Զաքարիա Ա Ձագեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Ա Ձագեցի
Մահացել է 876
Մահվան վայր Դվին, Դվին, Արարատի մարզ, Հայաստան
Մասնագիտություն քահանա

Զաքարիա Ա Ձագեցի (ծ. թ. անհայտ, ծննդավայր՝ Կոտայքի Ձագք գյուղ - 877 թ.[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 855 թվականից առ 877 թ.։ Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն։ Գահակալել է քաղաքական ծանր պայմաններում, երբ նոր էր ավարտվել հայերի 850-855 թթ. ապստամբությունը արաբական տիրապետության դեմ։ Զաքարիա Ա Ձագեցուն հաջողվում է մեղմել արաբների հալածանքները։ Կաթողիկոսը գործուն մասնակցություն է ունենում հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերություններում, պաշտպանում Հայ եկեղեցու դավանությունը Հույն եկեղեցու նկրտումներից, կասեցնում Կ. Պոլսի Փոտ պատրիարքի (858-867, 877-886) Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու փորձերը։ Զաքարիա Ա Ձագեցին Փոտ պատրիարքին հղած իր նամակում հիմնավորում է, որ Հայ եկեղեցու վարդապետությունը համահունչ է երեք տիեզերաժողովների դավանությանը։ 862 թվականին Շիրակավանում Զաքարիա Ա Ձագեցու և Աշոտ իշխանաց իշխանի նախագահությամբ տեղի ունեցած ժողովը մերժում է քաղկեդոնականություն ընդունելու Փոտի առաջարկը։

Զաքարիա Ա Ձագեցու գրչին է պատկանում թվով 14 ճառ, որոնք տեղ են գտել Ճառընտիրների և Տոնապատճառների մեջ։ Դրանք ընթերցվել են եկեղեցական տոների ժամանակ։ Ճառերից մի քանիսը (Ի Մկրտութիւնն, Ի չարչարանս Քրիստոսի, Ի մեծի աւուր շաբաթուն թաղման Տեառն« Ի Յարութիւն Քրիստոսի») շարադրված են Նիկոդեմոսի պարականոն Ավետարանի, Եղիշեի, Հովհան Ոսկեբերանի աշակերտ Թեոփիլոսի, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Եպիփան Կիպրացու համաբնույթ ճառերի հետևողությամբ։ Ճառերի մեծ մասն ունի մեկնողական ուղղվածություն, ինչն հատուկ էր վաղ շրջանի ճառերին։ Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր սկզբաղբյուրեր են Հայ եկեղեցու աստվածաբանության, քրիստոսաբանության, աստվածաշնչական պարականոնների, եկեղեցական ավանդության հետազոտման համար։ Այդ ճառերում կան ուշագրավ մանրամասներ, որոնք հաճախ յուրովի լրացնում են պարականոններից արդեն հայտնի պատումները։ Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր են հայոց լեզվի բառագանձի ուսումնասիրման համար։ Դրանց մեջ առկա բազմաթիվ բառամիավորումներ բացակայում են «Նոր բառագիրք հայկազյան լեզվի» բառարանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զաքարիա կաթողիկոս Ձագեցի (855-877), Ճառք. Աշխատասիրութեամբ Պօղոս Վրդ. Անանեանի, Վենետիկ-Ս. Ղազար, 1995 (Մատենագրութիւն նախնեաց, ԾԷ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զաքարիա կաթողիկոսի մահվան թվականի վերաբերյալ Ասողիկի վկայության («Եւ զկնի այսորիկ յՅԻԴ (324=877) թուականի վաճխանի Տէր Զաքարիա») վերաբերյալ միանգամայն դիպուկ ու ընդունելի է Հ. Պողոս Անանյանի մեկնաբանությունը. «Ասողիկ Հայ թուականի սկիզբը կը դնէ Քրիստոսի ծննդեան տարին ՇԾԳ (553), նկատի առնելով Անանիա Շիրակացիի զատկական ցուցակը, որ կը սկսի 553ի Յունուարով։ Ուստի Ասողիկի ՇԾԳ տարին մեր հաշուին հանդէպ երկու տարի ուշ է եւ պէտք է ՅԻԴ (324)ին աւելցնել երկու տարի եւս, այն է ՅԻԶ (326=877)» (տե՛ս Զաքարիա կաթողիկոս Ձագեցի, Ճառք, ներածութիւն, էջ ԺԸ, ծանոթություն 26)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Հովհաննես Դ Ովայեցի
Կաթողիկոս
855-876
Հաջորդող՝
Գևորգ Բ Գառնեցի