Jump to content

Շիրակի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի սարահարթ
Տեսակգոգավորություն
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
ԲԾՄ1970 մետր
Մասն էԿարսի սարահարթ
Քարտեզ
Քարտեզ

Շիրակի սարահարթ, Գյումրիի միջլեռնային գոգավորության հատակային մասը Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի միջին հոսանքի ավազանում։ Հյուսիսում Շիրակի, արևելքում Փամբակի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են, հարավ-արևելքում Շարայի լեռ (Կողգաթ) և Արագած հրաբխային զանգվածները։ Արևմուտքում աստիճանաբար ձուլվում է Կարսի հրաբխային սարահարթին[1]։

Գրականության մեջ Շիրակի դաշտի մի հատվածը՝ Գյումրիի շրջակայքը, երբեմն կոչում է Ալեքսանդրապոլի դաշտ[2]։

Հայաստանի սահմաններում երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 20 կմ։ Բարձրությունը 1400-1800 մ է։ Կազմված է լճագետային նստվածքներից։ Զգալի տարածություններ ծածկված են տուֆային լավաներով։ Մակերևույթը արևելքում հարթ է, Ախուրյանի ու նրա վտակների հովիտներում՝ կտրտված (բնորոշ են սեղանաձև մնացորդային բարձրությունները)։

Տեղ-տեղ բարձրանում են լեռներ, որոնք պահպանել են իրենց թյուրքալեզու անվանումները՝ Աղրիբուջաղ (1855 մետր)[3], Ավդութափա (1845 մ[4]), Գիրլիպոլ[5], Գյուլխասի՝ Լեռնանցք գյուղի հյուսիսային կողմում[6], Դիբաքլի[7], Զաղիթափա՝ Ձիթհանքով գյուղից հարավ-արևմուտք (1770 մ)[8]։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի դաշտով հոսում է Ախուրյան գետը՝ Գյումրի, Քառանազու, Կարս, Կարախան վտակներով։ Շիրակի դաշտում են Շիրակի ջրանցքը, Ախուրյանի, Կառնուտի և այլ ջրամբարներ։ Շիրակի դաշտի սահմաններում Ախուրյանն ունի 4-5 դարավանդներով լայն հովիտ, Մարմաշենի մոտ կան սողանքներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափաստանային լանդշաֆտ է։ Տարածված են սևահողերը և մուգ շագանակագույն հողերը։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը (խնձոր, տանձ, սալոր, բալ)։ Շիրակի դաշտը հարուստ է շինանյութերով (տուֆ, բազալտ, պեմզա, կրաքար, կավեր)։ Շիրակի դաշտը հնուց փառաբանվել է որպես հացահատիկի շտեմարան։ Այդ է վկայում Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում պահպանված առածը. «Դու Շարայի որկոր ունես, բայց մենք Շիրակի ամբարներ չունենք»։

Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը -7 °C-ից մինչև -9 °C է (նվազագույնը՝ -35 °C), հուլիսինը՝ 18-20 °C (առավելագույնը՝ 35 °C), տարեկան տեղումները՝ 400-500 մմ (գլխավորապես գարնանը)։ Ձմռանը հաճախակի են ջերմաստիճանային ինվերսիաները, գոյանում է 30-40 սմ բարձրությամբ կայուն ձյունածածկույթ (90-120 օր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 93 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 107 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 199 — 992 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 360 — 992 էջ։
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 869 — 992 էջ։
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 909 — 992 էջ։
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 102 — 992 էջ։
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 261 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 515