Հայասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայասա
 Արատտա Մ.թ.ա. XVI դար - Մ.թ.ա. XIII դար Նաիրի 
Քարտեզ

Hayasa2.jpg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կումախա
Լեզու Հայերեն
Զորք 700 մարտակառք
10.000 հետևազոր
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայասա կամ Հայասա-Ազզի, հնագույն հայկական պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. XVI առ XIII դդ։ Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև։ Հայասայի կարևոր կենտրոններից եր Կումախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էր հայոց թագավորների դամբարանը։ Մ.թ.ա. ΧV դ. վերջին և մ.թ.ա. ΧIV դ. սկզբին Հայասա թագավորությունը կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. ΧIII դարի վերջին։

Անվան ծագումը[խմբագրել]

Ուսումնասիրողները (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց և ուրիշներ) գտնում են, որ Հայասա անունը կազմված է «հայ» արմատից, «սա» խեթական վերջածանցից և նշանակում է հայերի երկիր, Հայաստան։

Պատմություն[խմբագրել]

Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ XV դ. 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ.թ.ա. XV-XIII դդ. Հայասան ռազմական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային լայն հարաբերությունների մեջ էր խեթական պետության հետ։ Մ.թ.ա. XV դ. վերջին-XIV դ. սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հայասան թոթափել է խեթական տիրապետությունը։ Խեթական թագավոր Թուդխալիա III (մ.թ.ա. մոտ XIV դ. սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ.թ.ա. մոտ 1397-48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթական թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ.թ.ա. մոտ 1348-20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հայասայի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթական մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում, երբ Հայասայի ավագները տեսնում են, որ իրենց ամրացրած քաղաքները չեն կարողանում կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան, միայն այդ ժամանակ է, որ Հայասան հնազանդվում է Մուրսիլիին։ Մ.թ.ա. XIII դ. խեթական արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ.թ.ա. XII-XI դդ. ասորեստանյան արձանագրություններում, Հայասան հիշատակվում է Նաիրի անունով։ Մ.թ.ա. XIII դ. վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հայասայի տարածքի զգալի մասը մտել է Հայկական լեռնաշխարհում առաջացած պետական միավորումների՝ Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ։

Քաղաքները[խմբագրել]

Հայասայի կարևոր քաղաքներն էին Արխիտան (ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (Բաբերդից արևմուտք), Արիպսան, Դուկկաման (Ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայի Կամախը), Հայասան և Ազզին (հետագայի Երզնկայի մոտ) ևն։

Բանակը[խմբագրել]

Տոհմատիրական կարգերի քայքայման շրջանում գտնվող բոլոր ցեղերի նման հայասցիները ևս եղել են խիստ մարտունակ։ Սրանց զորքը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Սրանց զորքը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Նրանք պատրաստել և կռիվներում օգտագործել են նաև ռազմակառքեր։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր։

Էթնիկական կազմ[խմբագրել]

Գերիշխող կարծիքն այն է, որ Հայասա-Ազզի երկրի բնակիչները պատկանում էին խուրրիական ցեղերին։[1] Սակայն բացահայտվում են այնպիսի փաստեր, որոնք կարող են մեկնաբանվել հօգուտ հայասացիների լեզվի հնդեվրոպական ծագման։[1] Իր ժամանակին իբրև վարկած հայտնված այս տեսակետը հետագայում զարգացվեց Գևորգ Ջահուկյանի կողմից։ Հայասայի լեզվից մեզ հասած սակավաթիվ տվյալների (հայասական անձնանունների ու տեղանունների) վերլուծությունը բերեց նրան այն եզրակացության, որ հայասական լեզուն պատկանում է հնդեվրոպական հին անատոլիական լեզուների խեթական-նեսիական (ավելի ճիշտ՝ խեթա-լոլվիական) խմբին, կամ որ այն թերևս ինքնուրույն հին անատոլիական լեզու է։ Այս տվյալների լույսի տակ փորձ է արվում պարզելու հայասական բաղադրատարրի բնույթը հայոց լեզվի մեջ։[2] Նա նույնիսկ ենթադրում է «հայասա-իշոլվական բարբառների մնացորդների» առկայությունը ուրարտերենում և հայերենում։

Այնուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ եթե Hayasa անունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվան և նրա կողմից զբաղեցրած երկրի անվան, ապա այդ նույնը չի կարելի ասել հայասերեն լեզվի մասին։ Այդ լեզուն կարող է դիտվել թերևս որպես ձևավորվող հայերեն լեզվի հնագոլյն շերտերից մեկը, բայց ոչ նրա հիմքը, որովհետև, ինչպես կտեսնենք առաջիկայում, հայոց լեզվի հիմքը դարձավ մ. թ, ա. XII դարից Հայկական լեռնաշխարհ թափանցած թրակա-փռյուգական լեզվախմբին պատկանող արիմ-արմենների լեզուն։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Г. Копанцян, Хейеса — колыбель армяк, passim: В. Бэнэцяну, Некоторые вопросы этногенеза армян, ՊԲՀ, 1961
  2. Г. Б. Джаукян, Хайасский язык н его отношение к индоевропейский языкам.
  3. Այս կապակցությամբ արժե անդրադառնալ նաև թրակա-պելասգյան նախահունական լեզվին և նրա հնարավոր առնչությանը հայոց լեզվին, Թրակա-պելասգյան (նախահունական) լեզուների և հայերենի համեմատական ուսումնասիրությունը բուլղարական գիտնական Վլադիմիր Գևորգևին բերում է այն եզրակացության, որ <<Նախահունարենը (պելասգերենը)ալբաներենի և հայերենի միջև գրավում է միջանկյալ դիրք թե՛ աշխարհագրական տեսակետից և թե՛ հնչյունական զարգացման առանձնահատկություններով>> :Այս ուղղությամբ կատարված նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայասական լեզվի ուսումնասիրման ժամանակ, բացի խեթա- լուվիական լեզուներից, պետք է հաշվի առնել նաև թրակա- պելասգյան լեզուներով խոսող ցեղերը, որոնք Կիլիկիայի կողմից թափանցում էին Կիզզվանտայի ( անտիկ Կատաոնիան) վրայով Հայասա- Ազզի ցեղային միության տերիտորիան և որոշ փոխազդեցության մեջ մտնում այնտեղ բնակվող ցեղերի հետ։ Թրակա-պելասգյան լեզուներով խոսող ցեղերի ազդեցությունը նշմարվում է Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների լեզվի, պաշտամունքի և տեղանունների ու ցեղանունների մեջ։ Հատկապես նշելի է Αγαιοί || Hayasa անունների նմանությունը։ (В. И. Георгиев, Исследования по сравнительно- историческому языкознанию, М. 1958
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png