Երևանի ինքնապաշտպանություն (1724)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Երևանի ինքնապաշտպանություն, 1724 թվականին տեղի ունեցած դիմադրություն պատմական Այրարատ նահանգի՝ ուշ միջնադարի խոշորագույն քաղաքում՝ Երևանում։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, և ազատագրական պայքարի սկիզբ դնել։ Հայաստանում պետականությունը վերականգնելու համար արևելահայերը սպասում էին Ռուսական կայսրության օգնությանը, որով էլ պայմանավորված էր շարժման ակտիվությունը։

Ինքնապաշտպանությունը տևել է շուրջ 3 ամիս, որի արդյունքում 10,000 բնակչություն ունեցող Երևանը թուրքական բանակը կարողացավ գրավել՝ տալով 20 հազար զոհ։ Որոշ ժամանակ անց օսմանյան բանակը շարժվում է դեպի Արևելյան Հայաստանի մյուս գավառները, որտեղ ևս ազատագրական պայքար էր ծավալվել։ Սյունիքի ու Արցախի ազատագրական պայքարը ավարտվեց թուրքերի հաղթանակով, սակայն վերջիններս երկրամասում մնացին մի քանի տարի։ Արևելյան Հայաստանը թուրքերից վերագրավելուց հետո Իրանի Նադիր շահը հաշվի նստեց հայերի հետ՝ հատուկ հարգանքի արժանացնելով Անդրկովկասի ժողովուրդների շարքում։

Արևելահայության ազատագրական պայքարը կապվում էր 18-րդ դարի սկզբի հայ ազատագրական շարժման ծաղկման հետ։ Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրություն՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։ 1715 թվականին նոր դեսպանություն է ուղարկվում Պարսկաստան՝ Արտեմի Վոլինսկու և Ռուսաստանում Օրու գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանի գլխավորությամբ։

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը։ Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Իրադրությունն Անդրկովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի թագավորության դեմ Հյուսիսային պատերազմը տևեց շուրջ քառորդ դար (1700-1721)։ Դրա հաղթական ավարտի շնորհիվ Ռուսաստանը վերածվեց կայսրության, ամրապնդվեց Մերձբալթիկայում և կարողացավ կապ ծովային կապ հաստատել Արևմտյան Եվրոպայի զարգացած տերությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների, ինչպես նաև իտալական ու գերմանական քաղաք-պետությունների հետ։ Բալթիկ ծովի ափին կառուցվեց Ռուսաստանի նոր մայրաքաղաքը՝ Սանկտ Պետերբուրգը։

Պատերազմի ավարտից հետո Պետրոս Մեծ կայսրը ձեռնամուխ եղավ Կասպից ծովի արևմտյան երկրամասերի գրավմանը։ Իրանում սկսված ներքին խառնաշփոթից շահ Հուսեյնին պաշտպանելու պատրվակով նա 1722 թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։ Կասպիական արշավանքը տևում է մեկ տարի (1722-1723)։ Դերբենդը գրավելուց հետո Պետրոս I-ը վերադառնում է Աստրախան՝ զորքերի առաջխաղացումը դեպի Կասպից ծովի հարավային ափերը հետաձգելով հաջորդ տարվան։

Միևնույն ժամանակ, ոգևորված ռուսական արշավանքի լուրով՝ Վրաստանի ազատագրման նպատակով ապստամբության նախապատրաստություններ էր տեսնում Քարթլիի արքա Վախթանգ VI-ը։ Նա բանակցություններ էր վարում Պետրոս I-ի հետ՝ Ռուսաստանից օժանդակություն ստանալու համար։ Թագավորը Արցախի հայ ազատագրական ուժերին առաջարկել էր համատեղ հանդես գալ պարսից լծի դեմ։

