Խարբերդի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խարբերդի դաշտ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում Արևելյան Եփրատի ստորին հոսանքում։ 900-1000 մ բարձրության բարդ աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի լեռնային համակարգում։ Հիմքի այլուվիալ դարավանդային մասը ելուստներով բաժանվում է 2 մասի՝ Էլյազըղի և Մոլլաքենդի։ Արևելքում Արածանու հովտով միանում է Բալուի դաշտին, արևմուտքում՝ Եփրատի կիրճով Մալաթիայի դաշտին։ Օգտակար հանածոներից կան քրոմի, պղնձի, բազմամետաղների, մարմարի հանքավայրեր։ Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական և սեզոնային խիստ տատանումներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -5 °C է՝ հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ։ Տարածված են շագանակագույն տափաստանային և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով։ Ոռոգվող հողերում մշակում են բրինձ, բամբակ, խաղող և պտուղներ։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png