Որոգինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոգինես
հուն․՝ Ὠριγένης
Դիմանկար
Ծնվել է185[1][2][3][…], 184[4] կամ 185[5]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[4]
Մահացել է254[4][6][7][…] կամ 254[5]
Մահվան վայրԿեսարիա, Արևելքի թեմ, Հռոմեական կայսրություն կամ Տյուրոս
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Կրոնքրիստոնեություն
Ազդվել էպլատոնականություն, Նեոպլատոնականություն և Գնոստիցիզմ
Մասնագիտությունաստվածաբան, հոգևորական, գրող, թարգմանիչ և փիլիսոփա
Ծնողներհայր՝ Լեոնիդաս Ալեքսանդրիացի[4]
 Origen Վիքիպահեստում

Որոգինես (նաև՝ Օրիգենես[8], հուն․՝ Ωριγένης, լատին․՝ Origenes Adamantius; 185[1][2][3][…], 184[4] կամ 185[5], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[4] - 254[4][6][7][…] կամ 254[5], Կեսարիա, Արևելքի թեմ, Հռոմեական կայսրություն և Տյուրոս), հույն քրիստոնյա աստվածաբան, փիլիսոփա, գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոգինեսի մասին տեղեկություններ են պահպանվել Պամփիլիոսի «Ջատագովություն Որոգինեսի» (307/9), Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն», Հերոնիմոսի «Նշանավոր մարդկանց մասին» (54-62), Փոտ պատրիարքի «Գրադարան», Գրիգոր Սքանչելագործի «Ներբողական խոսք Որոգինեսին» (239 թ.) երկերում, ինչպես նաև իր սեփական գրվածքներում։

Ծնվել է քրիստոնյա ընտանիքում 185 թվականին, Ալեքսանդրիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է իր հոր՝ քերականության ուսուցիչ Լեոնիդեսի դպրոցում։ Աշակերտել է Պանտենոսին և Կղեմես Ալեքսանդրացուն։ 202 թ., Սեպտիմոս Սևերոսի հալածանքների ժամանակ, Որոգինեսի հայրը նահատակվել է։ Որոգինեսը ցանկացել է հետևել հորը և նրա հետ նահատակվել, սակայն մայրը թաքցրել է նրա հագուստները, և մերկ դուրս գալու ամոթը հաղթել է նահատակության փափագին։ Հոր մահից հետո ընտանիքի հոգսը (մայրը և 6 փոքր եղբայրներ) ընկել է նրա ուսերին։ Սակայն ոմն ազնվափայլ տիկնոջ նյութական օժանդակությամբ հնարավորություն է ստացել շարունակել իր ուսումը Ալեքսանդրիայի Աստվածաբանական դպրոցում։ 206-210 թթ. զբաղվել է ուսուցչությամբ, նախ՝ անձնական նախաձեռնությամբ, ապա Աստվածաբանական դպրոցում։ Նա ապրել է շատ պարզ, ժուժկալ կյանքով։ Իր աշակերտներից ուսման վարձ չէր առնում, ապրուստը հոգում էր՝ ձեռագրեր արտագրելով։ Քնում էր գետնին։ Սխալ հասկանալով Մատթևոսի ավետարանի ԺԹ 12 հատվածը («որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»)՝ ներքինացրել է իրեն։

Նրա հռչակը շուտով տարածվել է Եգիպտոսի սահմաններից դուրս. նրան աշակերտում էին ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաև հեթանոսներ և հրեաներ։ 211/2 թթ. այցելել է Հռոմ, ուր ունկնդրել է Հիպպոլիտոսին։ 225 թ. այցելել է Արաբիա, 229/30 թ., մեկնել Պաղեստինի Կեսարիա քաղաքը, ուր, թեև աշխարհական, տեղի եպիսկոպոսների թույլտվությամբ քարոզել է եկեղեցիներում։ Ալեքսանդրիայի Դիմիտրիոս եպիսկոպոսն իր դժգոհությունն է հայտնել այս կապակցությամբ և հանձնարարել Որոգինեսին վերադառնալ։ Կայսր Ալեքսանդր Սևերոսի մոր՝ Յուլիա Մամմեայի հրավերով 231/2 – ի ձմռանը այցելել է Անտիոք։ 231/2 թ. Դիմիտրիոս Ալեքսանդրացին Որոգինեսին ուղարկել է Աթենք՝ պայքարելու հերետիկոսների դեմ։ Ճանապարհին՝ Պաղեստինի Կեսարիայում, տեղի Թեոկտիստոս եպիսկոպոսի կողմից ձեռնադրվել է քահանա՝ ինչը հակառակ էր եկեղեցական կանոններին, որոնցով արգելում էր ներքինիներին զբաղեցնել եկեղեցական պաշտոններ։ Դիմիտրիոսը կարգալույծ է հռչակել Որոգինեսին։ Սակայն Պաղեստինի, Արաբիայի, Փյունիկեի և Հունաստանի եպիսկոպոսները անտեսել են այդ որոշումը։ 234 թ. Որոգինեսը հանձնել է Ալեքսանդրիայի Աստվածաբանական դպրոցը իր աշակերտ Հերակլասին և մեկնել Պաղեստինյան Կեսարիա, որտեղ հիմնել է նոր դպրոց։ Կեսարիայի դպրոցում Որոգինեսը շարունակել է քրիստոնեության ընկալման համար փիլիսոփայական նախապատրաստման, Աստվածաշնչի մեկնության, աստվածաբանության ուսուցման իր գործը։ 234–250 թթ. գրել է բազմաթիվ մեկնողական և ջատագովական երկեր։ Իր տրամադրության տակ է ունեցել սղագիրներ, որոնք գիշեր-ցերեկ գրի էին առնում նրա դասախոսությունները։

