Սյունիքի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Սյունիքի իշխանություն
 Արշակունիների թագավորություն
 Հայկական մարզպանություն
314 - 987 Արմինիա կուսակալություն 
Բագրատունիների թագավորություն 
Սյունիքի թագավորություն 
Քարտեզ

Սյունիք նահանգ, Մեծ Հայք.gif

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սյունի (Սիսիան)
Մակերես 18.000 կմ2
Լեզու հայերեն
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սյունիներ
Պետության գլուխ իշխան
Պատմություն
- 428 Հայկական մարզպանության մաս
- 571 Ատրպատականի մաս
- 650 Արաբական արշավանքներ
- 820 Իշխանության մասնատում

Սյունիքի իշխանություն, միջնադարյան ենթակա կազմավորում Հայկական լեռնաշխարհի արևելքում՝ Սյունիք նահանգում, 314-987 թվականներին։ Հիմնադրվել է Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի հրամանով՝ 314 թվականին[1]։ Իշխանությունը ղեկավարել է Սյունիների ազնվական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 18 000 կմ2։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Շաղատ ավանը (Սիսիանի շրջան), 820-ական թվականներից՝ Եղեգիս գյուղաքաղաքը (Եղեգնաձորի շրջան)։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Արաբական խալիֆայությունը, իր մեջ վերստին ներառել է Վայոց ձոր և Գեղարքունիք գավառները, որոնք ժամանակ առ ժամանակ անջատվում էին իշխանության տարածքից։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) Քաշաթաղի շրջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևելքը։

Տարբեր ժամանակներում կազմել է Արշակունիների թագավորության (314-428 թթ.), Հայկական մարզպանության (428-571 թթ.), Ատրպատականի (571-650 թթ.), Արմինիա կուսակալության (701-885 թթ.), Բագրատունիների թագավորության (885-987 թթ.) մասը[2]։

Սյունիքի իշխանությունը միակն էր, որ չլինելով Բագրատունիների շառավիղ, կարողացավ ի զորու լինել՝ հռչակելու երկիրը ինքնուրույն թագավորության։ Դրա հռչակումից մոտ 70 տարի առաջ որպես ինքնուրույն միավոր առանձնացել էր Վասպուրականի թագավորությունը՝ Արծրունիների գլխավորությամբ, սակայն վերջիններս ամուսնական կապերով մտերմացել էին Բագրատունիների հետ և վաղուց ամրապնդել իրենց դիրքերը։ Այն կարողացավ գոյատևել նույնիսկ Անիի Բագրատունիների կործանումից մեկուկես դար անց, ապա, սելջուկյան արշավանքներից հետո, այն բաժին հասավ Պռոշյան և Օրբելյան ազնվական ընտանիքներին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքում նախամարդը բնակություն է հաստատել հազարավոր տարիներ առաջ։ Դրա վկայությունն են Քարահունջ (Սիսիանի շրջան), Խնձորեսկ (Գորիսի շրջան), Լճաշեն (Սևանի շրջան) և այլ գյուղերում կատարված հնագիտական պեղումները։ Հայկական լեռնաշխարհում երկաթի դարի ավարտին ստեղծվում է Վանի թագավորությունը, որի սահմաններում ընդգրկվում է նաև Սյունիքը։ Վանի արքաները Սյունիքի տարածքում ծավալել են շինարարական աշխատանքներ, հիմնել բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։

Մ.թ.ա. 6-րդ դարի սկզբից Սյունիքի տարածքը մտել է նորաստեղծ Երվանդունիների հայկական թագավորության կազմ։ Մ.թ.ա. 189 թվականից՝ Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորության կազմում Սյունիքը ծայրագավառային նահանգ էր։

Արշակունիների հաստատումից հետո, ձևավորվել է Սյունիքը՝ որպես վարչաքաղաքական միավոր[4]։ Այն բաղկացած էր տասներկու գավառներից՝

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի իշխանությունը հիմնադրվել է 314 թվականին՝ հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի իշխանության տարիներին (287-330 թթ.)։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում տեղի էին ունենում արմատական փոփոխություններ. 301 թվականին ընդունվում է քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ 4-րդ դարում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Առավել ազդեցիկ և զորեղ ընտանիքներին թագավորը շնորհում է ընդարձակ կալվածքներ՝ ժառանգատիրության սկզբունքով։ Հայ ավագանին ստրկատեր-զորավարներներից վերածվում է նախարարական, ապա՝ իշխանական դասի[5]։

