Գրիգոր Զ Ապիրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Զ Ապիրատ
Ծնվել է 1112
Մահացել է 1203
Մասնագիտություն քահանա

Գրիգոր Զ Ապիրատ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1194-1203 թթ.)։ Ծնվել է 1112 թ. Տլուք գավառի Ծովք ամրոցում, որդին է Գրիգոր Գ Պահլավունի և Ներսես Շնորհալի Կաթողիկոսների եղբայր Շահան զորավարի։ Մինչ հոգևորական դառնալը եղել է զինվորական և ծառայել հոր՝ Շահան զորավարի ձեռքի տակ։ Հավանաբար 30 տարեկանից հետո է նվիրվել հոգևոր ծառայության։ Եղել է Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի, Կեսարիայի արքեպիսկոպոս։ Հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժ Կաթողիկոսին։

Կաթողիկոսական ընտրությունը և առաջացած խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ե Քարավեժի մահից հետո Գրիգոր Ապիրատը Լևոն Բ-ի անմիջական միջամտությամբ Սսում հավաքված կիլիկյան եպիսկոպոսների կողմից ընտրվում է Կաթողիկոս։ Հայրապետական գահի գլխավոր հավակնորդներից էր նաև Ներսես Լամբրոնացին, սակայն Լևոն Բ-ն, հավանաբար հաշվի առնելով Լամբրոնացու բորբոքուն և ինքնիշխան բնավորությունը, նախապատվությունը տվեց Գրիգոր Ապիրատին։ Կաթողիկոսական ընտրությանը չմասնակցեց Հայաստանի հոգևորականությունը, ինչպես նաև խախտվեց 1114 թ. Շուղրի Կարմիր վանքում կայացած եկեղեցական ժողովի կաթողիկոսական ընտրության մասին որոշումը։

Գրիգոր Զ Ապիրատի կաթողիկոս դառնալուն խիստ ընդդիմանում են Հայաստանի (Արևելյան) հոգևորականները, որոնց գլխավորում էին Անիի Բարսեղ արքեպիսկոպոսը, Սանահինի վանահայր Գրիգոր Տուտեորդին և Հաղպատի վանահայր Դավիթ Քոբայրեցին։ Նրանք, դիմելով Լևոն Բ-ին, պահանջեցին չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը և արքունիքից ու հայրապետանոցից հեռացնել Տարսոնի առաջնորդ Ներսես Լամբրոնացուն։ Արևելյան հոգևորականները կաթողիկոսի թեկնածու էին առաջարկում Անիի Բարսեղ արքեպիսկոպոսին, որը նույնպես Պահլավունյաց տոհմից էր։ Լևոն Բ-ն, տեսնելով Հայաստանի հոգևորականության բողոքները, սկսեց այս հարցում խուսափողական քաղաքականություն վարել։ Նա չէր ցանկանում Գրիգոր Զ Ապիրատին զրկել կաթողիկոսական գահից՝ լավ իմանալով, որ Բարսեղ Անեցու կաթողիկոսանալով կկորցնի իր ազդեցությունը Հայոց Եկեղեցու վրա, որովհետև Բարսեղը հայտնի էր իր հաստատակամ բնավորությամբ։ Ահա այդ պատճառով նա չբավարարեց Արևելյան հոգևորականության՝ կաթողիկոսին փոխելու պահանջը, սակայն, որպես զիջում Ներսես Լամբրոնացուն հեռացրեց հայրապետանոցից և արքունիքից։

Արևելյան հոգևորականության հարցում Լևոն Բ-ի վարած քաղաքականությունն իր սպասված արդյունքները չտվեց։ 1195 թ. Հայաստանի հոգևորականների կողմից Բարսեղ Անեցին հռչակվում է կաթողիկոս։ Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Հայաստանի տարածքում։ Այսպիսով հայրապետական իշխանությունը երկփեղկվեց։ Գրիգոր Զ Ապիրատը և կիլիկյան եպիսկոպոսները չփորձեցին ընդդիմանալ Բարսեղի կաթողիկոսանալուն՝ լավ հասկանալով, որ այդ միայն ավելի կսրի խնդիրը, ու երկփեղկումը կխորանա։ Չնայած, որ Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս էր ընտրվել որոշակի խախտումներով, սակայն, նա համարվում էր օրինական գահակալ, իսկ Բարսեղն ընկալվում էր որպես աթոռակից կաթողիկոս։

Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրությունը ուշադրությամբ հետևում էր հայ-լատինական հարաբերություններին, ինչպես նաև գիտակցում էր, որ Կիլիկյան Հայաստանը դարձել է միջերկրածովյան կարևոր տերություն։ Ահա այս հանգամանքները հաշվի առնելով է, որ բյուզանդական կայսր Ալեքսիոս Գ Անգելոսը 1196 թ. թագ է ուղարկում Լևոն Բ-ին և փորձում վերակենդանացնել Մանուել կայսեր մահով կանգ առած հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները։ Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները վարելու համար Կ. Պոլիս է մեկնում Ներսես Լամբրոնացին։ Սակայն բանակցությունները ձախողվում են, և Լամբրոնացին հուսախաբված վերադառնում է Կիլիկիա։

