Էջմիածնի եկեղեցական ժողով (1441)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էջմիածնի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)
Էջմիածնի ազգային եկեղեցական ժողով (1441), Վաղարշապատի ազգային ժողով, հրավիրվել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու նպատակով։
Հայոց կաթողիկոսանիստը Կիլիկիայի անկումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաքաղաքական դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնական աթոռանիստ Վաղարշապատը և տեղից տեղ փոխադրվել (Դվին, Արգինա, Անի, 1105-ից՝ Կիլիկիա, Հռոմկլա, Սիս)։ Կիլիկիայի Հայկական պետության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունն ընկել է քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային ծանր վիճակի մեջ։
Խոչընդոտող հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Դժվարացել է պայքարը նաև Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների, ունիթորության և կաթոլիկ քարոզիչների (միսիոներների) դեմ։
Ջհանշահի տիրապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությունն անզոր էր օտար երկրներում ստեղծված հայկական գաղութների հետ մշտական կապեր հաստատել, ուսումնական կենտրոններ ստեղծել և տարասփյուռ զանգվածներին ազգային ավանդույթներով շաղկապել։ Մեկուսանալով Կիլիկիայում՝ այն կտրվել էր բուն Հայաստանից ու ժողովրդից, կորցրել կրոնական ու քաղաքական երբեմնի կենտրոնի նշանակությունը, ուստի հայ հասարակական-քաղաքական, կրոնաեկեղեցական ու մշակույթի գործիչները դեռևս 13-րդ դար վերջից ձգտել են Հայոց կաթողիկոսությունը տեղափոխել Հայաստան։ Սակայն միայն 15-րդ դարի 1-ին կեսին, երբ կարակոյունլու Ջհանշահի տիրապետության (1437–1467) օրոք համեմատաբար խաղաղ էր երկրի կենտրոն Այրարատում, հայ աշխարհիկ գործիչներն ու հոգևորականները միջոցներ են ձեռնարկել Հայոց կաթողիկոսությունը Վաղարշապատում վերահաստատելու։
Անհատների օգնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամրապնդելու նպատակով Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431-ին, վաճառքի անվան տակ, Էջմիածնի վանքին է նվիրել 7 գյուղ։ Ստանալով Ջհանշահի հավանությունը և նրա հանձնարարությամբ՝ Երևանի ամիրա Յաղուբ բեկի աջակցությունը՝ Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ից սկսել են նախապատրաստել Վաղարշապատի ժողովը։ Նամակներ են հղել և ստացել հայ հոգևորականների ու աշխարհիկ խոշոր գործիչների, նաև Կիլիկիայի 4 թեմակալ եպիսկոպոսների գրավոր համաձայնությունը։ Միաժամանակ, 1440-ի վերջին Սսի կաթողիկոսարանից անհայտացել է Լուսավորչի Աջը, ինչը հեշտացրել է կաթողիկոսական աթոռի տեղափոխության հարցը (Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում պարտադիր է սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի առկայությունը, որը համարվում է կաթողիկոսական աստիճանի խորհրդանիշը, և որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները)։ 1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին Էջմիածնում կայանալիք ժողովին մասնակցելու համար շրջաբերական հրավիրագրեր է հղել հոգևոր-եկեղեցական, հասարակական-քաղաքական ու մշակույթի նշանավոր գործիչներին։ Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը նշանակված էր սուրբ Զատկից (1441-ի ապրիլի 16-ից) հետո։ Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվել են Երևանում և մեծ շուքով մեկնել Վաղարշապատ։
Ժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսի 2-րդ կեսին տեղի է ունեցել Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողով, որին մասնակցել է ավելի քան 300 մարդ, այդ թվում հանվանե՝ 4 արքեպիսկոպոս, 12 եպիսկոպոս, 21 վարդապետ, ինչպես նաև այլ հոգևորականներ, աշխարհականներ և ժողովրդի ներկայացուցիչներ։ Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշումներին նախօրոք գրավոր համաձայնություն էին տվել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարցին, 7 եպիսկոպոսներ և 16 վարդապետներ։ Իր համաձայնությունն էր տվել նաև Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը։ Հրավիրված էր և Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցը, որը թեպետ մերժել էր հրավերը և չէր ցանկացել հեռանալ Սսից, սակայն արգելք չէր հարուցել։
Բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]
Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը կրել է համազգային բնույթ և ընթացել հայ եկեղեցական կանոնների հիման վրա՝ օրինականության և վավերականության սահմաններում։ Քանի որ Գրիգոր Թ Մուսաբեկյանցը հրաժարվել էր ներկայանալ ժողովին և վերաօծվել կաթողիկոս, ապա առաջադրվել են ուրիշ թեկնածուներ (Զաքարիա Հավուցթառեցի, Հովհաննես Հերմոնեցի, Զաքարիա Աղթամարցի, Գրիգոր Արտազեցի), սակայն, հավանաբար կողմերի հավասար քվեների պատճառով, կաթողիկոս է ընտրվել չեզոք անձ՝ Կիրակոս վարդապետ Վիրապեցին։ Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովից որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նաև Լուսավորչի Աջը և վերահաստատվել Մայր աթոռ Ս. Էջմիածնում, որով վավերականացվել է կաթողիկոսական գահակալությունը Վաղարշապատում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 68)։ |