Կամուրջ Շաղատ գետի վրա: Գտնվում է պատմական Շաղատ բերդաքաղաքից ոչ հեռու: Թվագրվում է 19-րդ դարին:

Սյունիները մշտապես եղել են թագավորի կողքին կանգնած առավել զորեղ ընտանիքներից։ Դեռ հայոց ավանդական թագավոր Վաղարշակը, ում հիշատակում է Մովսես Խորենացին, Սյունիներին նշանակել էր Մեծ Հայքի արևելյան սահմանագլխի կուսակալ և արքունի զորքերի հրամանատար։ Արշակունիների զինվորական համակարգում՝ «Զորանամակում», գրանցված Սյունի իշխանները կարողացել են մարտադաշտ դուրս բերել 19 400 հեծյալ և զբաղեցրել են առաջին գահը[6]։ Ցուցաբերած ծառայությունների և սխրանքների համար, արքաներից արժանացել են մեծամեծ պարգևների ու պատիվների, արտոնվել են՝ բազմել արծաթե գահույքին, կրել մարգարտյա վարսակալ, վարազագիր մատանի և ոսկյա մական, հագնել կարմիր կոշիկ։ Սյունիների իշխանանիստ կենտրոնը եղել է Ծղուկք գավառի Շաղատ գյուղաքաղաքը, որտեղ կառուցել են ապարանք։ Կենտրոնի ընտրությունը պատահական չէր. այնտեղ գտնվում էին ևս երկու բերդեր, որոնք թվագրվում էին Երվանդունիների ժամանակաշրջանին (մ.թ.ա. 6-4-րդ դարեր)[7]։

Սյունիքի առաջին իշխան Անդովկ Ա Սյունին, ի թիվս այլ մեծամեծերի, մասնակցել է Հռոմեական կայսրության Կեսարիա քաղաք մեկնած խմբին, որը պետք է ականատես լիներ հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի օծմանը։ Նրա որդին՝ Վաղինակ Ա Սյունին, ով ժառանգել էր հոր գահը, հայոց թագավոր Խոսրով Գ Կոտակի գահակալման տարիներին (330-338 թթ.) մասնակցել է Աղձնիքի ապստամբ բդեշխ Բակուրի դեմ արշավանքին, թագավորի հրամանով ամուսնացել սպանված բդեշխի դստեր հետ և կառավարել Աղձնյաց բդեշխությունը։ Վաղինակ Ա Սյունուն (330-339 թթ.) հաջորդում է եղբայրը՝ Անդովկ Բ Սյունին։ Նա կառավարում է մոտ կես դար՝ 339-385 թվականներին, և բարձր դիրք գրավում Տիրան Բ, Արշակ Բ, Պապ ու Վարազդատ թագավորների արքունիքում։ Արշակ Բ-ի իշխանության տարիներին տեղի ունեցած ներքին խառնակությունների ընթացքում թագավորը բաժանվում է Օլիմպիա թագուհուց, ով Հռոմի կայսեր ազգականներից էր, և ամուսնանում է իր կողմից սպանված Գնելի այրու՝ Անդովկ իշխանի դուստր Փառանձեմի հետ։

Արշակունիների թագավորության ընթացքում եղել են ևս երեք իշխաններ, որոնցից երկուսը եղել են Անդովկ Բ Սյունու որդիները (Բաբիկ Ա, Վաղինակ Բ), իսկ վերջինը՝ Բաբիկի որդի Վասակ Ա-ն (413-451 թթ.)։ Սյունիները, բացի վերջինից, պահպանել են հավատարմությունը կենտրոնաձիգ թագավորական իշխանության հանդեպ, արքային զորք տրամադրել պատերազմի տարիներին։ Վասակ Սյունին 428 թվականին, ի թիվս այլ ազդեցիկ նախարարների, դիմում է պարսից արքային՝ հայոց թագավորությունը կործանելու և Հայաստանը պարսկական մարզպանության վերածելու խնդրանքով։

Օտար տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

428 թվականին Արշակունիների թագավորությունը հեռացավ պատմության ասպարեզից։ Մեծ Հայքի թագավորության ծայրագավառները անցան հարևան երկրներին. Գուգարքը միացավ Վիրքին, Ուտիքը և Արցախը՝ Աղվանքին, Փայտակարանը և Պարսկահայքը՝ Ատրպատականին, Կորճայքը՝ Սասանյան Պարսկաստանին անմիջականորեն։ Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգները Բյուզանդական կայսրությանն էին անցել դեռ 387 թվականին՝ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ[8]։

