Վահան Ա Սյունեցի
Վահան Ա Սյունեցի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 972 |
Վահան Ա Սյունեցի (ծ.թ. անհայտ – 972, գ. Ձորովանք (Վասպուրական նահանգի Տոսպ գավառ)), Ամենայն հայոց կաթողիկոս 968–969 թվականին։ Սյունիքի Բաղք գավառի գահակալ իշխան Ջևանշերի որդին։ Կաթողիկոսական գահին հաջորդել է Անանիա Ա Մոկացուն, նախորդել՝ Խաչիկ Ա Արշարունուն։ Կրթվել է Վահանավանքի դպրոցում, ապա, ընդունելով հոգևոր կոչում՝ օծվել է եպիսկոպոս, դարձել վանահայր (Վահանավանքում), 958 թվականից առ 964 թ. գլխավորել է Սյունյաց աթոռը՝ ընդարձակելով նրա կալվածներն ու տնտեսությունը։
Սյունիքում շինարարական լայն գործունեություն է ծավալել՝ հիմնովին վերակառուցելով Վահանավանքի գլխավոր՝ Սբ. Գրիգոր եկեղեցին, կառուցելով գավիթն ու սյունասրահը, սեղանատունը։ Նա նաև ընդլայնել է Տաթևի ու մյուս վանքերի կալվածային տնտեսությունները՝ հատկապես իշխանական նվիրատվությունների միջոցով։
Անանիա Մոկացի կաթողիկոսի (949-968) մահից հետո հայրապետական գահի վրա հաջորդեց Վահան Ա Սյունին (968-969)։ Անանիան մահացավ Աշոտ III Ողորմածի (953-977 թթ.) կառավարման լավագույն տարիներին։ Աշոտ արքայի հրամանով կազմվեց եպիսկոպոսական ժողով, որին ներկա էին տարբեր վայրերից ժամանած եպիսկոպոսներ։ Ժողովը վարում էր Աղվանից Հովհաննես կաթողիկոսը։ Եպիսկոպոսական ժողովին ներկա էր նաև Վահան Սյունին՝ Բաղաց Ջվանշիր իշխանի որդին։ Վահանը մինչ կաթողիկոս ընտրվելը Անանիա Մոկացու կողմից օծվել է, սյունյաց եպիսկոպոս «Ձեռնադրեալ Տեառն Անանիայի զՎահան ի վանսն Յովհաննես եպիսկոպոս Սիւնեաց, էր և ի հրամանս նորա մեծ եպիսկոպոսարան Տաթև»։ Ըստ Մատթեոս Ուռհայեցու, Վահան Սյունու ընտրության հարցում կարևոր դեր է ունեցել Անանիա Մոկացի կաթողիկոսը։ Կարծիք կա, որ Մոկացին է հորդորել իրեն հաջորդ ընտրել Վահան Սյունուն, սակայն, մեղմ ասած, սա իրականությանը չի համապատասխանում։ Օրմանյանը նշում է, որ Սյունյաց պատմիչը (Ստեփանոս Օրբելյան) այս տեղեկությունը երբեք բաց չէր թողնի։ Այսպես, կաթողիկոսական ընտրություններից հետո լուրեր են տարածվում հայ հոգևորականության մեջ, թե Վահանը ընդունել է քաղկեդոնականություն և սկսել է սերտ համագործակցել Հույների և Վրացիների հետ։ Հայ հոգևորականների պնդումով Աշոտ III թագավորը 969 թ. Անիում հրավիրվեց ժողով, որին մասնակցում էր եկեղեցու ողջ «էլիտան»՝ Սևանի վանահայր Ստեփանոսը, Արշարունյաց եպիսկոպոս Խաչիկը, Կամրջաձորի վանահայր Պողիկարպոսը, Հոռոմոսի վանահայր Սարգիսը և այլք։ Ժողովի մասնակիցները, պատճառ դարձնելով պատկերների գործածությունը, ավելի մեծ մասշտաբներով, քան ընդունված էր հայ եկեկղեցում գահընկեց հռչակեցին Վահան Սյունուն։ Վերջինս նախապես զգալով ժողովի արդյունքում փախչում է և սրա մեջ նաև մեծ նշանակություն ունեցավ վերջինիս ապաստոնումը Վասպուրականում։ Վահանը Վասպուրական ապաստան գտավ Վասպուրականի թագավոր Աբուսահլ Արծրունու (ըստ Օրբելյանի Համազասպ) մոտ։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ խնդրի կրոնական անհաշտության տակ թաքնված է նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ Արծրունիները այլևս չունեին նախկին հզորությունը, իսկ Բագրատունիները, հատկապես Աշոտ Ողորմածի կառավարման տարիներին, մեծ վերելք էին արձանագրել։ Օրբելյանը նույնպես մեղադրում է Վահան Սյունեցուն։ Վերջինս Վահանին մեղադրում է նաև, այսպես կոչված, կոների տարածման մեջ «Ապա ամենայն ժողովոյն ընտրեալ զՎահան վասն առաւել սրբութեանն և իմաստութեանն՝ դնեն ձեռն ի վերայ բազմութիւն եպիսկոպոսացն և օծանեն զնա կաթողիկոս հայոց որ և կեցեալ մա մի սկսաւ պատկերս բերել ի Վրաց և դնէր ի վերայ սեղանոյն և հրամայէր յամենայն եկեղեցիս զնոյն առնել, ըստ Հոռոմոց սահմանին կաւնիւք զարդարեալ և առանց կաւնի ոչ առնել պատարագ։ Վասն որոյ կարծիս իմն առեալ ամենեցունց եթէ դաշնադիր է Յոյնս և կամի սպրդել յեկեղցի զաղանդոցին»։ Վահանին գահընկեց անելուց հետո Անիում ևս մի ժողով գումարվեց, որի ընթացքում Աշոտ արքայի հրամանով ընտրվեց նոր կաթողիկոս՝ կաթողիկոս դարձավ Ստեփանոս Ա Սևանցին (969-971)։ Ժողովը Վահանին հռչակեց հակաթոռ։ Օրմանյանը նշում է, որ Վահանի գահընկեցության մեջ մեծ դեր է ունեցել Արշարունյաց եպիսկոպոս Խաչիկը։ Վահանն իր հերթին նզովեց Անիի ժողովի մասնակիցներին, այդ թվում նորընտիր կաթողիկոս Ստեփանոս Սևանցուն և Աշոտ արքային։ Հետաքրքրական է, որ Վահանը Վասպուրականում հաստատվեց, ոչ թե Աղթամարում, այլ Ձորովանքում։ Ձորովանքում տեղակայվելը պայմանավորված էր նրանով, որ այստեղ էին գործել արժանավոր կաթողիկոսներ։ Նաև խնդրից քաղաքական պատճառները թաքցնելու համար, սակայն դա անհնար էր թաքցնել։ Ստեփանոս Սևանցին 971-ին կրկին ժողով է գումարում Անիում վճռելու համար Վահան Սյունու հարցը։ Սյունյաց Բաբկեն և Սահակ եպիսկոպոսների հետ մեկնում է Վասպուրական՝ հարցին վերջնական լուծում տալու ականկալիքով։ Վահան Սյունին և Աբուսահլ Արծրունին ձերբակալում են Ստեփանոս կաթողիկոսին ու նրա ուղեկիցներին՝ բանտարկելով Կոտորոց բերդում։ Այնուհետև ազատ են արձակում Բաբկեն և Սահակ եպիսկոպոսներին, որպեսզի նրանք գան Անի և ամեն ինչ պատմեն Աշոտ արքային։ Սակայն այստեղ չի կարելի մեղադրել Աշոտ արքային, քանի որ երկիրը նոր էր դուրս եկել ճգնաժամային իրավիճակից և պետք չէր բախում հրահրել Արծրունիների հետ։ Հայ եկեղեցում խաղաղություն հաստատվեց Խաչիկ Արշարունու հայրապետության շրջանում։ Ստեփանոս կաթողիկոսը գերության մեջ մնաց մեկ տարի և մահացավ 971-ին։ Մեկ տարի անց մահանում է նաև Վահան Սյունին։ Հայոց կաթողիկոս ընտրվեց Խաչիկ Արշարունին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991։
- Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 2, Վնտ., 1785:
- Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (13-16-րդ դարեր), Երևան, 1981։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝ Անանիա Ա Մոկացի |
Կաթողիկոս 968-969 |
Հաջորդող՝ Ստեփանոս Գ Սևանցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |