Մխիթար Ա Գռներցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մխիթար Ա Գռներցի (Տեր Մխիկ) (1341-1355), Ամենայն Հայոց կաթողիկոս 1341-ից։ Հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցուն։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1355-ին Սիս քաղաքում, ամփոփվել է Սիս քաղաքի հայրապետական հանգստարանում։

1335-ին մամլուքների հետ հաշտություն կնքելու նպատակով Կիլիկիայի Լևոն V թագավորը Բարձրաբերդ թեմի Գռներ ուխտի առաջնորդ Մխիթար արքեպիսկոպոսին ուղարկում է Եգիպտոսի սուլթան Ալ Նասիրի մոտ, որտեղից Մխիթարը վերադառնում է հանձնարարությունը հաջողությամբ իրագործած։ 1341-ին Լևոն V թագավորի (1320-1342) հրամանով Հակոբ Բ Անավարզեցի կաթողիկոսը գահընկեց է արվել, և Հայոց կաթողիկոս է ընտրվել Մխիթար արքեպիսկոպոսը։

Մխիթար Ա Գռներցու գահակալության տարիները աչքի էին ընկնում երկրի ոչ կայուն վիճակով։ Այդ ժամանակ պապական արքունիքում գտնվող կաթոլիկ հայ գործիչները, որոնք աշխատում էին Հայոց եկեղեցին միավորել հռոմեական եկեղեցու հետ, Բենեդիկտոս ԺԲ պապին (1334-1342) ներկայացրել են Հայոց եկեղեցուն վերագրվող «117 մոլորություններ» պարունակող մի գրքույկ, որն իր մեջ պարունակում էր բազմաթիվ և ամենատարբեր բնույթի հարցեր, մասնավորապես կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած ծիսադավանաբանական տարբերությունները և Հայոց եկեղեցու առանձին գործիչներին վերագրվող անհիմն մեղադրանքներ։ 1342-ին Սիս քաղաքում Մխիթար Ա Գռներցին հավիրում է եկեղեցական ժողով, որին մասնակցում են կաթողիկոսը, 29 եպիսկոպոս, 15 վարդապետ, 7 ավագերեց։ Ժողովի ժամանակ կետ առ կետ քննարկվում է Հայոց եկեղեցուն ներկայացված «117 մոլորությունները» և կազմվում դրանց պատասխանները պարունակող տեքստը։ Վերջինս քննարկվում է պապական արքունիքում և պարզվում, որ 53 կետի շուրջ տարակարծություններ կան, ուստի Կղեմես Զ պապը (1342-1352) 1346-ին Կիլիկիա է ուղարկում նոր պատվիրակություն, որի նպատակն էր հանդիպել Մխիթար Ա Գռներցու հետ և պարզաբանումներ ստանալ։ Չցանկանալով խաթարել պապականության և Կիլիկյան Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները՝ Հայոց կաթողիկոսը ընդունում է պատվիրակությանը, որը Կիլիկիայում է մնում ութ ամիս։

Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր դրությունը, Հայրապետը Հռոմի հետ միաբանության խոստումներ է տալիս, ի պատասխան որի էլ պապը խոստանում է Կիլիկիա ուղարկել 1000 հեծյալ և յուրաքանչյուր տարի տրամադրել 12.000 ոսկի։ Հայոց կաթողիկոսը քաջ գիտակցում էր, որ պապի կազմակերպած օժանդակությամբ անհնար էր չեզոքացնել Կիլիկյան Հայաստանին սպառնացող վտանդգը, ուստի իրական ոչինչ չի ձեռնարկում Հայոց եկեղեցին հռոմեական եկեղեցուն միավորելու համար։ Պատահական չէ, որ պապական արքունիքում հրապարակ է հանվում Հայոց եկեղեցուն վերագրվող «մոլորությունների» այժմ արդեն 13 կետից բաղկացած ցանկ։ Կղեմես Զ պապը 1351-ի սեպտեմբերի 29-ին նամակ է ուղարկում Մխիթար Ա Գռներցուն՝ այդ կետերի շուրջ բացատրություն տալու պահանջով։ Վերջինս պատասխան նամակում հայտնում է, որ Հայոց եկեղեցին ընդհանուր առմամբ տարակարծություններ չունի կաթոլիկ եկեղեցու հետ։ Այդ ժամանակ Կղեմես Զ պապը հանձնարարում է Կիլիկյան Հայաստանում գտնվող կաթոլիկ հոգևորականներին ուսումնասիրել հայոց դավանանքը, սակայն վերջիններս հրաժարվում են՝ վստահելի թարագմանիչ չունենալու պատճառաբանությամբ։ Պապական արքունիքը որպես թարգման Կիլիկիա է ուղարկում միարարական շարժման հայտնի գործիչ Ներսես Պալիանենցուն։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Մխիթար Ա Գռներցին 1354-ին Իննոկենտիոս Զ պապի (1352-1362) մոտ նոր դեսպանություն է ուղարկում, որը գլխավորում էր նախկին կաթողիկոս Հակոբ Բ Անավարզեցին։ Պապականության կողմից անընդհատ ներկայացվող պահանջները և դրանց հաջորդած օգնության ուշացումը հասցրին նրան, որ Հայոց կաթողիկոսը հրաժարվեց այդ հարաբերություններից։

Կաթողիկոսական գահին Ստեփանոս Ե Սալմաստեցուն հաջորդել է կրկին Հակոբ Բ Անավարզեցին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001