Jump to content

Աշոտ Ա Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշոտ Մեծից)
Աշոտ Մեծ
Բագրատունի
Արքա
(885-890)
կալանք
Աշոտ Մեծ Բագրատունի
Իշխանություն884891
Թագադրում884, Օգոստոսի 26
ՏիտղոսներԱրքա Հայոց, իշխան Բագրևանդի և Տայքի
Ծնվել է՝820(0820)
Մահացել է՝891, փետրվարի 2
Վախճանի վայրԿարսպարան Արշարունիք, Այրարատ, Մեծ Հայք
Թաղվել է՝Բագարան
Ազգությունհայ
Նախորդպաշտոնը հիմնադրվել է
ՀաջորդողՍմբատ Նահատակ
ՈւղեկիցԿատրանիդե Ա
ՏոհմԲագրատունիներ Բագրատունիներ
ՀայրՍմբատ Բագրատունի
ՄայրՀռիփսիմե իշխանուհի
ԵրեխաներՍոֆյա Բագրատունի[1], Սմբատ Ա Նահատակ[1], Շապուհ Բագրատունի[1], անանուն Բագրատունի[1], Սահակ Բագրատունի, Դավիթ Բագրատունի և Մարիամ Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Աշոտ I Մեծ (820 - փետրվարի 2, 891, Կարսպարան, Արշարունիք, Այրարատ, Բագրատունիների թագավորություն), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի արքա (884-891)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