Արևելյան Հայաստանը այդ ժամանակ բաժանված էր երկու կուսակալությունների միջև. Երևանի կուսակալությունն իր մեջ ընդգրկում էր գրեթե ամբողջ պատմական Այրարատ նահանգը, ինչպես նաև Սյունիքի որոշ մեծ մասը՝ Գողթանը, Շարուրը, Վայոց ձորը և Գեղարքունիքը։ Ղարաբաղի կամ Գանձակի կուսակալության մեջ ընդգրկված էին Սյունիքի հարավը՝ Զանգեզուրը, Արցախ և Ուտիք նահանգներն ամբողջությամբ։ Գուգարք նահանգի որոշ գավառներ՝ Լոռի-Փամբակը, Ղազախ-Շամշադինը, Ջավախքը և Կղարջքը, ընդգրկված էին վրացական թագավորություններից երկուսի՝ Քարթլիի և Իմերեթի կազմում։ Պատմական Պարսկահայք նահանգը և Վասպուրականի արևելյան գավառները կազմում էին Թավրիզի կուսակալության մասը։ Վրաստանից դուրս գտնվող հայկական տարածքներում առավել ակտիվ էին Սյունիքն ու Արցախը, որտեղ այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները։ Նրանք իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Հայ հոգևորականության վերնախավը՝ Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսների գլխավորությամբ, օժանդակում էր հայ ազնվականությանը։

Արցախի ազատագրական պայքարը ղեկավարում էին տեղական մելիքները և Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Սյունիքում ազատագրական ուժերի դիրքերը թույլ էին, ուստի տեղի շարժումը կազմակերպելու համար Վրաստանից 30 հայ կամավորների ջոկատով մեկնում է Դավիթ Բեկը։ Հայկական զորքերի մի մասը, միանալով վրացական բանակի ջոկատներին, ընդամենը՝ 10 հազար զինվոր, Կասպիական արշավանքի ժամանակ գնում են Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրը։ Մոտ երկու ամիս սպասելուց հետո՝ 1722 թվականին աշնանը, լուր ստացվեց Պետրոս I-ի Դերբենդից վերադառնալու և արշավանքը հետաձգելու մասին։ Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս։ Հայկական ուժերը արշավանքի հույսով հեռանում են հայրենի գավառներ՝ ապստամբություն կազմակերպելու և երկիրն անկախացնելու նպատակով[1]։

Երևանը ուշ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հին Երևան

Երևանի կուսակալությունը, որը հիմնականում զբաղեցնում էր ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքը, զանգվածաբար բնակեցվել էր մուսուլմաններով։ Ուշ միջնադարում նրա տարածքում գոյություն ունեցող միակ խոշոր քաղաքը հայաբնակ Երևանն էր[2]. Անին, Դվինը և այլ քաղաքները թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերվել էին։ Կուսակալության տարածքը շուրջ 45,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը։ Թուրք-պարսկական հերթական պատերազմի ընթացքում 1603-1604 թվականների Շահ Աբբասի հրամանով կատարվում է բռնագաղթ, որի ժամանակ 300 000 արևելահայեր լքում են երկիրը։ Եթե մինչ այդ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, ապա դրանից հետո այստեղ են տեղափոխվում զանազան թյուրքական և քրդական ցեղեր։ Հայերը սեփական հայրենիքում դառնում են փոքրամասնություն։ Այդ պատճառով կուսակալության հայ կալվածատերերը չէին կարող ընդհանուր դիմադրություն կազմակերպել։

Հին Երևանը ուշ միջնադարում տարածվում էր Զանգվի (Հրազդան) կամրջից և շրջանագծով բարձրանում էր մինչև Նորք ու իջնում նորից Հրազդանի կիրճ։ Քաղաքի տարածքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)՝ Կոնդ, Բուն քաղաք (պարս․՝ شهر` «շահար») և Քարահանք (պարս․՝ دمر بولاغ` «Դամըռ–Բուլաղ»)։ Կոնդի և Շահարի միջև ընկած էր շուկան, որից ոչ հեռու գտնվում է Երևանի իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։

Երևանի ինքնապաշտպանության մասին տեղեկություններ է հաղորդում դեպքերի ժամանակակից Աբրահամ Երևանցին[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաղաքական դրությունը Անդրկովկասում»։ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։ Վերցված է 6 փետրվարի 2016 
  2. Կարապետյան Մ. Բնակչության էթնիկ կազմը և էթնիկ պրոցեսները Երևանում // Պատմաբանասիրական հանդես. — Երևան — Էջ  95-103. [ Արխիվացված] է 6 փետրվարի 2015 սկզբնաղբյուրից:
  3. Այվազյան Ա. Երևանի 1724 թվականի պաշտպանության ժամանակագրության մասին // Պատմաբանասիրական հանդես. — Երևան — Էջ  93-100. [ Արխիվացված] է 6 փետրվարի 2015 սկզբնաղբյուրից:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png