Վաչե Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչե Մամիկոնյան
Մահացել է 335[1] կամ 338[2]
Ծնողներ հայր՝ Արտավազդ Ա Մամիկոնյան[1][2]
Երեխաներ Մանվել Մամիկոնյան

Վաչե Մամիկոնյան (ծննդյան թվականն անհայտ է-մահացել է մոտ 338), Հայոց սպարապետ, Մամիկոնյան տոհմի նահապետ։ Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավազյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 283 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]