Jump to content

Խաչիկ Բ Անեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Բ Անեցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԱնի[1]
Մահացել է1065[1]
Մահվան վայրԹավբլուրի վանք[1]
ԳերեզմանԹավբլուրի վանք[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Խաչիկ Բ Անեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս (1047/58 Անի -1065 թթ., Թավբլուր (Երկրորդ Հայքում)), Հայոց կաթողիկոս՝ 1058 թվականից։

Պետրոս Ա Գետադարձի հաջորդը և քրոջ որդին։

Մինչ կաթողիկոսանալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Անիի դպրոցում։ Նա վաղ հասակից սկսած ավագ եղբոր՝ Անանիայի հետ ստացել է հոգևոր կրթություն։ Եղբայրների կրթության և դաստիարակության գործն ստանձնել և հոգացել է նրանց մորեղբայրը՝ Պետրոս Ա Գետադարձ Կաթողիկոսը, որը ժամանակի կրթյալ անձնավորություններից մեկն էր։ 1040-ական թթ. առաջին կեսին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել կաթողիկոսի օգնական։ Բագրատունյաց թագավորությունը վերացնելուց (1045 թ.) հետո Բյուզանդական կայսրությունը փորձել է բոլորովին իրեն ենթարկել նաև Հայոց կաթողիկոսությունը, որով կհեշտանար հայ ժողովրդին դավանափոխելու և հույների մեջ ձուլելու իր վաղեմի քաղաքականության իրագործումը։ Այդ նպատակով 1047 թվականի սկզբին Պետրոս Ա Գետադարձին և Խաչիկ Բ Անեցուն ձերբակալվել են, սակայն բռնությամբ հաջողություն չունենալով՝ բյուզանդական իշխողներն ապրիլի սկզբին արձակել են նրանց։ Համոզվելով, որ բռնությունները կշարունակվեն նաև հետագայում՝ Պետրոս Գետադարձը ապրիլի վերջին, Անիում Խաչիկ Բ Անեցուն կաթողիկոսական աստիճանով հայրապետական ձեռնադրություն է տվել և նշանակել տեղապահ, իսկ 1049 թվականին, Կոստանդնուպոլիս մեկնելուց առաջ, կաթողիկոսական օծմամբ թողել փոխանորդ։ Պետրոս Ա Գետադարձը եթե քաղաքական հարցերում բյուզանդական կողմնորոշում ուներ, եկեղեցական հարցերում, սակայն, ավանդապահ էր և հավատարիմ իր հայրենավանդ սրբություններին։ Վերադարձից հետո Պետրոս Գետադարձին արգելվել է Անի անցնել։ Ստիպված նա հաստատվել է (1051 թվականին, այլ կարծիքներով՝ 1052 կամ՝ 1054 թվականին) Սեբաստիայում։ Անիից այնտեղ է մեկնել նաև Խաչիկ Բ Անեցին և, որպես կաթողիկոսի աթոռակից, այնուհետև վարել հայրապետական գործերը։

Բայց շուտով, կայսր Կոստանդին Դուկասի հրամանով, Խ. Բ Ա. կալանվել է և մի քանի եպիսկոպոսների հետ 1059-ի սկզբին տարվել Կ. Պոլիս։ Այնտեղ Խ. Բ Ա-ուն ենթարկել են բռնությունների. փորձել են դավանափոխ անել, Հայոց կաթողիկոսությունը հունաց պատրիարքին ենթարկել, անգամ հարկատու դարձնել Հայոց եկեղեցին։ Խաչիկ Բ Անեցին միացել է անդրդվելի և մատնվել աքսորի։ 1062-ին ազատվել է և հաստատվել Երկրորդ Հայքի Տարնտա գավառի Թավբլուրի վանքում։