Այս տարիներին Որոգինեսը կատարում է նաև մի շարք ճամփորդություններ՝ Կապադովկյան Կեսարիա (235 թ.), Նիկոմեդիա (239-40 թթ.), Արաբիա (240/42 թ.)։ 250 թ. կայսր Դեկոսի հալածանքների ժամանակ Որոգինեսը ձերբակալվել է։ Ատյանի առջև նա համարձակորեն խոստովանել է իր քրիստոնյա լինելը։ Թեև նա չի նահատակվել, սակայն բանտի չարչարանքները արդեն թուլացրել էին նրա մարմինը։ Մահացել է 253/4 թթ. Փյունիկեի Տյուրոս քաղաքում։

Գրվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոգինեսը եկեղեցական բեղմնավոր հեղինակներից մեկն է։ Մեկ աղբյուրի տվյալով գրել է շուրջ 6000 երկ (պրակ), մյուս՝ ավելի արժանահավատ աղբյուրը նշում է 2000 երկի մասին՝ տալով դրանցից շուրջ 800-ի անունը։ Որոգինեսի երկերի մեծ մասը մեզ չի հասել, իսկ մեզ հասած երկերից շատերը պահպանվել են ոչ թե իրենց հունարեն բնագրային վիճակում, այլ լատիներեն, ասորերեն, հայերեն և այլ լեզուներով թարգմանությամբ։

Որոգինեսը սկսել է ստեղծագործել 218 թ., 33 տարեկան հասակում։ Երկերի մեծ մասը թելադրել է՝ այնուհետև ստուգելով սղագիրների աշխատանքը։ Նրա երկերը ժամանակակից ուսումնասիրողների կողմից պայմանականորեն բաժանվում են մի քանի խմբերի՝ քննական, մեկնողական, ջատագովական-դավանաբանական, բարոյական-գործնական և այլն։

Քննական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեցսյունյակ (Աստվածաշնչի քննական սրբագրված տեքստի կազմում) - պահպանվել են միայն պատառիկներ

Մեկնողական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուծմունքներ (Աստվածաշնչի տարբեր գրքերի) - չեն պահպանվել
  • Ճառեր (քարոզներ Աստվածաշնչյան տարբեր հատվածների վերաբերյալ արտասանված Պատարագի ընթացքում)։ 574 ճառից պահպալվել է 21 ճառ հունարեն, 195 ճառ լատիներեն (117-ը Ռուփինոսի, 78-ը՝ Հիերոնիմոսի թարգմանությամբ)։
  • Մեկնություններ (291 հատորներից պահպանվ ել են. հունարենով՝ 8 հատոր Մատթեոսի Ավետարանի մեկնությունից, 9 հատոր Հովհաննեսի Ավետարանի մեկնությունից, լատիներենով՝ 4 հատոր Երգ Երգոցի մեկնությունից, 14 հատոր Մատթեոսի Ավետարանի մեկնությունից, 10 հատոր Առ Եբրայեցիսի մեկնությունից։ Պահպանվել են նաև բազմաթիվ հատվածներ Ծննդոց, Սաղմոսաց, Երգ Երգոց, Եսայու, Եզեկիելի և այլ գրքերի մեկնություններից)։

Ջատագովական-դավանաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յաղագս սկզբանց (պահպանվել է լատիներեն թարգմանությամբ)
  • Երկխոսություններ Հերակլիդասի հետ
  • Ընդդեմ Կելսոսի (8 գիրք)
  • Ստրոմատիս (10 գիրք)

Բարոյական-գործնական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղոթքի մասին
  • Նահատակության մասին
  • Զատկի մասին

Նամակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոգինեսը գրել է բազմաթիվ նամակներ (IV դարի առաջին կեսին կազմված նամակների ժողովածուն բաղկացած է եղել ավելի քան 100 միավորից), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն երկուսը՝ առ հուլիոս Աֆրիկացի և առ Գրիգոր Սքանչելագործ գրված նամակները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 647