Jump to content

Կիրակոս Ա Վիրապեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրակոս Ա Վիրապեցի
Կիրակոս Ա Վիրապեցի
Կառավարում
Անձնական տվյալներ
 
Ծնվել է 1443-1443
Գրիգոր Թ Մուսաբեկյանց        Գրիգոր Ժ Ջալալբեկյանց

Կիրակոս Ա Վիրապեցի (հայտնի է նաև որպես Խորվիրապեցի, մոտ 1370, գյուղ Խառաբաստ (Քաջբերունիք գավառ) - 1448), Ամենայն հայոց կաթողիկոս 1441-1443 թվականին։ Հաջորդել է Գրիգոր Թ Մուսաբեկյանցին։

Կիրակոս Ա-ի նախընթացը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Թովմա Մեծոփեցի պատմիչի տեղեկությունների՝ Կիրակոս Վիրապեցին ծնունդով Վասպուրականցի էր, Արճեշ (Քաջբերունյաց) գավառի Խառաբաստ գյուղից՝ Խլոց ազգատոհմից։ Եթե հաշվենք, որ 1397 թվականին Արտազի Պետրոս եպիսկոպոսի կողմից ձեռնադրվել է քահանա, իսկ այդ ժամանակ գոնե 25 տարեկան պիտի լիներ, ապա ծնունդը ենթադրաբար համընկնում է 1370 թվականին։

Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Սուխարի վանքում, ապա նաև Սարի վանքում։ Առանձնության և ճգնության մեծ փափագ ունենալով՝ Վասպուրականից մեկնել է Այրարատ և 1409 թվականին հաստատվել է Խոր Վիրապի Այրարատ վանքում։ Այստեղ երկար ճգնելու համար էլ ստացել է Վիրապեցի կոչումը։ Դիմելով ճգնողական ավելի խիստ միջոցների՝ Կիրակոս վարդապետը մեկնում է Մասիսի ստորոտում գտնվող Ակոռի գյուղի մոտակա Վանաստան անապատ։ Գովելով Կիրակոսին՝ Թ. Մեծոփեցին հայտնում է, որ «քահանայական ձեռնադրություն ստանալուց ի վեր նա ո՛չ միս է ճաշակել, ո՛չ գինի է ըմպել, ո՛չ անասունների կիթ է կերել, եղել է գովելի և առաքինի, սրբաբերան, հեզ և խոնարհ»։

Կաթողիկոսական ընտրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրակոս Վիրապեցի
Էջմիածնի եկեղեցական ժողով (1441), Աղջոց վանք, 1443 թ.

Գրիգոր Թ Մուսաբեկյանց կաթողիկոսիսից (1439-1441) հետո հայրապետական Աթոռի համար առաջ եկան մի քանի ազդեցիկ թեկնածու եպիսկոպոսներ՝ այդ թվում Հյուսիսային եպիսկոպոսներից Զաքարիա Հավուցթառեցին, Հովհաննես Հերմոնացին, Գրիգոր Արտազեցին, Վասպուրականի Աթոռից՝ Զաքարիա Աղթամարացին։ Այս վերջինի միջոցով նպատակ կար վերացնել Աղթամարի բաժանումն ու Վասպուրական նահանգի և Հայաստանի եկեղեցական կառույցները վերամիավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսության մեջ։ Այս գաղափարին, սակայն, խոչընդոտում են Տաթևի դպրոցի ներկայացուցիչները և Աթոռի համար պայքար է սկսվում։ Արդյունքում պայքարին միջամտում է Երևանի կառավարիչ Յաղուբ բեկը՝ հրամայելով առանց հակառակության անհապաղ ժողով գումարել և կաթողիկոս ընտրել։ Թովմա Մեծոփեցին նշում է, որ ժողովին մասնակցելու համար Հայաստան եկած վարդապետներն ու եպիսկոպոսները, հասնելով Երևան, ազգայինների կողմից ջերմ ընդունելության են արժանանում։ Մեծ հանդիսավորությամբ նրանց ընդունում է նաև Յաղուբ Բեկը։

