Հովհաննես Գ Օձնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Գ Օձնեցի
Hovhannes Odznetsi.jpg
Ծնվել է 688
Ծննդավայր Օձուն, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել է 728
Մահվան վայր Օձուն, Լոռու մարզ, Հայաստան
Մասնագիտություն գրող և աստվածաբան
Զբաղեցրած պաշտոններ կաթողիկոս

Հովհաննես Օձնեցի (հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն (Գուգարք նահանգի Տաշիրք գավառ) – 728, գյուղ Արդվի, թաղված է եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728 թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին։ Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է Եղիա Ա Արճիշեցին, հաջորդել՝ Դավիթ Ա Արամոնեցին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի թեմերից մեկի առաջնորդ։ Կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 719 թվականին մեկնում է Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Դամասկոս, Օմար ամիրապետց խնդրում է թեթևացնել Հայ եկեղեցու հարկային լուծը, բռնի կրոնափոխ չանել հայրին և առաքելադավաններին, դադարեցնել հալածանքները։ Ամիրապետը ընդառաջում է Հովհաննես Օձնեցու խնդրանքներին, իսկ կաթողիկոսն իր հերթին երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը։ Կաթողիկոսին նաև հաջողվում է հասնել արաբական տիրապետության դեմ VIII դ. սկզբում ապստամբած հայ նախարարների համաներմանը։ Արտագաղթած հայ նախարարներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերատիրանալ իրենց վիճակներին։ Հովհաննես Օձնեցին կարողանում է ապահովել նաև արաբական իշխանությունների աջակցությունը քաղկեդոնականության, պավլիկյանների դեմ Հայ եկեղեցու պայքարում։

Կաթողիկոսը Հայաստան է վերադառնում արաբական զորքի ուղեկցությամբ, նրանց աջակցությամբ ամենուրեք վերականգնում Հայ առաքելական եկեղեցու դիրքերը, մաքրում երկիրը հույն հոգևորականներից և բյուզանդական զորամիավորումներից։ Հովհաննես Օձնեցին բարեփոխել է Հայ եկեղեցու արարողակարգը, ծիսակարգը, պայքարել է հերձվածների ու աղանդների (հատկապես՝ երևութականության և պավլիկյանների) դեմ։ Կաթողիկոսության օրոք հրավիրվել են երկու եկեղեցական ժողովներ՝ 720 թվականին Դվինում, որն ընդունում է 32 կանոն, և 726 թ. Մանազկերտում։ Երկրորդ ժողովի ընթացքում ամրագրվում է Հայ եկեղեցու դիրքորոշումը Քրիստոսի մարմնի անապականության խնդրի վերաբերյալ, ամբողջացվում և վերջնական տեսքի բերվում Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքները, քրիստոսաբանական համակարգը։

Հովհաննես Օձնեցու ձեռնարկներից է «Կանոնագիրք Հայոց»-ի կազմումը։ Նրան է նաև վերագրվում «Գիրք թղթոց» ժողովածուի խմբագրումը։ Կաթողիկոսի պատվերով է Գրիգորիս Արշարունին գրել իր «Ընթերցուածոց մեկնութիւն»-ը, զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, նորոգել Օձունի եկեղեցին։ Հաղորդվում է նրա սրբակյաց վարքի և բազում առաքինությունների մասին։

Կյանքի վերջին տարիներին որպես նստավայր է ընտրել իր հայրենի Օձուն գյուղը, զբաղվել ուսուցչական գործունեությամբ, աղոթել, վարել ճգնակյացի կյանք, ինչի մասին հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ։ Պատմվում է անգամ նրա հրաշագործությունների մասին։ Մահից հետո նրա գերեզմանը դառնում սրբատեղի և ուխտագնացության վայր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Գ Օձնեցուց մեզ են հասել աստվածաբան-դավանական, ծիսապաշտամունքային բնույթի երկեր, ճառեր, շարականներ[1]։ Ամենահայտնի գործերն են «Ատենաբանութիւն»-ը, «Ճառ ընդդէմ պաւղիկեանց»-ը և «Ճառ ընդ-դէմ երեւութականաց»-ը։ «Ատենաբանության» նպատակը մինչ այդ Հայ եկեղեցու ժամերգության մեջ առկա խառնաշփոթը վերացնելն ու այն միօրինակության բերելն էր։