Խաչիկ Անեցին կաթողիկոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահից առաջ Պետրոս Գետադարձը Սեբաստիայի Ս. Նշան վանքում Խաչիկ Բ Անեցուն օծել է կաթողիկոս։ Պետրոս Կաթողիկոսի վախճանից հետո՝ 1058 թ., Խաչիկ Բ Անեցին հայտարարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ 1059 թ. Բյուզանդիայի գահին է բարձրանում Կոստանդի ԺԱ Տուկիծ կայսրը (Ղուկաս, 1059-1067 թթ.)։ Նրա գահակալմամբ ավելի են սաստկանում Հայոց Եկեղեցու նկատմամբ հալածանքները։ Կայսրը, ցանկանալով ամեն կերպ թուլացնել Հայոց Հայրապետությունը, հրամայում է Սեբաստիայից Կ. Պոլիս բերել Խաչիկ Բ Անեցի Կաթողիկոսին և Պետրոս Կաթողիկոսի գանձերը, ինչպես նաև բռնագրավել Անիի Հայոց կաթողիկոսարանի ողջ ունեցվածքը։ Մայրաքաղաքում Խաչիկ Կաթողիկոսին փորձում են պարտադրել ընդունելու Կ. Պոլսի պատրիարքի գերիշխանությունը, սակայն ապարդյուն։ Հայոց Հայրապետը երեք տարի արգելափակվում է կայսրության մայրաքաղաքում։ Այդ ժամանակահատվածում կաթողիկոսարանի գործերը վարում էր նրա ավագ եղբայրը՝ Անանիա արքեպիսկոպոսը։

Հայ մեծամեծերի (Անիի վերջին թագավոր Գագիկ Բ Բագրատունու, Սեբաստիայի իշխան Ատոմ Արծրունի և այլք) խնդրանքով ի վերջո Խաչիկ Բ Անեցի Կաթողիկոսն ազատ է արձակվում, սակայն նրան նույնպես չի թույլատրվում Հայաստան վերադառնալ։ Հայոց Հայրապետական աթոռը թույլատրվում է հաստատել Թավբլուրում՝ կայսրության կուսակալի անմիջական հսկողության ներքո։ Այսպիսով՝ Հայոց Հայրապետին հարկադրելով բնակվել Թավբլուրում, որն Բյուզանդիա տեղափոխված հայ իշխաններին պատկանող տարածքներից մեկուսի էր, բյուզանդացիները ցանկանում էին Հայոց պատկանող տարածքներից մեկուսի էր, բյուզանդացիները ցանկանում էին Հայոց կաթողիկոսարանը հեռու պահել հայահոծ շրջաններից, արգելել հայ հոգևորականության բնականոն կենսագործունեությունը։ Նման պայմաններում Հայոց Հայրապետն ի վիճակի չէր արդյունավետ գործունեություն ծավալել։

Խաչիկ Բ Անեցու աթոռակալման վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը ենթարկվել է սելջուկյան նոր ասպատակությունների, որոնց ժամանակ էլ ավերվել է (1065 թվականի օգոստոս) Անիի կաթողիկոսարանը։ Դրանից քիչ հետո վախճանվել է Խաչիկ Բ Անեցին և թաղվել Թավբլուբում։ Թեպետ կաթողիկոս դառնալուց հետո Խաչիկ Բ Անեցին երբեք Անիում չի եղել, բայց համարվում է Անիի վերջին Հայոց կաթողիկոսը, որովհետև պաշտոնական կաթողիկոսարանը մինչև ավերվելը Անիում էր գտնվում։ Խաչիկ Բ Անեցու մահից հետո, մինչև 1441 թ.-ը, Հայոց կաթողիկոսության աթոռանիստը մնաց Մեծ Հայքի սահմաններից դուրս։ Ահա այդպիսի ծանր պայմաններում 1065 թվականին Թավբլուրում իր մահկանացուն է կնքում Խաչիկ Բ Անեցի Կաթողիկոսը։

Խաչիկ Բ Անեցու վախճանով վերջ է գտնում Անանիա Մոկացի (946-968 թթ.) կաթողիկոսով սկիզբ առած կաթողիկոսների մի յուրօրինակ ընտանիքի իշխանությունը, քանի որ Անանիա Ա Մոկացին, Խաչիկ Ա Արշարունեցին (973-992 թթ.), Պետրոս Ա Գետադարձը (1019-1058 թթ.) և Խաչիկ Բ Անեցին ազգականներ էին։

Կաթողիկոսական ընտրության խնդիրը Խաչիկ Բ Անեցու մահից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկի Բ Անեցի Կաթողիկոսի մահից հետո դժվարին դրություն է ստեղծվում Հայոց Եկեղեցում։ Հանգուցյալ Հայրապետն ինչ-ինչ պատճառներով իր կենդանության օրոք չէր հոգացել իրեն հաջորդելիք Կաթողիկոսի հարցը, ինչպես այդ արել էր Պետրոս Ա Գետադարձը։ Եվ այժմ այդ իրավիճակից օգտվում էր բյուզանդական արքունիքը։ Կոստանդին ԺԱ Տուկիծ կայսրը արգելում է նոր Կաթողիկոսի ընտրություն կատարել՝ ցանկանալով վերացնել Հայոց Հայրապետական աթոռը և հայերին դարձնեց քաղկեդոնական՝ ենթակա Կոստանդնուպոլիսի պատրիարքությանը։ Կայսեր այս ծրագրին նպաստում էր նաև այն հանգամանքը, որ Փոքր Հայք և Կապադովկիա տեղափոխված հայ իշխանները դժվար թե հանդգնեին նրան ընդդիմանալ։