Սյունիքի իշխանությունը դառնում է սահմանային նահանգ՝ Հայկական մարզպանության կազմում։ Այն ունենում է կենտրոնախույս ձգտումներ և վարում ինքնուրույն քաղաքականություն։ Վասակ Ա Սյունու (413-451 թթ.) իշխանության տարիներին բարձրանում է Սյունիքի քաղաքական դիրքը։ Հայ նախարարների շարքում մրցակցությունն ուժեղանում է Սյունիների ու Մամիկոնյանների միջև։ Վերջիններին, ովքեր տասնամյակներ շարունակ զբաղեցնում էին սպարապետի պաշտոնը, պարսից արքունիքը չէր վստահում։ 442 թվականին Վասակը դառնում է հայոց մարզպան։ Նրան վստահվում է Սասանյան Պարսկաստանի հյուսիսային սահմանի՝ նաև Ճորա պահակի (Դերբենդ) պաշտպանությունը։

450-451 թվականների Վարդանանց պատերազմից հետո Հայաստանի մարզպան է նշանակվում դարձյալ պարսիկ պաշտոնյա, իսկ 481-484 թվականների Վահանանց պատերազմի արդյունքում մարզպանի պաշտոնում են հայտնվում Մամիկոնյանները։ Ապստամբության տարիներին սպանվում է Գեդեոն Սյունին, ով շարունակում էր պարսկամետ քաղաքականություն վարել։

571 թվականին Պարսկաստանի տիրապետության դեմ հայ նախարարները ընդվզում են. Կարմիր Վարդանի ապստամբության հետևանքով 20-ամյա պատերազմ է սկսում Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև (572-591 թթ.)։ Արդյունքում Հայաստանի երկրորդ անգամ բաժանվում է երկու տերությունների միջև. սահմանային փոփոխությունն արվում է հօգուտ կայսրության, իսկ Սյունիքը միանում է Ատրպատականին՝ որպես առանձին շահր։ Այսպիսով, Հայկական մարզպանության մեջ մտնում են երկու հիմնական նահանգ՝ Վասպուրականը և Տուրուբերանը՝ Այրարատի որոշ գավառների հետ միասին։ 610 թվականին, երբ պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը գրավում է Երուսաղեմը, և իր հետ տանում սուրբ Հարություն տաճարում պահվող Հիսուս Քրիստոսի խաչափայտը, Հերակլիոս Ա կայսրն արշավում է Իրան և ազատում այն։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել ոչ միայն հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ, այլև Սյունյաց Բյուրեղ իշխանուհին[9]։

Արաբական արշավանքների շրջանում Սյունիքի իշխանությունը պայքարում է թշնամու դեմ։ Արդյունքում Հայաստանը ձեռք է բերում որոշակի ինքնավարություն։ Սյունիքի տարածքում կառուցվում են մի քանի շինություններ, որոնցից ուշագրավ է Սուրբ Գրիգոր եկեղեցին Սիսավան (Սիսիան) բնակավայրում։ Ավելի ուշ՝ 701 թվականից, Հայաստանը, Վրաստանը ու Աղվանքը միանում են վարչաքաղաքական մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության կազմում[10]։ Սյունիների ազդեցությունը խիստ թուլանում է։

Հզորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ դարում Հայաստանում քաղաքական իրավիճակը բարդանում է հայոց իշխան Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753 թթ.)։ Հայերը, օգտվելով խալիֆայությունում տեղի ունեցող դինաստիական փոփոխությունից, որոշում են ապստամբել։ Մուշեղ Մամիկոնյանը պաշտոնազրկվել է, և հայոց իշխան է ճանաչվել Սահակ Բագրատունին (753-775 թթ.), իսկ սպարապետ՝ Սմբատ Բագրատունին։ Արաբական տիրապետության դեմ հաջորդ ազատագրական պատերազմը ծավալվել է 774-775 թվականներին, որն ավարտվել է պարտությամբ։ Մի շարք նախարարական տոհմեր՝ Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Գնունիները, Ռշտունիները և ուրիշներ գաղթել են Բյուզանդիա։

Հայաստանում նոր հզորացում են ապրել Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները։ Բագրատունիներին մնացել էր Հայաստանից արտագաղթած նախարարական տոհմերի տիրույթների մեծ մասը՝ Մոկսը, Տարոնը, Սասունը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Տաշիրը, Տայքը, Կղարջքը և այլն։ Նրանք Հայոց իշխանի և սպարապետի գերագույն պաշտոնները դարձրել են իրենց տոհմական մենաշնորհը, տնօրինել երկրի քաղաքական և ռազմական կյանքը։ Բագրատունիների վրացական ճյուղը, ինչպես նաև Սյունիքի ու Վասպուրականի տերերը ստանում են «գահերեց իշխան» կոչումը։ Նրանք այդ պաշտոնը պահպանում են մինչև թագավոր դառնալը[11]։