«Ընդդէմ պաւղիկեանց» ճառը գրվել է Հայաստանում այդ շրջանում տարածում ստացած պավլիկյան աղանդի դեմ, իսկ «Ճառ ընդդէմ երեւութականաց»-ը (1807, լատ. 1816)՝ երևութականների աղանդի դեմ։

Հովհաննես Գ Օձնեցին հեղինակել է «Յաղագս կարգաց եկեղեցւոյ», «Հատուածք բանից ի Հաւաքմանց յաղագսկարգաց եկեղեցւոյ», «Վասն մեծի աւուր միաշաբթին», «Սակս գիշերային ժամու» և այլ երկեր, ճառեր, թղթեր («Հիմնարկեք եկեղեցւոյ», «Օրհնութիւն նորաշեն եկեղեցւոյ», «Սակս ժողովոցն որ եղևն ի Հայս», «Խոստովանութիւն անշարժ յուսոյ...» և այլն)։

Իր գրվածնքերում դրսևորում է աստվածաբանական փայլուն գիտելիքներ, խոր վերլուծություններ կատարելու կարողություն։

Մեզ հասած Հովհաննես Գ Օձնեցու հեղինակած շարականներին (Դավիթ մարգարեի և Հակոբ առաքյալի կանոնը (ունի 5 շարական. Օրհնություն՝ «Յաղթող գտաւ», Հարց՝ «Մեղաք յամենայնի», Ողորմեա՝ «Անսկիզբն Աստուած», Տեր երկնից՝ «Երդուաւ Տէր», Մանկունք՝ «Օրհնեցէք զՏէր»), Ստեփանոս Նախավկայի կանոնը (7 շարական, որոնցից 2-ը՝ Օրհնություն, մնացածը՝ Հարց, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու), Պետրոս և Պողոս առաքյալների կանոնը (6 շարական. Օրհնություն՝ «Ցնծայ այսօր եկեղեցի», Հարց՝ «Որ խոստացար տալ», Ողորմեա՝ «Ամոլք հաւատոյ», Տեր երկնից՝ «Երանելի սուրբ առաքեալքն», ստեղի Մանկունք՝ «Որ արփիահրաշ», ստեղի Համբարձի՝ «Որ անպարագիրն է»), Որոտման որդիների կանոնը (5 շարական. Օրհնություն՝ «Որ էն էութեան», Հարց՝ «Որ զամենայնըն յոչընչէ արարեր», Ողորմեա՝ «Որդիքն Որոտման», Տեր երկնից՝ «Հոգի իմ կանխէ առ քեզ, Աստուած», ստեղի Մանկունք՝ «Որ յանստուեր ի լուսոյն») հատուկ է աստվածաբանական և դավանաբանական խորություն, դրանք գրված են գեղեցիկ լեզվով։

Հայ եկեղեցին Հովհաննես Գ Օձնեցու հիշատակը տոնում է Մեծ պահքի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։

Օձնեցու իրավագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Օձնեցին հայտնի է նաև որպես իրավագետ։ Նա կարողացավ հավաքել գոյություն ունեցող առանձին-առանձին բազմաթիվ եկեղեցական կանոններ՝ կազմելով «Կանոնագիրք հայոց» անվամբ աշխատությունը[2], որն ըստ ժամանակակից հայ ուսումնասիրողներից մեկի կարծիքի «հայ ժողովրդի միասնականության, պետության հզորացման, Հայ առաքելական եկեղեցուն անդավաճան մնալու անգնահատելի աշխատություն է»։[3] Այդ գործը համընդհանուր ճանաչում է գտել որպես ժամանակի իրավագիտական խոշոր աշխատություն և մինչ օրս գործածվում է Հայոց եկեղեցու կողմից (որոշ լրացումներով հանդերձ)։[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յովհան Իմաստասէր Օձնեցի, Մատենագրութիւնք:
  2. Aram Mardirossian, Le Livre des Canons Arméniens (Kanonagirk' Hayoc') de Yovhannes Awjnec'i. Église, droit et societé en Arménie du IVe au VIIIe siècle. Louvani, Peeters Publishers, 2005 (Corpus Scriptorum Christianorum Orientalium, 606). ISBN 9042913819
  3. 3,0 3,1 «Հայ իրավաբաններ», Սերգեյ Ավագյան


Նախորդող՝
Եղիա Ա Արճիշեցի
Կաթողիկոս
717–728
Հաջորդող՝
Դավիթ Ա Արամոնեցի