Վասակ Սյունի (մարզպան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասակ Սյունի
Դրոշ
Սյունիքի իշխան

Վրաց և Հայոց մարզպան

5-րդ դար
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 387(0387)
Վախճանի օր 454(0454)
Վախճանի վայր Տիզբոն, Asuristan
Դինաստիա Սյունի
Հայր Բաբիկ Ա Սյունի
Զավակներ Բա­բիկ Բ Սյունի, Ատր­ներ­սեհ Սյունի և դուստր՝ Վարազվաղանի կինը

Վասակ Սյունի (387-454), Սյունյաց նախարարության տանուտեր իշխան մոտ 410 թվականից, Հայոց մարզպան 441-451 թվականներին։

Պատանի տարիքում ապրել է Պարսից Սասանյանների արքունիքում՝ որպես պատանդ։ Հոր մահից հետո վերադարձել է հայրենիք, տապալել հորեղբորը՝ Վաղինակ Սյունուն, և նրանից խլել Սյունյաց տանտիրությունը։ 420–ական թթ. աջակցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Հայաստանի արևելյան նահանգներում դպրոցներ հիմնելու և լուսավորություն տարածելու գործում։ Շահելով Պարսից արքունիքի վստահությունը՝ 440 թվականին Վասակ Սյունին նշանակվել է Վրաց, ապա Հայոց մարզպան։ Պարսից Հազկերտ II արքայի՝ հայերին զրադաշտականություն պարտադրելու մասին հրովարտակի մերժողական պատասխանին մասնակցելու համար, այլ երևելի նախարարների հետ կանչվել է Տիզբոն՝ պատասխանատվության։ Առերես հավատափոխության և որդիներին պատանդ թողնելու գնով վերադարձել է Հայաստան։ 449-451 թվականներին երկրում ծավալված ժողովրդա-ազատագրական շարժման ժամանակ Վասակ Սյունին վարել է այն կանխելու և արյունահեղ կռվից խուսափելու քաղաքականություն, գտնելով, որ առանց Բյուզանդիայի ռազմական օգնության հայկական սակավաթիվ ուժերը չեն կարող հաղթանակի հասնել պարսկական մեծաքանակ ուժերի դեմ։ Նրա գաղափարակիցներից էր Սպերի իշխան Տիրոց Բագրատունին։ Չհասնելով արդյունքի, Վասակ Սյունին վճռական պահին լքել է ապստամբներին, պառակտել պայքարի միասնական ճակատը՝ իր կողմնակից մի քանի նախարարների հետ անցնելով պարսկական զավթիչների կողմը։ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտ–ից հետո պարսկական պատժիչ զորքերի հետ մասնակցել է ապստամբության ճնշմանը, հալածել է Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներին, կալանավորել և Պարսկաստան է ուղարկել մի շարք նախարարների ու հոգևորականների։ Պարսից արքունիքը, երբ հարկադրված է եղել Հայաստանում մեղմել բռնությունն ու կամայականությունները, վարել սիրաշահելու քաղաքականություն, Վասակ Սյունուն նախ հեռացրել է մարզպանի պաշտոնից և բռնագրավել նրա ունեցվածքը, ապա կանչել է Տիզբոն, ձերբակալել և տանջամահ արել մահապարտների բանտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]