Հայ-լատինական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Բ-ն, հասկանալով, որ Բյուզանդական կայսրություը բավականին թուլացել է, շարունակեց ավելի սերտացնել հայ-լատինական հարաբերությունները՝ ցանկանալով թագ ստանալ Արևմուտքից։ Լևոնը ցանկանում էր թագադրվել Արևմուտքի կողմից, որպեսզի վայելեր արևմտյան պետությունների հովանավորությունը, իսկ ըստ ժամանակի իշխող օրենքների, արևմտյան բոլոր քաղաքական տվչությունները նվիրագործվում էին պապի հաստատումով և օրհնությամբ։ Վերջապես Կիլիկիա է հասնում պապի նվիրակ Կոնրադոս կարդինալը՝ Լևոնին թագադրելու համար։ Սակայն պապը չէր կարող թագադրել և օրհնել մեկին, որ իր հետ դավանապես միացած չէր։ Այդ իսկ պատճառով կարդինալը առաջ է քաշում Հայ և Լատին Եկեղեցիների միության խնդիրը՝ առաջարկելով հայերին ընդունել հետևյալ կետերը, որոնք մեզ հաղորդում է Կիրակոս Գանձակեցին.

  • ա. Տերունի և սրբոց տոները կատարել հաստատուն ամսաթվերով, մինչ հայոց մեջ որդեգրված էր շաբաթվա օրերի վրա հիմնված յոթնական համակարգը։
  • բ. Ժամերգությունները կատարել եկեղեցում։ Հայերը սովորաբար ժամերգությունները կատարում էին գավթում՝ եկեղեցում կատարելով միայն Սբ. Պատարագը։
  • գ. Սբ. Ծննդյան և Սբ. Հարության ճրագալույցներին օգտագործել միայն ձուկ և ձեթ և ոչ թե կաթնեղեն ու հավկիթ։

Ավելի ուշ շրջանի պատմիչ Ներսես Պալյանենցի մոտ հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու հիշատակած կետերին ևս երկու հավելում.

  • ա. Հայ երեխաներին լատիներեն սովորեցնել։
  • բ. Հայոց Կաթողիկոսը պետք է որոշակի ժամանակամիջոցներին պարբերաբար պատվիրակներ ուղարկի Հռոմի պապի մոտ, որը նշան էր նրան հնազանդ լինելուն։

Սակայն դիտարկելով վերոնշյալ կետերը՝ տեսնում ենք, որ դրանք լոկ արտաքին-ծիսական նշանակություն ունեն։ Հավանաբար եղել են այլ կետեր, որոնք շոշափել են դավանաբանական հարցեր, բայց չեն պահպանվել։ Հռոմի պատվիրակ Կոնրադ արքեպիսկոպոսի առաջադրած պայմաններին պատասխանելու համար Լևոն Բ-ի առաջարկով Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը Տարսոնում հրավիրում է եկեղեցական ժողով։ Այս ժողովի մասին մատենագրական շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն հայտնի է, որ ժողովականները չընդունեցին Հռոմի պապի պահանջները։ Սակայն ժողովից հետո Լևոն Բ-ն և նրան աջակից 12 եպիսկոպոսներ (Հովհաննես Սսեցի, Ներսես Լամբրոնացի, Անանիա Կեսարացի և այլն) պապի պատվիրակին հավաստիացրին, որ ընդունում են նրա առաջարկները և ամբողջ Հայ Եկեղեցում դրանք ընդունելը լոկ ժամանակի հարց է և այսպիսով հաջողեցրին ձեռք բերել Հռոմի պատվիրակի բարեհաճությունը։

Այսպիսով 1198 թ. հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան տոնի օրը, Տարսոնի Սբ. Սոֆիա տաճարում Լևոն Բ-ն թագադրվում է։ 1203 թ. Սսում վախճանվում է Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը։ Նրա վախճանով վերջ է դրվում Պահլավունի կաթողիկոսների շարքին։


Նախորդող՝
Գրիգոր Ե Քարավեժ
Կաթողիկոս
1194–1203
Հաջորդող՝
Հովհաննես Զ Սսեցի

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեթում պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վենետիկ, 1842։
  • Միքայել Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871։
  • Սամուել Անեցի, Հաւաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893։
  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956։
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961։
  • Վարդան Արևելցի, Տիեզերական պատմութիւն, Երևան, 2001։
  • Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա., Ս. Էջմիածին, 2001։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]