Սպարապետ և իշխանաց իշխան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ VIII Խոստովանող Բագրատունու հեռանալուց հետո Հայոց իշխանի պաշտոնը զբաղեցրեց նրա որդի Աշոտ Բագրատունին (855-884), որին վիճակված էր լինելու Բագրատունյաց առաջին և Անիի թագավորության հիմնադիր արքան, իսկ սպարապետի պաշտոնն էլ բաժին հասավ նրա եղբայր Աբբասին: Ինչ վերաբերում է Հայաստանում մնացած ապստամբներին, ապա Բուղա ալ-Քաբիրի և նրա բանակի հեռանալուց հետո նրանք, ըստ էության, վերականգնեցին իրենց բոլոր դիրքերը, երբ, մասնավորապես, նույն 855 թվականի աշնանը Գուրգեն Ապուպելճ Արծրունու գլխավորած Արծրունյաց գունդը (մոտ 5.000) Արաբական խալիֆության բանակից (ընդհանուր մոտ 2.000) ազատագրեց Ջլմար, Սրինգ, ինչպես նաև Վասպուրականի մնացած բերդերն ու ամրոցները՝ գահերեց իշխանի իրավունքներով դառնալով ազատագրված Վասպուրականի փաստացի տիրակալ[2]: Ձևական հաշտություն այդպես էլ չկնքվեց, սակայն հենց այս իրադարձություներն էլ, ըստ էության, վերջը հանդիսացան Արմինիայի XIII ապստամբությանը։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ 862 թվականի օգոստոսին Արմինիայի քրիստոնյա տիրակալները Շիրակավանում աննկատ մի խորհրդակցություն են ունենում և արդյունքում Աշոտ Բագրատունուն ճանաչվում է Հայոց արքա: Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ 862 թվականին Գուրգեն Ապուպելճ Արծրունու բանակը (մոտ 500) ինչ-որ տեղ Մարդաստանում հաղթեց Գրիգոր-Դերենիկ Արծրունու գլխավորած Արծրունյաց գնդին (մոտ 800)[3]: Նույն տարվա աշնանը, սակայն, կրկին ինչ-որ տեղ Մարդաստանում, Արծրունյաց գունդը (մոտ 500) անակնկալ հարձակվեց Գուրգեն Ապուպելճ Արծրունու բանակի (մոտ 300) վրա և գերեց Գուրգենին[3]: Գուրգենին, սակայն, հետագայում հաջողվեց փախչել գերությունից: Նախորդ իրադարձություններից հետո իր բանակով Վասպուրական ժամանած Հայոց իշխան Աշոտ Բագրատունուն իր հերթին հաջողվեց գերել բանակցությունների համար իր մոտ ժամանած Գրիգոր-Դերենիկին, սակայն այս անգամ արդեն Գուրգեն Ապուպելճ Արծրունին, վեր կանգնելով ներտոհմային հակասություններից և առաջնորդվելով հենց Արծրունիների շահերով, բավականին կտրուկ կերպով Աշոտ Բագրատունուց պահանջեց ազատ արձակել գերյալին: Այնուհանդերձ, սակայն, որպեսզի կտրուկությունը մեղմվի, Գուրգենը նաև առաջարկեց, որ Բագրատունյաց իշխանը իր աղջիկ Սոֆիին կնության տա վերջինիս, որից հետո հակասությունները կհամարվեին իրոք սպառված: Հարկ է նշել, որ իր քաղաքական հեռատեսությամբ աչքի ընկնող Աշոտ Բագրատունուն ևս, դատելով ըստ ամենայնի, որպես Հարավային Հայաստանում իր դիրքերի ուժեղացման գրավական, պետք էր այդ ամուսնությունը և արդյունքում գործը գլուխ եղավ: Վատը, սակայն, այն էր, որ քաղաքական այս հաշվարկն իր հիմքում չուներ սերը, որպես ամուսնության ամրության ամենակարևոր մի գրավական, ինչը ապագայում իրեն զգացնել էր տալու և իր հերթին հեռուն գնացող հետևանքներ էր ունենալու: Այսպես թե այնպես, սակայն արդեն տարվա վերջին Սոֆիին ամուսնացրին Գրիգոր-Դերենիկի հետ և մեծապես ուժեղացան ոչ միայն Բագրատունիների դիրքերը Վասպուրականում, այլև՝ մեծապես բարձրացավ նաև հայերի միասնության աստիճանը: Լուծվեց խնդիրը նաև Գուրգեն-Ապուպելճի հետ, երբ վերջինս, Արծրունիների տոհմում այլևս, ըստ էության, չհավակնելով բարձր իշխանության, շարունակեց իշխել Մարդաստան գավառում և Անձևացիքում: Հարաբերությունները, սակայն, Արծրունիների տոհմի ներսում կարգավորված լինելով փաստորեն միայն ձևականորեն, հակամարտության երկու կողմերի միջև շարունակեցին բավականին սառը մնալ:

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի նեյացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

877 թվականի վերջին Մուհամմեդ ալ-Յամանին հատուկ կոչով դիմեց Աշոտ Բագրատունուն և, կանխատեսելով, որ Իսա իբն Շեյխը շուտով զրկվելու է ոստիկանի պաշտոնից, խնդրեց հենց իրեն ճանաչել Արմինիայի ոստիկան։ Հայոց իշխանը, սակայն, տալով իր համաձայնությունը, միաժամանակ պաշտոնական Սամառային խնդրեց Արմինիայի ոստիկան ճանաչել ոչ թե Մուհամմեդ ալ-Յամանին, այլ մինչ այդ երկու անգամ Արմինիայի ոստիկանի պաշտոնը զբաղեցրած Մուհամմեդ իբն Խալիդ աշ-Շեյբանուն, որը Շեյբանյանների տոհմից էր: Հայերի խնդրանքը բավարարվեց և Արմինիայի ոստիկան արդեն երրորդ անգամ հռչակվեց Մուհամմեդ իբն Խալիդը: Վերջինս, սակայն, իր այդ պաշտոնը զբաղեցրեց շատ կարճ և բարդությունները տեղում պահպանվեցին:

