Jump to content

Հայկական Տավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական Տավրոս
թուրքերեն՝ Toros Dağları
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ
Բարձրություն (ԲԾՄ)3726
Երկարություն650 կմ
Մեծագույն գագաթԴեմիրկոզըք
Քարտեզ
Քարտեզ

Հայկական Տավրոս, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում[1], ներկայիս Թուրքիայում։ Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչև Բոհտան գետը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300 մ։ Իշխանասար, Սիմսար, Մարութասար գագաթները ունեն 3000 մ բարձրություն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Տավրոսի մակերևույթը մասնատված է Եփրատի, Տիգրիսի և նրանց վտակների հովիտներով։ Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. Կիլիկիայի և Եփրատի կիրճերի միջև, միջին՝ մինչև Բիթլիսի կիրճը և արևելյան՝ մինչև Բոհտանի կիրճը։

Հայկական Տավրոսի արևելյան մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի Վանա լիճ՝ հասնելով Վարագասար, տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին։

Հայկական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան և մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով և վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բարձրակողմանի խզումներով։ Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով։ Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին։ Հաճախակի են ռելիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով։ Կան ստորերկրյա քարանձավներ։

Արևելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից։ Օգտակար հանածոներից կան նավթ, պղինձ և բազմամետաղներ, քրոմիտ, ծծումբ, առատ են շինանյութեր։ Լեռնահամակարգի գլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական և լադշաֆտային առանձնահատկություններ։ Հյուսիսային լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։

Տարեկան տեղումներն աճում են 300 մմ-ից մինչև 1000 մմ։ Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատային, միջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստաններ, լեռնակատարներում՝ ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ։ Հարավային լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400-500 մմ-ից 1000-1500 մմ են։ Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են սոճի, լիբանանյան մայրի, կաղնի, մշտադալար մերձարևադարձային անտառներ, որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական լեռնաշխարհ, Հայկական հանրագիտարան։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 191