Սարգիս Ա Սևանցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սարգիս Ա Սևանցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1022 |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Սարգիս Ա Սևանցի (անհայտ - 1022, ամփոփվել է Հոռոմոսի վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019 թվականներին։ Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն։ Ուսանել է Սևանավանքում։ Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայրն էր։ Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ։ 992 թվականին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի։ 1006 թվականին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և Կատրանիդե թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները։
Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)՝ քաջալերելով ժողովրդին։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ։ Հայտնի է իր շինարարական գործունեությամբ, 1010 թվականին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է Սբ. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։ Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող Տեր երկնիցը, որը գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը։
Սարգիս Ա Սևանցին 1019 թվականին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Հայոց պատմությունը Սարգիս Սևանցի կաթողիկոսի օրոք Archived 2010-11-26 at the Wayback Machine.
Նախորդող՝ Խաչիկ Ա Արշարունի |
Կաթողիկոս 992–1019 |
Հաջորդող՝ Պետրոս Ա Գետադարձ |