Աստվածատուր Ա Համադանցի
Աստվածատուր Ա Համադանցի | |
---|---|
Ծնվել է | 17-րդ դար |
Ծննդավայր | Համադան, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1725 |
Գերեզման | Սուրբ Հռիփսիմե եկեղեցի[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Աստվածատուր Ա Համադանցի (ծ. թ. անհայտ – 10.10.1725), Ամենայն հայոց կաթողիկոս 1715 թվականից։ Հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթողիկոսության շրջանը համընկել է Արևելյան Հայաստանում թուրք-պարսկական հակամարտության ծավալման հերթական սրման հետ։ Աստվածատուր Ա Համադանցին աջակցում էր Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը։
Ռուսաստանի հետ կապեր ունենալու ամբաստանությամբ պարսիկները հալածել են նրան։ Աստվածատուր Ա Համադանցու խնդրանքով Պարսից Թահմազ շահը 1724-ին հատուկ հրովարտակով Պարսկաստանում վերացրել է իսլամ ընդունած հայերի բացառիկ իրավունքը հայրենական ժառանգության նկատմամբ (ըստ այդ իրավունքի, քրիստոնյա ընտանիքի մի անդամը կարող էր դառնալ այդ ընտանիքի միակ ժառանգորդը, եթե իսլամ ընդուներ)։ Նույն թվականին վերացնել է տվել նաև գլխահարկի հավելումները։ Այդ առիթով նա երկիր վերադառնալու կոչ է ուղղել խտրականության հետևանքով այլ երկրներում հաստատված արևելահայ վաճառականներին։ Հատուկ կոնդակով Շամախու, Շիրվանի և Շաքիի թեմերը հռչակել է տերունի և հանել Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից։ Սակայն Եսայի Հասան-Ջալալյանի՝ Էջմիածին այցելելուց հետո կրկին դրանք հանձնել է Գանձասարի աթոռի իրավասությանը։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր տաճարում, Էջմիածնի կալվածների մի մասն ապահովել վավերացված կալվածագրերով։
Աստվածատուր Ա Համադանցուց մեզ են հասել մի շարք երկեր՝ հիմնականում մատենագրական վկայությունների քաղվածներ և կոնդակներ։ Նրա պատվերով Ավետիք Տիգրանակերտցին կազմել է մի Գավազանագիրք։ Վախճանվել է լուսնի խավարումը դիտելու ժամանակ տանիքից ընկնելով։ Ամփոփվել է Էջմիածնի Հռիփսիմեի տաճարի գավթում։
Կաթողիկոսական գահին Աստվածատուր Ա Համադանցուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Անասյան, Աստուածատուր Համադանեցի,- Հակոբ Անասյան, Հայկական մատենագիտություն, հատոր Բ, Երևան, 1976, էջ 676-685։
- Աստվածատուր Համադանցու 1721 թ. նոյեմբերի 10-ի կոնդակի հրապարակումը տե՛ս Կարապետյան Մ. Մ., «Իմամ Ջաֆարի» օրենքը և արևելահայերը (XVII—XVIII դարեր).- «Պատմա-բանասիրական հանդես», 1988, № 1, էջ 219-221։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Աղեքսանդր Ա Ջուղայեցի |
Կաթողիկոս 1715–1725 |
Հաջորդող՝ Կարապետ Բ Ուլնեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 592)։ |