Jump to content

Եղիշե Ա Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Ա Ռշտունի
Մահացել է946
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Եղիշե Ա Ռշտունի (ծննդյան թվականը՝ անհայտ - 946, Աղթամար), Ամենայն հայոց կաթողիկոս 941 թվականից առ 946 թվականը, Թեոդորոս Ա կաթողիկոսի եղբայրն ու հաջորդողը, գահակալել է Աղթամարում՝ Վասպուրականի թագավոր Աշոտ Դերենիկի նախաձեռնությամբ։

Նախքան կաթողիկոս դառնալը եղել է Ռշտունիքի եպիսկոպոսը։ Անունն աղբյուրներում հանդիպում է Եղիսե գրությամբ, սակայն Մաղաքիա Օրմանյանը գերադասում է Եղիշե գրությունը։ Պատմիչները կաթողիկոսին վերագրում են 5 կամ 7 տարվա աթոռակալություն։ Մաղաքիա Օրմանյանը իրավացիորեն հիմք ունենալով Ե և Է տառերի շփոթը հայ մատենագրության մեջ, կարծում է, որ Եղիշեն պաշտոնավարել է 5 տարի, ուստի նրա աթոռակալությունը տևել է մինչև 946 թվականը։ Եղիշեի օրոք Հայաստանը գտնվում էր խաղաղության մեջ, իսկ Աբաս և Աշոտ Դերենիկ թագավորներն իշխում էին առանց մրցակցելու։

Գնալով թուլանում էր Արաբական խալիֆայությունը, իսկ Ռոմանոս Լեկապենոս կայսրը 945 թվականին իր որդի Կոստանդին Ը-ի կողմից գահընկեց արվեց և ուղարկվեց Պրոտի կղզու վանքը։ Սակայն մյուս տարի նա սպանվեց, և նորից սկսեց գահակալել Կոստանդին Ծիրանածինը։ Մինչև 945 թվականը իշխած Ռոմանոս Լեկապենոսը, գայթակղված իր ռազմական հաջողություններով, փորձեց կայսրության սահմաններում ապրող հայերին քաղկեդոնացնել։ Հատկապես խստություններ կիրառվեցին հոգևորականների նկատմամբ։ Շատ հայեր գաղթեցին Հայոց թագավորությունների սահմանները՝ եկեղեցիներ հիմնելով կամ եղածները շենացնելով Շիրակում, Սյունիքում, և այլուր։

Ենթադրվում է, որ Եղիշե կաթողիկոսը մահացել է Վասպուրականում, սակայն նրա մահվան հանգամանքների, ինչպես նաև գերեզմանի տեղի վերաբերյալ աղբյուրները ոչինչ չեն հայտնում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 507
Նախորդող՝
Թեոդորոս Ա Ռշտունի
Կաթողիկոս
941-946
Հաջորդող՝
Անանիա Ա Մոկացի