880 թվականի ամռանը Հայոց իշխան Աշոտ Բագրատունու գլխավորած Հայկական բանակը (մոտ 40.000) Կայսիկների էմիրության բանակից (մոտ 1.000) պաշարեց Մանազկերտը, սակայն, տեղեկանալով, որ Վասպուրականի Սևան ամրոցի (Վասպուրական, Արճիշակովիտ գավառ) տեր, Գրիգոր-Դերենիկի քեռորդի Հասանը գերել է Արծրունյաց իշխանին, հաշտություն կնքեց և շարժվեց Վասպուրական։ Արդյունքում՝ Գրիգոր-Դերենիկը առանց մարտի ազատվեց[4], իսկ Կայսիկների և Ութմանիկների էմիրություններն էլ ընդունեցին Հայոց իշխան Աշոտ Բագրատունու գերիշխանությունը:

Հայոց թագավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։

Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք

Դեռևս 870-ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։

885 թվականի օգոստոսի 26-ին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Բագարան քաղաքում, մինչ այդ արդեն 29 տարի Հայոց իշխանի պաշտոնը վարող Աշոտ Բագրատունին Սամառայից ստացած արքայական թագի և նշանակների կիրառմամբ հռչակվեց Հայոց արքա։ Աշոտ Բագրատունին փաստացի արքայական իշխանություն էր վարում արդեն ալ-Մութավաքիլի սպանությունից հետո, ընդ որում դա նաև ներիրավական ձևակերպում էր ստացել այն բանից հետո, երբ, Սամառայում սկիզբ առած քաոսի պայմաններում, ինչպես արդեն ասվեց, Արմինիայի քրիստոնյա տիրակալներն ի մի եկան և 862 թվականի օգոստոսին Շիրակավանում հրավիրված ժողովում նրան ճանաչեցին Հայոց արքա: Հետագա տարիներին, սակայն, Բագրատունյաց հեռատես ու զգուշավոր իշխանը, ըստ էության, լինելով արքայական իշխանության կրող ինչպես փաստացի, այնպես էլ իրավական մակարդակում, այնուհանդերձ որևէ կերպ տուրք չէր տալիս կեղծ մղումներին և, մասնավորապես անձնական փառասիրությանը ու որևէ կերպ չէր ընդգծում իր այդ կարգավիճակը՝ հատկապես միջազգային հարաբերություններում: 882 թվականի կեսերից սկսած, սակայն, երբ, կապված ալ-Մութամիդի անհաջող փախուստի ու հետ վերադարձվելու հետ, արդեն, թերևս, բոլորի համար էր ակնհայտ ինչպես այս խալիֆի, այնպես էլ պաշտոնական Սամառայի կաթվածահար վիճակը, Աշոտ Բագրատունին ու նրա համախոհները ակնհայտորեն եկան հետևության, որ ժամանակն է անցնել արդեն հաջորդ մակարդակին։ Արդյունքում՝ արդեն 883 թվականի գարնանը Արմինիայի քրիստոնյա տիրակալները հատուկ դիմում հղեցին իրենց վաղեմի ծանոթ, Շեյբանյանների հայտնի առաջնորդ ու Արմինիայի երբեմնի ոստիկան Իսա իբն Շեյխին և խնդրեցին նրան միջնորդել Սամառայում՝ Աշոտ Բագրատունուն թագ ու արքայական նշանակներ ուղարկելու հարցում: Իսա իբն Շեյխը, որն առանձնապես կողմ չէր հայերի ուժեղանալուն, սակայն դրա հետ միաժամանակ նաև արդեն ինքն էլ սեփական իշխանությունն ուժեղացնելու և իր անկախության աստիճանը մեծացնելու հարցում ակնհայտորեն հեռուն գնացող նպատակներ ուներ, Իսահակ իբն Քունդաջիկի հետ շարունակվող ծանր հակամարտության պայմաններում ընդառաջեց հայերին ու հաջողացրեց նրանց գործը Սամառայում: Թափած ջանքերի արդյունքը, սակայն, Շեյբանյանների էմիրին վայելել այդպես էլ չհաջողվեց, քանզի, մինչ թագն ու հարակից պարագաները Հայաստան կհասնեին, 883 թվականի ամռանը նա արդեն մահացել էր: Այսպես թե այնպես, սակայն 884 թվականի ամռանը Սամառայից ստացված թագն և արքայական նշանակներն արդեն Հայաստանում էին ու արդեն ոչինչ չէր կարող խանգարել Աշոտ Բագրատունուն իր փաստացի և ներիրավական վիճակին նաև արտաքին ու նաև միջազգային բովանդակություն հաղորդել՝ բացահայտորեն ընդունելով «թագավոր Հայոց» տիտղոսը: Եվ այսպես, Անիի թագավորության արքա հռչակվեց Աշոտ I Մեծը (884-891): 886 թվականի ամռանը Աշոտ I Մեծը ևս մեկ անգամ կազմակերպեց սեփական թագադրման արարողությունը և, որպեսզի չնսեմացնի քրիստոնյա դաշնակցին և անձամբ Վասիլ I-ին, ինչպես նաև, բնականաբար, ևս մեկ անգամ ընդգծի իր տեղն ու դիրքը Հայաստանում և հարակից երկրներում, այս անգամ էլ ընդունեց արդեն կայսրությունից ստացված թագը։ 887 թվականի գարնանը Աշոտ I Մեծը, ստացած թագեր արդեն տարածաշրջանի երկու գերտերություններից, ևս մեկ անգամ ստուգելով նոր կայսր Լևոն VI-ի վերաբերմունքն իր թագադրման վերաբերյալ ու ստանալով վերջինիս համաձայնությունը, կազմակերպեց իր թագադրության վերջնական և պաշտոնական տոնահանդեսը: Վերջին այս գործողությունը կոչված էր հատկապես ընդգծել Հայոց արքայի ուժը ու հեղինակությունը՝ վերջնականապես ամրագրելով նրա հարաբերությունների բնույթը քրիստոնյա այլ տիրակալների հետ: Աշոտ I Մեծը Ատրներսեհ Բագրատունուն՝ Ատրներսեհին (888-923), հռչակեց հենց նոր ստեղծված Արտանուջի թագավորության արքա՝ հանձնելով վերջինիս «թագավոր Վրաց» տիտղոսը: 891 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Բագարանի մոտ գտնվող Կարսպարան գյուղում յոթանասունմեկամյա Աշոտ I Մեծը ծանր հիվանդությունից հետո կնքեց իր մահկանացուն, որից հետո նրա դիակը տեղափոխեցին Բագարան և, այդպես էլ չկարողանալով սպասել արքայազն Սմբատին, ի վերջո հողին հանձնեցին Բագրատունիների տոհմական դամբարանում:

Աշոտ I Մեծը, որը զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից թագավորել էր 5-ից 7 տարի, իրականում, ըստ էության, նույն միապետի լիազորություններով, կանգնած էր երկրի գլխին ամբողջ 36 տարի՝ այդ ընթացքում իր ժողովրդի համար անելով իրապես այն ամենն, ինչ ստեղծված պայմաններում հնարավոր էր անել: Իրոք, այս արքան իր խոհեմ կառավարմամբ, ըստ էության, հանգիստ և առանց լուրջ դիմադրության հանդիպելու վիճակը հասցրեց նրան, որ, բացառիկ մի դեպք պատմության ընթացքում, Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունեցող տարածաշրջանի երկու գերտերությունների առաջնորդները ոչ միայն չէին դիմադրել Հայոց այս տիրակալի արքայական նկրտումներին, այլև՝ իրենք էին թագ ուղարկել վերջինիս: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Աշոտ I Մեծը կարողացավ մեկ բռունցքի մեջ հավաքել զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերություններով պայմանավորված քրիստոնեական մասնատված տարածաշրջանը՝ միաժամանակ կենտրոնացնելով և իր շահերին ծառայեցնելով նաև սեփական տոհմի արդեն վաղուց ի վեր վերընձյուղված ճյուղավորումները: Եվ վերջապես, որպես այս արքայի անուրանալի ձեռքբերում, կարելի է արձանագրել այն, որ վերջինս իր խոհեմ ներքին քաղաքականությամբ, ըստ էության, ամուր հիմքերի վրա դրեց երկրի ներքին կյանքը՝ վերջնական տեսք տալով թագավորության պետաիրավական ու վարչական համակարգին:

Աշոտը ցուցաբերել է ռազմա-քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

891 թվականի ապրիլի սկզբին Աշոտ I-ի մահից հետո Բագրատունիների թագավորության արքա հռչակվեց արքայազն Սմբատը՝ Սմբատ I-ը (891-913):

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։ Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թվականին Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքը և ծանակելով արտաքսեց երկրից։

Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը։ Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության։ Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև։ Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885թվականին նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»։ Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը։

Բագրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների։

Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմանները հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը։ Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելքի կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին։

Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունը։ Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխանների անհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին։ Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի

(855-885)

(885-890)
 
Կատրանիդե Ա

(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Նահատակ

(890-914)
 
 
 
 
 
 
Սահակ
 
 
 
 
 
 
Դավիթ
 
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոֆյա
 
Գրիգոր Արծրունի

(857-887)
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
Մարիամ
 
Վասակ Սյունի

(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ

(898-904)
 
Գագիկ

(904-908) / (908-943)
 
Գուրգեն

(904-925)
 
 
 
 
Գրիգոր

(859-913)
 
Սահակ
 
Վասակ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Երկաթ

(914-928)
 
Սահականույշ Սևադա
 
Աբաս Ա

(928-953)
 
Գագիկ

(897-898)
 
դուստր
 
Մլքե
 
Աշոտ սպարապետ
 
 
 
 
 

Աշոտ Բագրատունու թագադրության թվականի և գահակալության տարիների հարցը պատմագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Բագրատունու գահ բարձրանալու թվականի և գահակալության տարիների հարցին անդրադարձել են բազմաթիվ հետազոտողներ։ Աշոտ Բագրատունու գահ բարձրանալու թվականի ճշգրտման համար հիմք են ընդունում Գրիգոր Մաշկևորի տեղեկությունը(Աշոտ Ա-ի թագավորության սկիզբ 884 թվական)։ Վ. Հակոբյանը նշում է այն իրողության մասին,որ Աշոտ Բագրատունին դարձել էր 862 թվականից սկսած երկրի փաստական տեր ու տիրական, երբ հռչակվեց իշխանաց իշխան[5]։ Պատահական չէ, որ մի քանի պատմիչներ Արշակունյաց թագավորության ստեղծումը հաշվում են 434 տարի[6]։ Թագավորության վերականգնման թվական է դառնում 862-ը։ Սրա հետ է կապված նաև այն,որ Աշոտ Բագրատունու կինը՝ Կատրանիդեն, Գառնիի 879 թ. արձանագրության մեջ կոչվում է հայոց թագուհի։ Բացի այդ՝ պետք է նշել, որ Աշոտ Բագրատունին այնքան ինքնիշխան էր դարձել երկրի ղեկավարման գործում, որ նույնիսկ 878 թվականաին վտարեց Մուհամմադ իբն Խալիդ ոստիկանին[5]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 862թ. Արաբական խալիֆայությունից ճանաչվել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 121.
  2. Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 3, գլուխ 13
  3. 3,0 3,1 Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 3, գլուխ 14
  4. Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 3, գլուխ 20
  5. 5,0 5,1 «Ա. Տեր-Ղևոնդյան, Արմենիայի ոստիկանների ժամանակագրությունը, էջ 128» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  6. Սամուէլ Անեցի, էջ 95 Սամուէլ Անեցի էջ 95

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 486
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ա Մեծ» հոդվածին։