Հայոց Եկեղեցու խնդրին վերջնական լուծում տալու համար, կայսրը Կոստանդնուպոլիս է հրավիրում Սեբաստիայի իշխան Ատոմին և նրա եղբորը՝ Աբուսահլին, նրանց հետ այդ հարցում համաձայնության գալու նպատակով։ Բյուզանդական արքունիքը այսպիսով ձգտում էր իր ծրագրերը գլուխ բերել հայ մեծամեծերի միջոցով։ Կայսրը հատկապես մեծ հույս ուներ համաձայնության գալ Ատոմ Արծրունու հետ, որն արդեն երկար ժամանակ ապրում էր կայսրության ներքին գավառներում և հայտնի էր իր հունամետությամբ։ Ատոմ և Աբուսահլ Արծրունիները կայսեր կարգադրությամբ ժամանում են մայրաքաղաք՝ իրենց հետ բերելով Սանահինի վանքի միաբաններից մեկին՝ Հակոբ Քարափնեցի վարդապետին։

Բանակցությունների ընթացքում կայսրն նրանց առջև պայման է դնում՝ նոր կաթողիկոսի ընտրության թույլտվություն ստանալու համար ընդունել Քաղկեդոնի ժողովը և Կ. Պոլսի պատրիարքի գերագահությունը։ Սակայն, նրանք հրաժարվում են այս առաջարկից՝ պատճառաբանելով, որ այդ հարցում առաջնային է Անիի Հայոց վերջին արքա Գագիկ Բ Բագրատունու (1024-1079 թթ.) կարծիքը, որն այդ ժամանակ Պիզուի իշխանն էր։ Ավելին, Ատոմ և Աբուսահլ Արծրունիները կայսեր առաջարկի մասին գաղտնի կերպով տեղյակ են պահում Գագիկ Բ-ին։ Սակայն Կոստանդին կայսրը կարողանում է սիրաշահել Ատոմ և Աբուսահլ Արծրունի իշխանների հետ Կ. Պոլիս ժամանած Հակոբ Քարափնեցի վարդապետին և նա կազմում է Հայ և Բյուզանդական Եկեղեցիների միության մասին մի փաստաթուղթ, որը կայսեր հրամանով ի պահ է տրվում Ս. Սոֆիայի տաճարի գրապահոցում։

Շուտով Կոստանդնուպոլիս են ժամանում Գագիկ Բ Բագրատունին և Ծամնդավի իշխան Գագիկ Աբասյանը։ Որոնց կայսրը ներկայացնում է Հակոբ Քարափնեցի վարդապետի հեղինակած երկու Եկեղեցիների միության մասին գիրը։ Գագիկ Բ Բագրատունին ոչ միայն մերժում է այդ գիրը, այլև մինչև իսկ կայսեր ներկայությամբ պատռում այն։ Նա պնդում է, որ այդպիսի դավանաբանական հարցերը մի ինչ-որ վարդապետի լուծելիքը չեն, այլ ողջ Հայ Եկեղեցու։ Գագիկ Բ Բագրատունին լինելով հմուտ՝ եկեղեցական և դավանաբանական հարցերի մեջ, գրում է մի դավանաբանական գիր, որտեղ ջատագովում է Հայոց Եկեղեցու ինքնուրույնությունը և հավատքի ուղղափառությունը։

Բյուզանդական արքունիքը մի որոշ ժամանակ ևս շարունակելով բանակցություններ վարել հայ իշխանների հետ, համոզվում է նրանց անդրդվելիության մեջ, և զգուշանալով հայերի դժգոհության պատճառով առաջանալիք հուզումներից, ի վերջո թույլատրում նոր կաթողիկոսի ընտրությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արիստակես Լաստիվերցի, Պատմութիւն, Երևան, 1971։
  • Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991։
  • Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Կ. Պոլիս, 1912։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 26
Նախորդող՝
Պետրոս Ա Գետադարձ
Կաթողիկոս
1058–1065
Հաջորդող՝
Գրիգոր Բ Վկայասեր