց Վախթանգ 6-րդ թագավորը նրան հրավիրում է արքունիք և նշանակում պալատական աշուղ և նկարիչ։ 1710-ական թթ. նա հրավիրվեց Էջմիածին և նկարազարդեց Մայր տաճարը։
Նաղաշ Հովնաթանը վախճանվել է 1722 թ., հայրենի Շոռոթ գյուղում։
Հակոբ և Հարություն Հովնաթանյաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդիներից Հակոբ Հովնաթանյանը (17-րդ դարի վերջ-1757 թվական) եղել է աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ։ Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»-ը (1720 թվական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 8645)։ Հեղինակ է հաստոցային նկարների («Սանդուխտ կույսը», 1727 թվական, «Թադևոս առաքյալը», «Ղազարոսի հարությունը», երկուսն էլ՝ 1729 թվական, «Աստվածամոր յոթ վերքը», 1729 թվական, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան)։ Մեծ ուշադրություն է դարձրել մարմնաձևերի կերպավորմանը և մանրամասների նյութական վերարտադրմանը։ Մյուս որդին՝ Հարություն Հովնաթանյան (Հարություն Շոռոթեցի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը (ձևավորել է Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրքը», 1731 թվական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 2162)։ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները միասին նկարազարդել են մի Հայսմավուրք (1725-1730 թթ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 1522), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, ձևավորել Ապրակունիսի Ս. Կարապետ վանքը (1740 թվական), Էջմիածնի վանքի Ղազարապատ հյուրանոցը (1741 թվական), Վեհարանը։
Հովնաթան Հովնաթանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Հովնաթանյանի որդին էր Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801 թթ.), որը 1776 թվականից վրաց Հերակլ 2-րդ թագավորի պալատական նկարիչն էր։ 1778 թ. Հովնաթան Հովնաթանյանը հրավիրվեց Էջմիածին՝ զարդանախշելու Մայր տաճարը։ Նա Էջմիածին եկավ իր աշակերտների հետ, վերանորոգեց և լրացրեց մեծանուն պապի ստեղծած որմնանկարները, դրանց կողքին սոսնձեց կտավների վրա արված աշխատանքները։ Նա ստեղծեց նաև հայ պատմական գործիչների մի շարք դիմանկարներ[1]։
Մկրտում Հովնաթանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոհմի չորրորդ սերնդի շնորհալի ներկայացուցիչն էր Մկրտում Հովնաթանյանը՝ Հովնաթանի որդին, (1779 թվական, Թիֆլիս-1845/1846 թվական, Թիֆլիս), որը դիմանկարիչ էր, ուներ արվեստանոց, աշակերտներ։ Պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի պետական պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի պետական պատկերասրահ և էջմիածնի վանքի Վեհարան)։ Ինչպես այս աշխատանքներում, նույնպես և Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու նկարազարդումներում (1834-1835 թթ.) առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են։
Հակոբ և Աղաթոն Հովնաթանյաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտում Հովնաթանյանի որդիներն էին Հակոբ Հովնաթանյանը և Աղաթոն Հովնաթանյանը (1816 թվական, Թիֆլիս-1893 թվական, Պետերբուրգ), որը դիմանկարիչ էր, գրաֆիկ։ 1843 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կ. Բրյուլլովի արվեստանոցում։ Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան։ Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836 թվական), Մ. Ս. Վորոնցովի (1849 թվական) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859 թվական), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869 թվական), Մ. Սալտիկով- Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870 թվական) և այլն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 574)։ |