Բաբկեն Ա Ոթմսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Ա Ոթմսեցի
Armenian Apostolic Church logo.png
Մահացել է 516
Մասնագիտություն Մետրոպոլիտ

Բաբկեն Ա Ոթմսեցի (ծ. թ. անհայտ, գ. Ոթմուս, Վանանդ գավառ – 516), Ամենայն հայոց կաթողիկոս 490 թվականից։ Աշակերտել, ապա հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունուն։ Նրա օրոք Հայ եկեղեցին սկսում է ձևավորել իր դավանաբանական դիրքորոշումը 451 թ. Քաղկեդոնի ժողովի նկատմամբ։ Պայքարել է նեստորականության տարածման դեմ։ Բաբկեն Ա Ոթմսեցուց պահպանվել են միևնույն վերնագրով երկու դավանաբանական թղթեր («Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս»)։ Առաջինը գրվել է Դվինի 506 թվականի ժողովի ժամանակ։ Թղթի գրման անմիջական առիթն էր այն, որ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնք հալածանքների էին ենթարկվում նեստորականներից, պաշտպանություն էին հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ կաթողիկոսը գրավոր ներկայացնի, թե որն է ճշմարիտ հավատը, քանի որ նեստորականները պարծենում էին, թե իբր հայերը ևս իրենց հավատքն ունեն։ Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից գրված թղթում նշում է, որ Հայ եկեղեցին չի ընդունում նեստորականությունը և չի հաղորդակցվում նեստորականների հետ։

508/509 թվականին գրված երկրորդ թղթում նշվում է, որ Պարսկաստանի ուղղափառ քրիստոնյաները, Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ, երկրորդ անգամ են եկել Հայաստան և Հայոց կաթողիկոսին տեղեկացրել, որ նեստորականները չեն հավատացել առաջին թղթին և չեն ընդունել ուղղափառ ասորիների ու հայերի դավանությունը ճշմարիտ հավատքի մասին։ Բաբկեն Ա Ոթմսեցին Տարոնի Մերշապուհ եպիսկոպոսի, Վարդ Մարզպանի և այլ եպիսկոպոսների ու նախարարների անունից կրկին հավաստել է, որ Հայ եկեղեցին 431 թվականի Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո չի ընդունում որևէ նորամուծություն, նզովում է Նեստորին և Անտիոքի դպրոցի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց հետևողներին։ Թղթում Քաղկեդոնի ժողովը անվանվում է «ստություն», իսկ նրա որոշումները՝ նեստորականներին ուժ ու զորություն տվող։ Ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է նաև Եվտիքեսը և մերժվում է ծայրահեղ միաբնակ վարդապետությունը՝ եվտիքականությունը։

Կաթողիկոսական գահին Բաբկեն Ա Ոթմսեցուն հաջորդել է Սամվել Ա Արծկեցին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Հովհաննես Ա Մանդակունի
Կաթողիկոս
490–516
Հաջորդող՝
Սամվել Ա Արծկեցի