Jump to content

Սահակ Ա Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Ա Պարթև
Սահակ Պարթև
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Գահակալություն387–439
ԻրավանախորդԱսպուրակես Ա Մանազկերտցի
ԻրավահաջորդՀովսեփ Ա Հողոցմեցի
Ծնվել է348 սեպտեմբերի 29
ԾննդավայրԿեսարիա
Մահացել էսեպտեմբերի 7, 439(439-09-07) (տարիքը 90)
Մահվան վայրգ. Բլուր, Բագրևանդ գավառ
Ազգությունպարթև
Կրթությունկապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում
 Isaac Parthev Վիքիպահեստում

Սուրբ Սահակ Պարթև (սեպտեմբերի 29, 348(0348-09-29)[3], Կեսարիա, Թուրքիա[3] - հուլիսի 10, 439[1][2] կամ սեպտեմբերի 7, 439[3], Աշտիշատ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։

Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, Ներսես Մեծի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում։ Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից (389 թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։ Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։

Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալի է Սահակ Ա Պարթևի մատենագրական ժառանգությունը։ Նա կարգավորել է հայկական Տոնացույցը, գրել եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունարեն Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում։

Ղազար Փարպեցին գրում է, որ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները, հայերեն և հունարեն հնչյունաբանությունը համեմատելիս, հաճախ դիմել են Սահակ Ա Պարթևին, որովհետև նա ստացել էր հիմնավոր ուսում, կատարելապես տիրապետում էր հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, քաջատեղյակ էր փիլիսոփայական ճարտասանություններին։

Սահակ Ա Պարթևի անունով պահպանվել են դավանաբանական թղթեր՝ ընդդեմ նեստորականության, բորբորիտների ու մծղնեների, ինչպես նաև նամակներ՝ ուղղված Թեոդոսիոս II կայսրին, Անատոլիոս կուսակալին, Կոստանդնուպոլսի Պրոկղ պատրիարքին, Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին։ Այս թղթերում (Գիրք թղթոց, էջ 1–21) Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո բանաձևել են Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը, հատկապես Պրոկղ պատրիարքին ուղղված պատասխան թղթում Հայ եկեղեցու հայրերը հաստատել են Մարդեղության խորհրդի (ընդդեմ Նեստորի) վերաբերյալ Նիկիայի Հանգանակի բանաձևումը, երեք տիեզերաժողովների դավանական վճիռները։ Այդ թուղթը, իբրև ուղղափառության փաստ, ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու թղթից անմիջապես հետո։

Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում։ Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է։ Նրա անունով հայտնի են Ժամագրքում զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզները, ինչպես նաև բազմաթիվ շարականներ՝ Ղազարի հարության, Ծաղկազարդի կանոնները, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծամասնությունը։

Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատող ունեցող տաղը։

Մի շարք հայ միջնադարյան աղբյուրներ Սահակ Ա Պարթևին են վերագրում հայոց եկեղեցական ձայնեղանակների՝ ութձայնի առաջին կարգավորումը։

Հայ եկեղեցին սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ։ Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը (Առաջավորաց պահքի կիրակիի 14-րդ օրը՝ հունվարի 24-ից փետրվարի 28-ը), երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում)։

2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 10-րդ փողոցն անվանակոչվել է Սահակ Պարթևի անունով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 244.
  2. 2,0 2,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 134—135.
  4. Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Ա Պարթև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Ա Պարթև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 134
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Ասպուրակես Ա Մանազկերտցի
(381386)
Սահակ Ա Պարթև
(387–439)
Հովսեփ Ա Հողոցմեցի
(440452)