Նոր կաթողիկոսի ընտրության համար ժողովականները վիճակ են գցում Սուրբ Ավետարանի մեջ և վիճակն ընկնում է Կիրակոսի վարդապետ Վիրապեցուն, ով 300 ժողովականներից էր. վիճակը հաստատվելուց հետո նորընտիր հայրապետն առանց հակառակության գալիս, կանգնում է ատյանի առաջ, ինչը զարմացնում է շատերին. նրանք հուսով էին, թե Կիրակոսը, որ ատում էր երկրային փառքը, պիտի խուսափեր և հրաժարվեր կաթողիկոսությունից, սակայն Կիրակոսը սիրահոժար ընդունում է նոր պաշտոնը։ Հեռու լինելով աշխարհական գործերից և Հայրապետական աթոռի փոխադրության շուրջ առաջացած հարցերից, նա իսկապես փնտրված չեզոք անձ էր, ով պիտի խաղաղեցներ հակընդդեմ մրցակցությունը։ Քանի որ նորընտիր հայրապետը պարզ վարդապետ էր, ուստի անհրաժեշտ էր նախ և առաջ եպիսկոպոսական աստիճան տալ նրան։ Զանազան ակնարկներից ակնհայտ է դառնում, որ նրան ծայրագույն վարդապետության գավազանը տվել է Հովհաննես Հերմոնացին, իսկ եպիսկոպոսական աստիճանը՝ Զաքարիա Հավուցթառեցին։ Կաթողիկոսական ձեռնադրությանը մասնակցել են 12 եպիսկոպոսներ Սյունիքից, Վասպուրականից և Այրարատից։ Ձեռնադրության օրն անհայտ է, բայց հաշվի առնելով, որ ձեռնադրությունից հետո եղել է մյուռոնի օրհնության արարողություն (Պենտեկոստեի օրը՝ հունիսի 4-ին), ապա Համբարձման օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունեցել ընտրությունը, հաջորդ 2 օրերի ընթացքում՝ վարդապետության և եպիսկոպոսության կարգի կատարումը, իսկ մայիսի 27-ին՝ կաթողիկոսական ձեռնադրությունը։ Ընտրվելուց անմիջապես հետո հրապարակել է Կիլիկիայից Սբ. Էջմիածին հայրապետական աթոռի փոխադրությունն ավետող կոնդակ։

Կաթողիկոսության ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թովմա պատմիչի վկայությամբ Կիրակոսը հայրապետական աթոռի վրա էլ պահում էր ճգնողական և առաքինի կյանք, ինչն ընդհանուր պատկառանք և հարգանք էր տարածում Լուսավորչի վերանորոգյալ Աթոռի հանդեպ։ Ընտրվելուն և Կաթողիկոսական օծություն ստանալուն պես Կիրակոս Ա Վիրապեցին մյուռոնի օրհնություն է կատարում, ինչով նպատակ ուներ ջնջել ու վերացնել Սսի աթոռի որդեգրած սիմոնականությունը, ըստ որի սսեցիները մյուռոնը բարձր գներով վաճառում էին թեմերին։ Մեծոփեցին վկայում է, որ մյուռոնն այսուհետ միանգամայն անվճար բաժանվում էր ողջ Թորգոմյան ազգին։

Մինչև 1441 թ. Էջմիածնի վանքը և Աթոռը թափուր էին մնացել։ Միայն հիշատակվում է այդ ժամանակ Գաբրիել անունով Էջմիածնեցի մի եպիսկոպոս, ով, հավանաբար, եղել է Վաղարշապատի թեմակալը և Էջմիածնի վանքի վերակացուն։ Առկա բացերը լրացնելու համար Կիրակոսի ջանքերով Էջմիածնի աթոռը կարճ ժամանակում հարստացվում է ամեն տեսակ գույքով, անասուններով ու չորքոտանիներով, սկսվում են շինարարական աշխատանքներ (Էջմիածնի վանքում և այլուր), իրականացվում են ծիսադավանական բարենորոգումներ։ Կարճաժամկետ կաթողիկոսության ընթացքում հատկանշական է Կիրակոսի կողմից Հայաստանյայց եկեղեցու միասնությունը պահելու նպատակով Աղթամարի աթոռի՝ Սև լեռան Կարմիր վանքի եկեղեցական ժողովի նզովքից ազատումը (1113 թ.)։ Նզովքը կիրառության մեջ էր մտել դեռևս Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի (1113-1166) գահակալության սկզբում, երբ Աղթամարի Դավիթ Թոռնիկյան եպիսկոպոսը, պատճառաբանելով Գրիգորի երիտասարդությունը և Աթոռի՝ Հայաստանից դուրս լինելը, իրեն էր համարել կաթողիկոսության առավել արժանի, և 5 եպիսկոպոսից բաղկացած ժողով գումարելով, որոշում էր կայացրել Դավիթին ձեռնադրել Մեծ Հայքի կաթողիկոս։ Ճիշտ է վերաբերմունքը նզովքի հանդեպ մի քանի անգամ փոփոխվել էր, սակայն վերջնական և առավել ընդգրկուն արձակում դրան տվեց Կիրակոս Ա Վիրապեցի հայրապետը։

