Jump to content

Հայկական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստանի մշակույթից)

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով։

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում (հիմնականում Ջավախքում, Թբիլիսիում, Աբխազիայում, Օսեթիայում), Ռուսաստանում, Եվրոպայում (առավել հաճախ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում և Մոլդովայում), Միջին Արևելքում (հիմնականում Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում) ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (հիմնականում Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում), Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Նարեկացին 1173 թվականի ձեռագրից

Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցի է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։ 1002-ին Նարեկացին ավարտում է իր «Մատյան Ողբերգությանը»` որը հիրավի համարվում է հայ միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։ Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։ XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։

Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը»։ Թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145 թվականին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը[14], ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն խազեր, 12-րդ դարի հայ նոտագրություն
Կին երգասաց՝ սազով

Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ[2]։ Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։ Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։ Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։

Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրանկարչության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ըստ Վիքիպեդիայի "Հնդեվրոպական լեզուներ" հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակների հայերեն խոսողների թվաքանակն աշխարհում հասնում է 10 միլիոն 700 հազար մարդու։
  2. Վահան Կուրկջյան «Հայաստանի պատմություն», 1958 թ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]