Հովհաննես Ը Կարբեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ը Կարբեցի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Հովհաննես Ը Կարբեցի
120-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Հովհաննես Բ Կարբեցի
Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Գահակալություն1831 - 1842
ԻրավանախորդԵփրեմ Ա Ձորագեղցի
ԻրավահաջորդՆերսես Ե Աշտարակեցի
Ծնվել է1762[1]
ԾննդավայրՕհանավան, Կարբիբասարի գավառ, Երևանի խանություն, Աֆշարյան կայսրություն
Մահացել էմարտի 25, 1842(1842-03-25)[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ

Հովհաննես Ը Կարբեցի (1762[1], Օհանավան, Կարբիբասարի գավառ, Երևանի խանություն, Աֆշարյան կայսրություն - մարտի 25, 1842(1842-03-25)[1], Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (1831-1842)[2][3], Վիրահայոց թեմի առաջնորդ (1829-1831)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցու գերեզմանը՝ Էջմիածնի Մայր Տաճարի դռան առջև՝ զանգակատան հյուսիսային կողմում։

Հովհաննես Կարբեցին ծնվել է 1762 թվականին Երևանի խանության Կարբիբասարի գավառի Օհանավան գյուղում (Կարբի գյուղից ոչ հեռու)[2][3][4]։ Սովորել է Մուղնու վանական և էջմիածնի ժառանգավորաց դպրոցներում։ Կուսակրոն քահանա է ձեռնադրվել Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք։ Վարդապետական աստիճան ստանալուց հետո ուղարկվել է նվիրակության։ 1807 թվականին Դանիել Ա Սուրմառեցու կողմից օծվել է եպիսկոպոս։ Մայր Աթոռում զբաղեցրել է երկրորդական պաշտոններ։ Հետագայում հմտորեն օգտագործելով Եփրեմ Ա Ձորագեղցու և Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու միջև գոյություն ունեցող որոշ տարաձայնություններ՝ կարևոր դիրք է գրավել եկեղեցու կառավարման մեջ[4]։

Կաթողիկոսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1829-1831 թվականներին եղել է Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ։ 1830 թվականի հոկտեմբերի 8-ին հրաժարական է տալիս Եփրեմ Ա Ձորագեղցին, որից հետո Էջմիածնի միաբանության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս է առաջադրվում Հովհաննես Կարբեցին։ Նրա թեկնածությունը պաշտպանվում է Ռուսական կայսրության կառավարության կողմից։ Ընտրությունները տեղի են ունենում կառավարության կողմից մշակված «Կանոններ ընտրությունների մասին» փաստաթղթի հիման վրա, որի արդյունքում Հովհաննես Կարբեցին ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս։ 1831 թվականի հունիսի 30-ի Նիկոլայ Ա-ի հատուկ հրովարտակով վավերացվում է այդ ընտրությունը։ Օծումը տեղի է ունենում 1831 թվականի նոյեմբերի 8-ին[2][3][4]։

Հովհաննես Ը Կարբեցին Հայոց կաթողիկոսներից առաջինն է, որին տրվել է թվահամար և մակդիր՝ Հովհաննես Ը (Ութերորդ), նրա ժամանակ էլ ընդունվել է նախորդ Հայոց կաթողիկոսներին պատմականորեն թվահամար-մակդիրով տարբերակելու սկզբունքը։ Հովհաննես Ը Կարբեցին չի վայելել ոչ միայն Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռների համակրանքը, այլև Մայր Աթոռի և ներքին թեմերի բարձրաստիճան շատ հոգևորականներ նրա հանդեպ որդեգրել են շեշտված ընդդիմադիր կեցվածք[4]։