Կաթողիկոսության ավարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմելով Լուսավորչի աթոռին՝ Կիրակոս Վիրապեցին կարճ ժամանակում իր շուրջը համախմբեց իրեն անհրաժեշտ մարդկանց։ Քանի որ կաթողիկոսը 32 տարի հաստատված էր եղել Արարատում և ծնունդով վասպուրականցի էր, հայրապետանոցը հիմնականում համալրվեց Վասպուրականի և Արարատի կրոնավորներով։ Ազդեցիկ դիրքի արժանացավ նաև Թովմա Մեծոփեցին։ Այս ամենը 1442 թ. խուլ ձևով, իսկ 1443 թ. արդեն բացահայտորեն առաջ բերեց Արևելյան վարդապետների՝ հատկապես Սյունիքի և Տաթևյան ներկայացուցիչների դժգոհությունը։ Սրանց գլուխ կանգնեցին Վասպուրականի Մարկոս եպիսկոպոսը և Աստվածատուր վարդապետը Սաղմոսավանքից։ Հաջողության հասնելու համար դժգոհների խմբին անհրաժեշտ էր գտնել հզոր կողմնակիցներ և ամբաստանության նյութ՝ կաթողիկոսին գահընկեց անելու համար։ Որպես կողմնակիցներ առաջ քաշվեցին Կիրակոսի մրցակից 3 եպիսկոպոսները՝ Զաքարիա Հավուցթառեցին, Հովհաննես Հերմոնացին, Գրիգոր Արտազեցին։ Ձևավորվում է ապստամբների 30-40 հոգանոց խումբ, ովքեր համաձայն էին գահընկեց անել Կիրակոս կաթողիկոսին։ Որպես ապստամբության պատճառ է ընտրվում այն, թե իբր Կիրակոսի կաթողիկոսությունը անվավեր է և օրինական չէ, քանի որ նախ` Կիրակոսը մկրտված չէ, ուստի և ոչ քրիստոնյա, կաթողիկոս դառնալուց առաջ եպիսկոպոս չի եղել, իբր Վիրապեցին Կոստանդնուպոլսից հիվանդներին օծելու կարգ է ներմուծել։

Հերմոնացու հավաքած խումբը գաղտնի չի գործում, այլ համարձակորեն ժամանելով Էջմիածին՝ իր բռնավոր մտադրությամբ և կեղծ բարեպաշտությամբ մտնում է Միածնի Մայր տաճար, ինչից վախենալով` Կիրակոսը փախչում է մայրավանքից և թաքնվում մի քրիստոնյայի տանը։ Սակայն կաթողիկոսին հետապնդում են, գտնում և հսկողությամբ ներկայացնում Յաղուբ բեկին, ում հովանավորությամբ նաև հաստատվել և հռչակվել էր Կիրակոսի կաթողիկոսությունը։

Ժողովին ներկայացվում են Վիրապեցու վերաբերյալ ստահոդ մեղադրանքներ, որոնք, սակայն, հերքում է ինքը՝ Յաղուբ բեկը։ Սակայն, առանձին հանդիպելով բեկին՝ Հավուցթառեցին մեծ քանակությամբ արծաթ է տալիս նրան և համոզում է չխառնվել կաթողիկոսական գործերին, այլ թույլ տալ, որ ազգի ուզածի համեմատ կաթողիկոս ընտրեն Գրիգոր Արտազեցուն (հաջորդ կաթողիկոսի համար առավել հարմար թեկնածու էր Գրիգորը, քանի որ Հերմոնացին արդեն կորցրել էր լսողությունը, իսկ Հավուցթառեցին զառամության պատճառով տկարացել էր)։ Արդյունքում վճռվում է Կիրակոսի գահընկեցությունը, և առաջ է քաշվում Գրիգոր Արտազեցի Ջալաբեկյանցի կաթողիկոսության հարցը։ Այսպիսով Կիրակոս Ա Վիրապեցի հայրապետը Լուսավորչի գահին մնաց 2 տարի՝ մինչև 1443 թ.։ Կիրակոս Վիրապեցին վախճանվել է 1448 թ-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 449
Նախորդող՝
Գրիգոր Թ Մուսաբեկյանց
Կաթողիկոս
1441–1443
Հաջորդող՝
Գրիգոր Ժ Ջալալբեկյանց