Հայսմավուրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայսմավուրք (Յայսմաւուրք, XIII դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»` «այս օրը» բառակապակցությունից, ինչով սկսվում է սրբերի պատմությունը), ծիսամատյան, որը պարունակում է սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) պատմությունները, որոնք հավաքվելով, գրի են առնվել IV դ.` Եվսեբիոս Կեսարացու կողմից։ «Հաւաքումն պատմութեան մարտիրոսաց հնոց» խորագիրը կրող այդ ժողովածուն կորել է VI դ., ինչը անհրաժեշտություն է առաջացրել վերստին հավաքել և կազմել նոր ժողովածուներ՝ ծիսական նպատակներով։ Ի տարբերություն սրբերի հիշատակի կատարման համար Հույն և Լատին եկեղեցիների որդեգրած արեգակնային, ամսաթվային կարգի, որն անշարժ է, Հայոց եկեղեցին ընդունել է յոթնեկական դրությունը, որը շարժական է։ Սակայն հայոց մեջ կիրառվել է նաև սրբոց հիշատակման մի եղանակ ևս՝ համաձայն անունների այբբենական կարգի։ Հայոց Հայսմավուրքը կազմավորվել է V–XV դդ. ընթացքում։ Մատենագրական աղբյուրները Հայսմավուրքի կազմավորումը կապում են Սողոմոն Մաքենացու, Գագիկ վարդապետի (IX–X դդ.) և Ատոմ եպիսկոպոսի (X դ.) անվան հետ։ Հայոց Հայսմավուրքի կազմավորմանը զգալիորեն նպաստել է հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991 թ.), որն իրականացրել է Հովսեփ Կոստանդնուպոլսեցին։ Հատկապես կարևոր է եղել Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կազմած Հայսմավուրքը, որը, ենթարկվելով զանազան փոփոխությունների, ժամանակի ընթացքում ձեռք է բերել կայուն նկարագիր և հիմք դարձել այդ ծիսամատյանի տարբեր խմբագրումների համար։

Հայոց Հայսմավուրքն ունի չորս խմբագրություն. Իսրայել Խաչենցու (մահ. 1249), Կիրակոս Գանձակեցու, Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի և Գրիգոր Խլաթեցու։ Տեր Իսրայել Խաչենցին իր Հայսմավուրքը կազմել է Վանական Վարդապետի (XIII դ.) և Հասան-Ջալալ Դոլա իշխանի պատվերով։ Նա ճշգրտել է Գրիգոր Բ Վկայասերի սահմանած՝ հայ նահատակների վկայության օրերը և դրանք տեղադրել Հովսեփ Կոստանդնուպոլսեցու թարգմանած հունական Հայսմավուրքի մեջ։ Տեր Իսրայելը փոխել է նաև օրվա մեջ նշվողտոնի կարգը՝ առաջնությունը տալով հայոց տոնակարգին։ Ի տարբերություն թե՛ Տեր Իսրայելի, որը տարվա տոնաշարն սկսում է հունվարի 1-ից (Բարսեղ Կեսարացու վարքով), և թե՛ Հովսեփ Կոստանդնուպոլսեցու թարգմանած ժողովածուի, որտեղ տարին սկսվում է սեպտեմբերով (Սիմեոն Սյունակյացի վարքով), Կիրակոս Գանձակեցին իր Հայսմավուրքի համար ընտրել է հայկական ամսակարգը՝ Գրիգոր Բ Վկայասերի օրինակով տոնաշարն սկսելով Նավասարդի 1-ից, որ է՝ օգոստոսի 11-ը (սկսվում է Հովհաննես Մկրտչի տոնով)։ Սրա շնորհիվ Կիրակոս Գանձակեցու խմբագրած Հայսմավուրքը ձեռք է բերել ազգային կերպարանք։ Նրա կազմած Հ-ի առաջին խմբագրության մեջ (1252) ներմուծվել են վկայաբանական նոր միավորներ, իսկ 1269-ին Սսում ընդօրինակված Հ-ի մեջ՝ ևս 170-ը։ Գրիգոր Է Անավարզեցու կազմած Հայսմավուրքը նախորդներից տարբերվում է ոչ հայկական՝ լատինադավան տոնակարգով։ Հայոց Հ-ի լատինականացումը նպատակ ուներ նպաստելու Հայ և Կաթոլիկ եկեղեցիների մերձեցմանը, ինչն ի հայտ է բերում Գրիգոր Է Անավարզեցու քաղաքական կողմնորոշումը։ Գրիգոր Է Անավարզեցու կազմած Հայսմավուրքը, որը հիմնված էր Տեր Իսրայելի Հայսմավուրքի վրա, Գրիգոր Փեշտիմալճյանի ձեռքով վերախմբագրվելուց հետո՝ 1834-ին թյուրիմացաբար հրատարակվել է իբրև Տեր Իսրայելի խմբագրություն։ Գրիգոր Խլաթեցու կազմած Հայսմավուրքը զգալիորեն տարբերվում է նախորդ խմբագրություններից իր ծավալով, ընդգրկած նյութերի բազմազանությամբ։ Նրա խմբագրությունը Կիրակոս Գանձակեցու Հայսմավուրքի ընդարձակ տարբերակն է, որն ունի ավելի քան 700 միավոր։ Այն աչքի է ընկնում իր ընդգրկած պատմական նյութի հարստությամբ։ Հեղինակը ոչ միայն հավաքել է նախկինում շարադրված վարքերն ու վկայաբանությունները, այլև նրանց մեջ ներմուծել նորանոր տվյալներ, որոնք ունեն պատմագիտական արժեք։ Նա փոխել է դրանց լեզուն՝ այն դարձնելով ժողովրդին մատչելի։ Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքի մեջ բազմաթիվ են տեղանունների, անձնանունների ժողովրդական ստուգաբանության օրինակները։ Նա լայն տեղ է հատկացրել ժողողովրդական բարքերի, կենցաղի, նիստուկացի, սովորույթների նկարագրությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավդալբեգյան Մ., «Յայսմաւուրք» ժողովածուները և նրանց պատմագրական արժեքը, Երևան,1982։
  • Պողարյան Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990, էջ 47–62։
  • Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999։
  • Մա թևոսյան Ա., Մարաբյան Ս., Գրիգոր Ծերենց Խլաթեցի, Երևան, 2000, էջ 95–106։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png