Հովհաննես Ը Կարբեցու օրոք սկսվել է ցարական իշխանության կողմից Մայր Աթոռի գործունեությունը Ռուսական կայսրության կարգերին համապատասխանեցնելու քաղաքականությունը։ Ցարական կառավարությունը Արևելյան Հայաստանի միացումից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում Հայոց եկեղեցու վերաբերյալ կանոնադրության մշակմանը։ Դեռևս 1830 թվակականի մարտին հատուկ գաղտնի հանձնաժողովը Կովկասի կառավարչապետ Իվան Պասկևիչին ներկայացնում է Հայոց եկեղեցու ներքին կյանքը կարգավորող կանոնադրության նախագիծը։ Հովհաննես Ը Կարբեցին չի կարողանում դիմակայել ցարիզմի եկեղեցական քաղաքականությանը և միայն «մասնավոր» կարգով է փորձում միջամտել կանոնադրության նախագծի մշակմանը։ Կանոնադրության նախագիծը որոշ փոփոխությունների ենթարկելուց հետո Նիկոլայ Ա–ի կողմից վավերացվում է 1836 թվականի մարտի 11-ին և սկսում գործադրվել 1837 թվականի հունվարի 1–ից։ Այս կանոնադրությունը էապես կրճատում է Ամենայն Հայոց կաթողիկոսի և ընդհանրապես Հայոց եկեղեցու իրավասությունները։ Հովհաննես Ը Կարբեցին խուլ տրտունջով է ընդունում այս ամենը, թեև առարկություններ է ներկայացնում կառավարությանը, սակայն դրանք հաշվի չեն առնվում[2][3][4]։ Ռուսական կայսրության համակրանքը վայելելով հանդերձ, չի կարողացել որևէ կերպ օգտակար լինել իր ազգին[2][3]։

Կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ը Կարբեցու առջև ծառացած կարևոր խնդիրներից է եղել հոգևոր ուսումնական համակարգի՝ ծխական դպրոցների, սեմինարիաների և ճեմարանի կազմակերպումը։ Կարողացել է վերականգնել ժառանգավորաց դպրոցի և տպարանի գործունեությունը, կազմակերպել Երևանի (1837), Ղարաբաղի (1838) և Աստրախանի սեմինարիաների աշխատանքը[4]։

Հայոց եկեղեցու դեմ հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ը Կարբեցու կաթողիկոսության վերջին շրջանում ռուսական մամուլում և առանձին մասնագիտական հրատարակություններում ուժեղանում են հարձակումները Հայոց եկեղեցու և նրա պաշտոնական դավանանքի դեմ, որոնցում հայերն անվանվում են արիոսական և հերետիկոս։ Հովհաննես Ը Կարբեցին 1841 թվականիի հուլիսի 31-ին Նիկոլայ Ա-ին ուղղված պաշտոնական հիշատակագրով հերքում է այդ մեղադրանքները։ Արդյունքում ցարական կառավարությունը արգելում է Հայոց եկեղեցու դեմ նմանատիպ գրությունների հրատարակությունը[4]։

Շինարարական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ը Կարբեցու օրոք կառուցվել է էջմիածնի Սինոդի շենքը, կարգավորվել է գրադարանը, կատարվել են առանձին շինարարական ձեռնարկներ[4]։

Հայրապետական խույր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ը Կարբեցին բարեկամական հարաբերություններ է հաստատում Կովկասի կառավարչապետ Գրիգորի Ռոզենի հետ։ Մի անգամ Ռոզենի կինը՝ Ելիզավետան, ով ագահ ու արծաթասեր կին էր, համարձակվում է խնդրել կաթողիկոսին հայրապետական խույրն իրեն ուղղարկել, որպեսզի տեսնի։ Կաթողիկոսը նրան չի մերժում և թագն ուղղարկում է։ Թագն այնտեղ մնում է վեց ամիս, կաթողիկոսը սկսում է անհանգստանալ։ Երբ թագն Էջմիածին են ուղղարկում, պարզվում է, որ թանկագին քարերը ապակիներով են փոխարինվել։ Կաթողիկոսը, սակայն չի կարողանում խոսել։ 1837 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլայ Ա-ն այցելում է Էջմիածին, ցանկություն է հայտնում տեսնել գանձարանը և այնտեղ պահվող մեծարժեք թագը։ Թագի վրա ապակիներ տեսնելով նա զարմանք է հայտնում, և կաթողիկոսը ստիպված է լինում ամեն ինչ պատմել կայսրին։ Կայսրը Պետերբուրգ վերադառնալուց հետո Ռոզենին ազատում է Կովկասի կառավարչապետի պաշտոնից։

Մահը և գերեզմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1842 թվականի մարտի 25-ին Վաղարշապատում և ամփոփվել է Մայր տաճարի դռան առջև՝ զանգակատան հյուսիսային կողմում[2][3]։ Կաթողիկոսական գահին Հովհաննես Ը Կարբեցուն հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1932, հատոր Գ, 3625-3766․
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 ««Հովհաննես Ը Կարբեցի»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.


Նախորդող՝
Եփրեմ Ա Ձորագեղցի
Կաթողիկոս
1831–1842
Հաջորդող՝
Ներսես Ե Աշտարակեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 561