Գրիգոր Դ Տղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Դ Տղա
հայ․՝ Գրիգոր Դ. Տղայ
Ծնվել է 1133
Ծննդավայր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Մահացել է մայիսի 16, 1193
Մահվան վայր Սիս, Ադանա, Թուրքիա
Մասնագիտություն կաթողիկոս

Գրիգոր Դ Տղա (շուրջ 1123/25–1193), Ամենայն հայոց կաթողիկոս 1173 թ-ից։ Պահլավունիների տոհմից, Ներսես Շնորհալու ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին։

Կրթությունն ստացել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու մոտ։ Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը։ «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով։ Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը։ Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)՝պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները։

Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի, բյուզանդական կայսր Մանուիլ I Կոմնենոսի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ։ Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա։ Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից։

Բացի դավանաբանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներին նվիրված նամակներից (թվով 7), գրել է նաև չափածո երկեր, այդ թվում՝ պոեմներ, մանկավարժական գրվածքներ («Յիսուս Քրիստոս Որդի և Բան», «Ողն վասն առմանն Երուսաղեմի» պոեմները)։ Հավաքել է արժեքավոր ձեռագրեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար։ Նրա հովանավորությամբ են ստեղծվել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն»-ը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, Ներսես Լամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Ներսես Դ Կլայեցի
Կաթողիկոս
1173–1193
Հաջորդող՝
Գրիգոր Ե Քարավեժ