Վեհարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեհարան
Տեսակթանգարան
ԵրկիրՀայաստան
Տեղագրությունքաղաք Վաղարշապատ, Էջմիածնի Մայր Տաճար


Վեհարան, Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը և աշխատավայրը։ Հին վեհարանը գտնվում է Էջմիածնի մայր տաճարի բակի հարավարևմտյան մասում, ըստ արձանագրության՝ կառուցված 1738-1741 թթ.-ին՝ Ղազար կաթողիկոսի օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթողիկոսարանի թանգարանը գտնվում է հայրապետական նստավայրի վերևի հարկում։ Շենքն ամբողջությամբ անվանվում է Վեհարան և հանդիսանում է Ամենայն Հայոց Հայրապետի նստատեղին ու պաշտոնական գրասենյակը։ Վեհարանի կառուցումը սկսվել է 1910 թվականին (շենքի հիմնարկեքը կատարվել է 1910 թ. հունիսի 10-ին) և ավարտվել 1915 թ. ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ ու ճարտարապետ Պ. Զոհրաբյանի նախագծով։ Շենքը երկհարկանի է և ամբողջությամբ քարաշեն։ Այստեղ են գտնվում Կաթողիկոսության վարչական գրասենյակները, Հայրապետի բնակարանը, ընդունարանն ու թանգարանը։ Մինչ նոր Վեհարանի շենքն օգտագործելը այն բռնագրավվել է Խորհրդային իշխանությունների կողմից և ծառայել իբրեւ զինվորական զորամաս ու ռազմական շտաբ։

Իշխանությունների հետ բանակցություններ վարելով՝ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաջողվել է իրականացնել կաթողիկոսարանի վերադարձը Մայր Աթոռին։ 1962 թ. Վեհափառի նախաձեռնությամբ Նոր Վեհարանի շենքը վերանորոգվել է։ 1957-1962 թթ. այն հիմնովին վերանորոգումների ու վերակառուցման է ենթարկվել շնորհիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Ալեք և Մարի Մանուկյանների նվիրատվությունների։ 1962 թվականից այն ծառայում է իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայր։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Վեհարանի շենքի բացման առիթով Վազգեն Ա Հայրապետը շենքի երկրորդ հարկում հիմնել էր մի փոքրիկ պատկերասրահ, ուր ներկայացված են հայ նկարիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գառզուի, Էդգար Շահինի, Զարեհ Մութաֆյանի, Ժանսեմի և այլոց կտավները, որոնք պատմության ընթացքում նվիրվել էին Հայ Եկեղեցուն։ Ռուս և արևելաեվրոպացի նկարիչների գործերը ներկայացված են մեկ ուրիշ սրահում, որտեղ կա նաև թանկարժեք ռուսական սրբապատկերների հավաքածու։

Թանգարանի ամենից ուշագրավ ու հետաքրքիր գեղարվեստական գործերն են ոսկեկուռ մեծ խաչն ու հայկական ոսկետառ ու ադամանդազարդ այբուբենը, որը զարդարում է 80 x 130 սմ չափերի օնիքսյա տախտակի հղկված հարթությունը։ Խաչն ու այբուբենը պատրաստվել են Վազգեն Ա Հայրապետի պատվերով, ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի ձեռքով և ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]