821 թվականին Վասակ Գ Սյունի իշխանի (780-821 թթ.) տիրույթները ենթարկվում են հարձակումների՝ արաբների կողմից։ Խուրամյան շարժման ղեկավար Բաբեկը հարձակվում է Սյունիքի Բաղք ու Գեղարքունիք գավառների վրա։ Վասակի մահից հետո Սյունիների տոհմը ճյուղավորվում է 5 մասի։ Գեղարքունիքի իշխան Սահակ Բ-ն, ով հիմնում է Հայկազունների տոհմը, մահանում է Խալիդ ոստիկանի դեմ պայքարի ժամանակ։ Սևանի ավազանի հանդեպ ազդեցությունն ուժեղացնելու նպատակով ժամանակի առաջադեմ քաղաքական գործիչ Աշոտ Բագատունին իր դստերը՝ Մարիամին, կնության է տալիս Վասակ Գաբուռ իշխանին։

850 թվականներին Բաղդադի խալիֆը, դժգոհ լինելով Հայաստանի քաղաքական հզորացումից, զորքեր է ուղարկում Հայաստան։ 850-855 թվականների ապստամբության ընթացքում արաբները հարձակվում են նաև Սյունիքի իշխանության վրա։ 853 թվականի գարնանը Բուղա զորավարի գլխավորությամբ թշնամու ջոկատները հարձակվում են Վայոց ձորի վրա, գերում Վասակ Իշխանիկին ու Աշոտին, ուղարկում նրանց Դվին, ապա՝ Սամառռա (Բաղդադի մոտ)։ Ապստամբության ավարտից հետո նրանք հետ են վերադառնում, Վասակ իշխանիկը ժառանգում է Վասակ Գաբուռի տիրույթները՝ Գեղարքունիքը։ 875 թվականին նա Գրիգոր Սուփան Բ-ի կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցու կազմակերպած ժողովին, որի ժամանակ որոշվում է խալիֆին առաջարկել՝ Աշոտ Բագրատունուն ճանաչելու հայոց թագավոր։

Աստիճանաբար մտերմանալով Բագրատունիների հետ՝ Սյունիքի իշխանները ձգտում են ընդլայնել իրենց սահմանները։ Արաքս գետի ափին գտնվող վաճառաշահ Նախճավան քաղաքին տիրանալու նպատակով Սյունիները վիճում էին Արծրունիների հետ։ Սմբատ Ա թագավորը (890-914 թթ.) վեճը լուծում է հօգուտ Սյունիների։ Արդյունքում Գագիկ Արծրունին օգնության խնդրանքով դիմում է Ատրպատականի ամիրա Յուսուֆին, ով նրան թագավոր է ճանաչում։ Սյունիքի իշխանները նույնպես անցնում են թշնամու կողմը։ Երկարատև պատերազմն ավարտվում է հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի հաղթանակով։

Միաժամանակ հզորանում է Սյունիքի եպիսկոպոսական աթոռը։ 910 թվականին օծվում է Տաթևի վանքը, որը հետագայում մեծ դեր է խաղում միջնադարի ու նոր ժամանակների մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքում։ Սյունիների ազդեցությունը մեծանում է, և 987 թվականին նրանք իշխանությունը վերափոխում են թագավորության[12]։ Դա տեղի է ունենում Սյունիքի վերջին իշխան Սմբատ Սյունու ժամանակ, ով դառնում է Սյունիքի առաջին թագավորը[13]։

Իշխանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի իշխաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 314 - Անդովկ Ա (Անտիոքոս)
  • 330/339 - Վաղինակ Ա՝ Անդովկ Ա-ի որդի
  • 339-384/385 - Անդովկ Բ՝ Վաղինակ Ա-ի եղբայր, հայոց սպարապետ
  • 385-404 - Բաբիկ Ա՝ Անդովկ Ա-ի որդի
  • 404-413 - Վաղինակ Բ, Անդովկ Բ-ի որդի
  • 412-451 - Վասակ Ա, Բաբիկ Ա-ի որդի, հայոց մարզպան (442-451)
  • 451-475 - Վահան Ա, Վաղինակ Բ-ի որդի
  • 475-490 - Բաբիկ Բ կամ Բաբկեն Ա, Վասակ Ա-ի որդի
  • 475-483 - Գեդեոն, Վահանի որդի, հակագահ իշխան
  • 483-490 - Վռամ (Վահրամ), Գեդեոնի որդի, հակագահ իշխան
  • 491-502 - Վասակ Բ, Վռամի որդի
  • 502-511 - Արտաշիր Ա, Վասակի որդի
  • 514-524 - Բաբկեն Բ, Արտաշիրի որդի
  • 535-553 - Հորհան Ա, Բաբկենի որդի
  • 553-554 - Վրույր, Հորհանի որդի
  • 554-564 - Գրիգոր Ա, Վրույրի որդի
  • 564-587 - Արտաշիր Բ, Գրիգորի որդի
  • 590-591 - Փիրան Ա, Արտաշիր Բ-ի որդի
  • 593-595 - Սարգիս Ա, Փիրանի որդի
  • 598-608 - Սահակ Ա, Սարգսի որդի
  • 621-636 - Գրիգոր Բ, Սահակ Ա-ի որդի
  • 636-652 - Հրահատ Ա, Գրիգոր Բ-ի որդի
  • 652-679 - Հորհան Բ, Հրահատ Ա-ի որդի
  • 680-698 - Քուրդ Ա, Հորհան Բ-ի որդի
  • 729-741 - Բաբկեն Գ, Քուրդ Ա-ի որդի
  • 750 - Քուրդ Բ, Բաբկեն Գ-ի որդի
  • 750-780 - Ատրներսեհ
  • 780-821 - Վասակ Գ, Քուրդ Բ-ի որդի

Վայոց ձորի իշխաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 821-848 - Փիլիպե Ա, Վասակ Գ-ի որդի
  • 848-851 - Բաբկեն Դ Ներսեհ, Փիլիպե Ա-ի որդի
  • 851-892 - Վասակ Զ Իշխանիկ, Փիլիպե Ա-ի որդի
  • 853 - Գրիգոր, հակագահ իշխան
  • 881 - Հրահատ, հակագահ իշխան
  • 892-908 - Աշոտ Ա, Փիլիպե Ա-ի որդի, գահերեց իշխան
  • 892-943 - Փիլիպե Բ, Վասակ Դ-ի որդի, գահերեց իշխան
  • 909-940 - Սմբատ Ա, Աշոտ Ա-ի որդի, գահերեց իշխան
  •  ? - Բաբկեն Ե, Աշոտ Ա-ի որդի, գահերեց իշխան
  • 920-963 - Վասակ Ե, Սմբատ Ա-ի որդի, գահերեց իշխան

Գեղարքունիքի իշխաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, ‎ 1990, p. 245-254, 504-505 et 518-521.
  2. René Grousset, Histoire de l’Arménie des origines à 1071, Paris, Payot, ‎ 1947 (réimpr. 1973, 1984, 1995, 2008), 644 էջ, էջ 643.
  3. Ստեփանոս Օրբելյան, Պատմություն նահանգի Սիսական: Թիֆլիս.: Տպ. օր. Ն. Աղանեանցի, 1910, 618էջ
  4. «Армянская География VII века по Р. Х (приписывавшаяся Моисею Хоренскому)». Пер. с др.-арм. и коммент. К. П. Патканова. - СПб., 1877
  5. Новосельцев А. П., Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. - Наука, 1972. - էջ. 76
  6. Cyril Toumanoff. Armenia and Georgia // The Cambridge Medieval History. - Cambridge, 1966. - Т. IV: The Byzantine Empire, part I chapter XIV. - С. 593-637
  7. Թ.Խ. Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 205-206
  8. Փավստոս Բուզանդ, История Армении / Թարգմանություն ռուսերենի՝ գրաբարից М. А. Геворгян, խմբագիր՝ С. Т. Еремян: Вступит, - Ереван, 1953
  9. Սահակյան Ա.Ս., Հացունյաց անվավեր պատմությունը և նրա բանավոր տարբերակները, էջ 135-142
  10. Ժամկոչյան Հ. Գ., Հայոց պատմություն, էջ 407-411
  11. Հայկական համառոտ հանրագիտարան, Հայաստանի քաղաքական կացությունը վաղ միջնադարում, էջ 143
  12. Mark Whittow. The making of Byzantium, 600-1025. - University of California Press, 1996. - С. 202
  13. Вардан Великий. Часть 3 // Всеобщая история Вардана Великого - М., 1861. - էջ 128-129
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png