Որոգայթ փառաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որոգայթ փառաց, բուրժուական սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում, Մադրասի խմբակի ծրագրային երկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոգայթ փառացը 18-րդ դարի 2-րդ կեսի հայ բուրժուական լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ Վերահրատարակվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ Շարադրել է Շահամիր Շահամիրյանը արեմտաեվրոպական լուսավորական գաղափարների ազդեցությամբ։ Հրատարակվել է Մադրասում, Շ․ Շահամիրյանի որդի Հակոբի «Որոգայթ Փառաց»-ի տիտղոսաթերթը անունով, 1788—1789 թվականներին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդարձակ առաջաբանում դատապարտվում են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվում թուրք-պարսկական բռնակալությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ և բուն մասը սահմանադրության նախագիծն է, որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը և այլն։ Ապագա հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին հռչակվում, վերացվում էին դասային աստիճանավորումները։ Նրանք ունենալու էին խոսքի, դավանանքի, անձի և գործունեության լիակատար ազատություն։ Սակայն բոլոր պաշտոնները վարելու էին լուսավորչական հայերը։ Հողի սեփականատեր կարող էին լինել դարձյալ նրանք, իսկ այլադավաններն ու այլազգիները կունենային միայն հողի վարձակալման իրավունք։ Ընտրվելու իրավունքը սահմանափակվելու էր սոսկ բարոյական հատկանիշներով։ Պատգամավորները ընտրվելու էին 3 տարով։ Կառավարման մարմինները ընտրվելու էին պատգամավորներից։ Գերագույն և օրենսդիր իշխանությունը իրականացնելու էր Հայոց տունը՝ պառլամենտը, Նախարարությունը՝ մինիստրների խորհուրդը՝ գործադիր իշխանությունը։ Հայոց տունն ունենալու էր իր նախագահությունը՝ կազմված 14 տանուտերից։ Նախարարությունը բաղկացած էր լինելու նախարարից և 12 տեղակալից։ Նախարարը համարվում էր նաև երկրի արտաքին գործերի մինիստրը և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Հայոց տունը հսկելու էր նախարարության գործունեությունը և իրավունք ուներ փոխելու օրինախախտ կառավարությունը։ Քաղաքական նկատառումով նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մի այլ՝ բացառիկ տարբերակ, հին հայկական արքայատների, մասնավորապես Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտըրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այդ բացառության նպատակն էր՝ շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։ Նախագծում արված են կառավարման այլ մարմինների, դատարանների կազմակերպման կարգը, դրանց կառուցվածքն ու իրավասությունները։ Հիմնվելու էին (ընտրությամբ) մայր կամ բարձրագույն դատարան, տեղերում՝ մնայուն, քրեական գործերի համար երդվյալների դատարաններ։ Դատավարությունն ընթանալու էր գրավոր, մեղադրյալն ունենալու էր դատապաշտպան։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին և այլն։ Եկեղեցին բաժանվելու էր պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ Կրթությունը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու բժշկությունը հոգալու էր պետությունը։ Հանրապետության գլխավոր նեցուկը դիտվում էր մշտական զորաբանակը (90 հազար զինվոր), որը համալրվելու էր վիճակահանությամբ (100 տղամարդուց՝ 5-ը, ռազմ, ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 647 CC-BY-SA-icon-80x15.png