Շիրակի սարահարթ, Գյումրիի միջլեռնային գոգավորության հատակային մասը Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի միջին հոսանքի ավազանում։ Հյուսիսում Շիրակի, արևելքում Փամբակի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են, հարավ-արևելքում Շարայի լեռ (Կողգաթ) և Արագած հրաբխային զանգվածները։ Արևմուտքում աստիճանաբար ձուլվում է Կարսի հրաբխային սարահարթին[1]։
Հայաստանի սահմաններում երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 20 կմ։ Բարձրությունը 1400-1800 մ է։ Կազմված է լճագետային նստվածքներից։ Զգալի տարածություններ ծածկված են տուֆային լավաներով։ Մակերևույթը արևելքում հարթ է, Ախուրյանի ու նրա վտակների հովիտներում՝ կտրտված (բնորոշ են սեղանաձև մնացորդային բարձրությունները)։ Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը —7 °C-ից մինչև —9 °C է (նվազագույնը՝ —35 °C), հուլիսինը՝ 18-20 °C (առավելագույնը՝ 35 °C), տարեկան տեղումները՝ 400-500 մմ (գլխավորապես գարնանը)։ Ձմռանը հաճախակի են ջերմաստիճանային ինվերսիաները, գոյանում է 30-40 սմ բարձրությամբ կայուն ձյունածածկույթ (90-120 օր)։ Շիրակի դաշտով հոսում է Ախուրյան գետը՝ Գյումրի, Քառանազու, Կարս, Կարախան վտակներով։ Շիրակի դաշտի սահմաններում Ախուրյանն ունի 4-5 դարավանդներով լայն հովիտ, Մարմաշենի մոտ կան սողանքներ։ Տափաստանային լանդշաֆտ է։ Տարածված են սևահողերը և մուգ շագանակագույն հողերը։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը (խնձոր, տանձ, սալոր, բալ)։ Շիրակի դաշտում են Շիրակի ջրանցքը, Ախուրյանի, Կառնուտի և այլ ջրամբարներ։ Շիրակի դաշտը հարուստ է շինանյութերով (տուֆ, բազալտ, պեմզա, կրաքար, կավեր)։ Շիրակի դաշտը հնուց փառաբանվել է որպես հացահատիկի շտեմարան։ Այդ է վկայում Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում պահպանված առածը. «Դու Շարայի որկոր ունես, բայց մենք Շիրակի ամբարներ չունենք»։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 93 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 515)։