Գրիգոր Բ Վկայասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Բ Վկայասեր
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է11-րդ դար կամ անհայտ[1]
Մահացել էհունիսի 3, 1105[1]
Մահվան վայրԿարմիր վանք, Քեսուն, Եփրատես

Գրիգոր Բ Վկայասեր (ավազանի անունը՝ Վահրամ, աշխարհական անունը՝ Անձրև[2], 11-րդ դար կամ անհայտ[1] - հունիսի 3, 1105[1], Կարմիր վանք, Քեսուն, Եփրատես, թաղվել է Կարմիր վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1066 թվականից։

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին, Պահլավունի կաթողիկոսների տան հիմնադիր։ Հաջորդել է Խաչիկ Բ Անեցուն։

Եղել է բյուզանդական պաշտոնյա՝ զբաղեցնելով Միջագետքի դուքսի պաշտոնը (1059)։ Որոշ ժամանակ անց հրաժարվել է պաշտոնից և դարձել վանական։ Կաթողիկոս է ձեռնադրվել Ծամնդավում։ Իր կաթողիկոսության տարիներին հաճախ աթոռը հանձնում էր փոխանորդների և մեկնում ճանապարհորդության կամ ճգնակենցաղ կյանք վարում Կիլիկիայի վանքերում։ Եղել է Կ.Պոլսում (1066 և 1072) և Եգիպտոսում (1074 և 1085)։ Օժանդակել է խաչակիրներին 1099 թ. Երուսաղեմի գրավման ժամանակ։ Նրա գրչին պատկանող երկերից հայտնի է 1102-ին Ծռազատկի կապակցությամբ գրված թուղթը։ Հովանավորել է Կիրակոս թարգմանիչին, որը Կ.Պոլսում հունարենից հայերեն է թարգմանել բազմաթիվ վարքագրական և հայրաբանական երկեր (այստեղից էլ՝ կաթողիկոսի «Վկայասեր» մականունը)։ Նորոգել է Հայ եկեղեցու ծեսերն ու սովորությունները, ներմուծել կրոնավորական և վանական կյանքի կարգադրություններ, պաշտպանել Հայ եկեղեցու ավանդները՝ ընդդեմ լատինադավան հոսանքի։ Նրա կաթողիկոսության շրջանում սերտացել են Հայ եկեղեցու փոխհարաμերությունները Ասորի Հակոբիկ, Հույն և Հռոմի եկեղեցիների հետ։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է Կիլիկիայի Քեսուն գավառի Կարմիր վանքում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Բարսեղ Ա Անեցին։

Թղթերից հիշատակելի են «Վասն Զատկի», «Վասն Բաժակի», «Կանոն Ոտնլուայի» շարականները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրբոյ Վարդապետի՝ յոքներանեան մենաւորի Գրիգորի համառօտիւք Բան խրատու վասն ուղիղ հաւատոյ և մաքուր վարուց առաքինութեան ի խնդրոյ նորին հարազատի Վարդանայ դիւանադպրի, տե'ս «Հօրն մերոյ Սրբոյ Գրիգորի Նարեկայ վանուց վանականի մատենագրութիւնք», Վենետիկ, 1840, էջ 483-533։
  • Շարական, տե'ս «Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցւոյս Հայաստանեայց», Երուսաղէմ, 1936։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայէլ վրդ. Չամչեան, Պատմութիւն Հայոց, հատ. Բ, Վենետիկ, 1785։
  • Ղևոնդ վրդ. Ալիշան, Հայապատում, հատ. Ա, Վենետիկ, 1901։
  • Հրաչեայ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հատ. Ա, Երևան, 1942։
  • Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հատ. Բ, Ս. էջմիածին, 2001։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 167

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 213
Նախորդող՝
Խաչիկ Բ Անեցի
Կաթողիկոս
1066-1105
Հաջորդող՝
Բարսեղ Ա Անեցի