Ուշ միջնադարի հայկական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետություն, 15-17-րդ դարերում պատմական հայրենիքում և Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերում ձևավորված ճարտարապետություն։ Դա հայկական միջնադարյան ճարտարապետության երրորդ՝ վերջին փուլն է (վաղ՝ 4-7-րդ դարեր, զարգացած՝ 10-14-րդ դարեր, ուշ՝ 15-17-րդ դարեր)։ Այդ դարաշրջանում հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից, և դրան նախորդել էին Մոնղոլ-թաթարների (14-րդ դար), Կարա-Կոյունլուների ու Ակ-Կոյունլուների (15-րդ դար) տիրապետությունը, որին հաջորդել էին Հայաստանի երրորդ (1555) և չորրորդ (1639) բաժանումները Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի միջև։ Հայաստանում միայն 17-րդ դարի սկզբից համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրի վերականգնման և շինարարական գործունեության վերսկսման համար։ Կարճ ժամանակում կառուցվել են բազմաթիվ պաշտամունքային, քաղաքացիական շինություններ և ճարտարապետական համալիրներ։ Նոր ձևավորվող հայկական գաղթօջախներում նույնպես կառուցվեցին վարչական ու կրոնական, մշակութային ու տնտեսական նշանակության շինություններ։

Ճարտարապետական համալիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շինությունները, ի տարբերություն IX-XIV դարերի համալիրների, ստեղծվել են միասնական մտահղացումով՝ շինություն մեկ շրջանում, որը նպաստել է յուրաքանչյուր համալիրի ծավալատարածական միասնությանը և հատակագծային կանոնականությանը։ Հիմնականում ուղղանկյուն հատակագծով համալիրները շրջափակված էին պարիսպներով, որոնց պարագծով տեղաբաշխվել են բնակելի և տնտեսական շինությունները (Սյունիքում՝ Տաթևի Մեծ անապատ, Կնեվանք, Շատիվանք, Արցախում՝ Ամարաս, Այրարատում՝ Մուղնու Սբ. Գևորգ, Նախիջևանում՝ Ագուլիսի Սբ. Թովմա, Փառակայի Սբ Հակոբ, Ապրակունիսի Սբ Կարապետ և այլն)։ Որոշ դեպքերում վանքի եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (Սբ. Թովմա, Էրեմերի Սբ. Աստվածածին, Կտուց անապատ, Մուշի Սբ. Առաքելոց, Աստապատի Կարմրավանք և այլն)։

Շինությունների նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XII դարի վանական համալիրներին բնորոշ է հորինվածքներում պաշտամունքային և պաշտպանական խնդիրների զուգակցումը։ XVII-XVIII դարերում պաշտպանական նպատակներով ամրացվել և հարմարեցվել են Գնդեվանքը, Նորավանքը, Տաթևի, Թադեի, Հոգյաց վանքերը և այլն։ XVII դարի նորակառույց համալիրներում է ձևավորվել վանք-ամրոցի հորինվածքը, որի բնորոշ նմուշներից են Տաթևի Մեծ անապատի, Շատիվանքի, Խոր վիրապի, Ամարասի, Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի, Ագուլիսի Սբ Թովմայի և այլ համալիրներ։ Ճարտարապետական համակառույցների կազմավորման ընթացքում մեծ դեր են ունեցել աշխարհիկ շինությունները՝ բնակելի շենքերը, սեղանատները, գավիթներն ու աստիճանաձև զանգակատները։

Շինությունների ճարտարապետական լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII-XVIII դարերում Սյունիքում կառուցվել են հիմնականում միանավ և եռանավ բազիլիկ, Նախիջևանում՝ 4 հենարաններով գմբեթավոր բազիլիկ եկեղեցիներ, Այրարատում և Վասպուրականում, բազիլիկ կառույցներից բացի, նաև այլ տիպեր՝ գմբեթավոր դահլիճներ, խաչագմբեթ եկեղեցիներ։ Եթե վաղ միջնադարյան բազիլիկներում ներքին տարածությունը բաժանվել է 3-4 զույգ մույթերով 3 նավի, ապա XVII դարի բազիլիկներում մույթերը հիմնականում 2 զույգ են, կան նաև 1 զույգ մույթերով (Հորթատեր, Կնեվանք, Ռինդ, Շինուհայր, Ձողավոր, Բիստ, Շոռոթ)։ Դրանք չունեն վաղմիջնադարյան կառույցների գետնախարիսխները, սյունասրահները, ճակտոնները։ XVII դարի գմբեթավոր բազիլիկները (Մուղնու, Ագուլիսի, Մեսրոպավանի, Ցղնայի, Փառակայի, Ապրակունիսի, Գաղի, Մեղրիի և այլն) իրենց հատակագծային և ծավալային լուծումներով մոտ են VII դարի նույնատիպ հուշարձաններին։ Եթե Արևմտյան Հայաստանում դեռևս կիրառվել է քառասյուն գավիթների կենտրոնակազմ հորինվածքը, ապա Արևելյան Հայաստանում XVII դարում գավիթները վերածվել են եռակամար բաց սրահի՝ կցվելով եկեղեցիների արևմտյան ճակատներին։ Որոշ դեպքերում այդ սրահները համատեղվել են զանգակատների հետ (Մուղնի, Շողակաթ, Երևանի Զորավոր

Ճանապարհներ և կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարում նախադրյալներ են ստեղծվել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի, Փամբակ և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երևանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջները՝ տեղանքի հարմար ընտրությամբ և ինքնատիպ հորինվածքներով։ Զգալիորեն զարգացել են Վան, Կարս, Բաղեշ, Մուշ, Կարին, Երզնկա, Գյումրի, Էջմիածին քաղաքները, հատկապես Երևանը՝ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն դառնալուց հետո։ XVI-XVIII դարերում Երևանի տարածքային կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, համատարած այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։ XVII-XVIII դարերի ճարտարապետությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման մեջ։ Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին (1664 - 1669) հյուսիս-արևմուտքից Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալի վանքը (1694 - 1695) հարավ-արևմուտքից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png