Մխիթար Գոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մխիթար Գոշ (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գոշ (այլ կիրառումներ)
Մխիթար Գոշ
հայ․՝ Մխիթար Գոշ
Mkhitar Gosh.jpg
Ծնվել է 1130
Ծննդավայր Գանձակ կամ Գալաց, Ռումինիա
Մահացել է 1213
Մահվան վայր Գոշավանք, Գոշ, Տավուշի մարզ, Հայաստան
Ազգություն հայ
Ստեղծագործություն(ներ) Գոշավանք
Մասնագիտություն քահանա և հասարակական գործիչ
Mkhitar Gosh Վիքիպահեստում

Մխիթար Գոշ (1130, Գանձակ և Գալաց, Ռումինիա - 1213, Գոշավանք, Գոշ, Տավուշի մարզ, Հայաստան), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Հեղինակավոր Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոս և Լաֆոնտեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Գոշի (Գոշ բառը նշանակում է սակավամազ) կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։

Aquote1.png Այս հռչակավորն ու գիտությամբ մեծիմաստը Գանձակ քաղաքացի էր, զավակ քրիստոնյաների, որոնք նրան տվին Սուրբ

Գրքի ուսման:

Aquote2.png

Գոշի ծննդյան թվականը հայտն ի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են,և հարաբերություններն այնքան են լարվել,որ դրան անդրադարձել է անգամ Մխիթար Գոշը․

Aquote1.png Եւ բազում հնչեաց ի մեր փորձութիւնք, ներքոեյ եւ արտաքոյ։ Aquote2.png

Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք այժմյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝ հաստատելու Սիսի ժողովի կանոնները՝շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան, Մխիթար Գոշը չի գալիս իր հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը դիմեցին Մխիթարին նրա ներկայություն ապահովելու համար։ Վերջինս տեղի տալով հոգևորականների խնդրանքին ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։ Զաքարեն անձամբ է դիմավորում Գոշին ասելով․

Aquote1.png Քանի որ դու եկար, այլևս նրանք փույթ չեն։ Aquote2.png

Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայող եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ» պատվանուններով։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։ Գոշը իր գիտական ժառանգությամբ համապատասխանում էր ժամանակի հրամայականին։ Սելջուկ-թուրէերի արշավանքներից հետո հայ իշխանները միավորելով իրենց ուժերը կարողացել էին վերականգնել հայոց անկախ պետականությունը։ Զաքարե ամիրսպասալարը կապեր էր հաստատել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Վերահաստատելով հայոց անկախ պետականությունը անհրաժեշտ էր օրենքների ժողովածու և այստեղ էր, որ հանդես եկավ Գոշը իր Դատաստանագրքով։ Դժբախտաբար, չվերականգնվեց հայոց անկախ թագավորությունը։ Հայոց իշխանական տները անկում ապրեցին մի կողմից սելջուկների մյուս կողմից մոնղոլների արշավանքների ներքո։ Մովսես Խորենացու նման Մխիթար Գոշը նույնպես մտահոգված էր երկրի բոլոր ուժերի համախմբմամբ։ Այդ կապակցությամբ Գոշը, ներկայացնելով հյուսիսից արևելյան Հայաստանի 12-րդ դարի 60-70-ական թվականներին, միաժամանակ մեղադրում է հայ իշխաններին, որոնք չմիավորվեցին օրհասական պահերին, ինչպես նաև չվերականգնեցին հայոց անկախ թագավորությունը։ Այսպիսով Մխիթար Գոշը հիմք դրեց մի ժառանգության, որը հետագայում տարածում էր ստանալու ամբողջ աշխարհում և հասնելու էր նրան, որ ճանաչվի և ներառվի հզոր երկրների օրենսդրական ժողովածուներում։

Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։

Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ պատմությունը։ Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, «իմաստախոհ գրքեր ուսումնասերների օգտի համար»։ Միջնադարյան հայ մատենագրություններում Մխիթար Գոշի անվամբ հանդիպում են միջնադարյան հայ մատենագրության մեջ աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և այլն։ Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը» ։

Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակիշունչով և նրա կողմից կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի զարգացման համար։ Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորույթային օրենքների և այլ օրենսդրությունների ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և օրենքների ժողովածուն։ Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակին լավագույն օրենքների ժողովածու։ Գոշի դատաստանագիրքը իր մեջ ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։ Գոշի դատաստանագիրքը գրելու ժամանակ (1184 թվականին Գոշը սկսեց դատաստանագիրքը) չկար հայոց անկախ պետականություն, անգամ իշխանությունները գտնվում էին սելջուկյան ամիրայությունների իշխանության ներքո։ Իրավագիտության պատմության մեջ սա այն եզակի դեպքերից է, երբ չունենալով պետականություն որևէ հասարակության մեջ ստեղծվում է նմանատիպ օրենքների ժողովածու։

Դատաստանագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյանջայի մուսուլման ամիրաները թույլատրում էին քրիստոնյաներին ունենալ սեփական օրենքները, սակայն նրանց օրենքները ամբողջական չէին, այսպիսով նրանք շատ հաճախ դիմում էին մուսուլմանական դատարաններ։ Այս հանգամանքը հաճախ ունենում էր վատ հետևանքներ և Գոշն սկսեց իր հայտնի դատաստանագրքի աշխատանքները, որպեսզի կանխի մուսուլմանական դատարանների ոտնձգությունները քրիստոնյաների նկատմամբ։ 1184 թվական գրված այս աշխատությունը անվանվեց դատաստանագիրք Մխիթար Գոշի կամ հայկական դատաստանագիրք, այն դարձավ հայերի համար գլխավոր օրենսդրություն։ Դատաստանագրքում արտացոլված են միջնադարյան Հայաստանին համապատասխան օրենսդրություն, ժամանակի ընթացքում Դատաստանագիրքը դարձավ հայոց մեջ հիմնական օրենսդրական ակտը, որը տարծվեց նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։ Դատաստանագիրքը կազմված է Ներածությունից և 251 հոդվածներից։ Համաձայն Գոշի պետությունը և եկեղեցին հասարակության երկու կարևոր հիմնասյուններն են։ Գրքում մեղավորությունը բաժանվում է երկու առանձին բաղադրիչների եկեղեցական և աշխարհական սրան համապատասխան Գոշը առանձնացնում է պատժի երկու ձև մարնական-նյութական և եկեղեցա-հոգևորականական (մահապատիժ, ձերբակալություն, նյութական, ֆինանսական տույժեր)։ Պատիժը, համաձայն նրա, չպետք է հետապնդի ֆիզիկական նպատականեր կամ վրեժի նպատակ, այլ պետք է պետք է ուղղված լինի զղջման, ուղղման և մարդու վերադաստիարակման։ Համաձայն Գոշի ամեն մարդ տիրապետում է իր բնական իրավունքին, որի հիմնական պատճառ է համարում աստծո կողմից շնորհված մարդկային գիտակցությունը։ Գոշի առաջադիմական հայացքը կայանում է նրանում, որ նա մահապատժի փոխարեն առաջարկում է հանցագործին մարմնական պատիժների ենթարկել։ Դատաստանագրքի գրման ժամանակ Գոշը ուսումնասիրել և օգտագործել է հին հայակակն կանոնները և այլ զուտ հայկական աղբյուրներ։ Առաջին անգամ որպես պարտադիր օրենք այն օգտագործվել է Կիլիկյան Հայաստանում։ Դարերի ընթացքում Գոշի այս աշխատությունը օգտագործվել է ոչ միայն Հայաստանում և Կիլիկիայի հայակական թագավորությունում, այլ նաև հայկական գաղթօջախներում, Լեհաստանում, Հնդկաստանում, Վրաստանում։ 18-րդ դարում Վրաստանում Մխիթար Գոշի կանոնները օգտագործվել են Վախթանգի կանոնների մեջ և դրանում արտացոլվել են առանձին գլխով կոչվելով հայկական օրենքներ։ Պահպանվել են Գոշի Դատաստանագրքի, 40-ից ավելի օրենքներ Մատենադարանում։


Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։

Պետությունը Գոշի աշխատություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Գոշի կողմից առաջ քաշված գաղափարները պետականության վերստեղծման մասին։ Նույն ժամանակներում Կիլիկյան Հայաստանում գործունեություն էր ծավալում Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին, ով ևս աչքի էր ընկնում նմանատիպ գաղափարներով։ Լամբրոնացին ջատագով էր Կիլիկիայում ստեղծել հայկական թագավորությունում, այսպիսով նա սերտորեն համագործակցում Լևոն Բ Մեծի հետ, ով հետագայում բազմեց Կիլիկիայի հայկական թագավորության գահին։ Լամբրոնացին և Գոշը լավագույնս ներկայացնում էին պետականության վերստեղծման ուղիները։ Լամբրոնացին ավելի շատ կողմնորոշված էր ավելի շատ լատին և բյուզանդական իշխանությունները, սակայն Գոշը խոսում էր եկեղեցու և օրենքների գերակայության և անկախության մասին։ Գոշի Դատաստանագիրքը վկայում է այն մասին, որ նա կողմ էր անկախ պետության, որը հնարավորություն կտար հայկական գործոնի հզորացմանը։ Այս նպատակաով նա իրականացրեց որոշակի միջոցառումներ։ Լամբրոնացին իր նպատակների իրականացման համար նախաձեռնեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միավորման գործընթացը։ Ներսեսը նախաձեռնեց օրենքների ժողովածու, որի նպատակն էր հասնել հայ և լատին եկեղեցու միարարությանը։ Լամբրոնացու աշխատությունը հիմնականում նպատակաուղղված էր կրոնական խնդիրների կարգավորմանը։ Սրան հակառակ Գոշի աշխատանքի նպատակն էր հասնել այն բանին, որ Հայաստանում ստեղծվի հայկական անկախ թագավորություն, որը կունենա սեփական օրենքների ժողովածուն և այդպիսով առկախված չի լինի արտաքին միջամտության վտանգից։ Սրան զուգահեռ Մխիթարը չի անտեսում արտաքին գործոնները, բայց շեշտը դնում է ներքին ուժերի համախմբանը և հզորացմանը մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ։ Ըստ Մխիթարի պետք է միավորել բոլոր ներքին ուժերը։ Ավատատերերին պետք է ստիպել հեռու վանել իրենց ավատական ընչաքաղցությունը և ձգտել հզորացնել սեփական տիրույթները։ Գոշը իր աշխատանքում խոսում մեկ ընդհանուր պետության ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս հանգամանքները հաշվի առնելով է, որ Մխիթարի այս ձեռնարկը համարվում է պահանջների բավարարման լավագույն մեխանիզմներից մեկը։ Դատաստանագիրքը փաստացի ապահովում է և՛ ներքին, և՛ վերին խովի պահանջները, որը կարևոր նշանակություն ունի ցանակացած իրավական համակարգում։

Առակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։

Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։

Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է ժամանակագրության հեղինակ ։ Այս հիշատակության օրիգինալ տեքստը անվերնագիր է։ Ղևոնդ Ալիշանը 19-20-րդ դարերում այս աշախատությունն անվանել է Աղվանից երկրի իրադարձությունները 12-րդ դարում։ 1958 թվական առաջին անգամ հայտնի հայագետ Դոուսենը այն անվանել է Աղվանական ժամանակագրություն։Աղվանքը միջնադարում կրել է հայկական իշխանությունների ազդեցությունը։ Դոուսետը նաև նկարագրում է այդ պատմական աշխատությունը իբրև հայկական պատմագրության աղբյուրներից մեկը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]