Զարգացած միջնադարի հայկական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարգացած միջնադարի հայկական երաժշտություն, երգերի, շարականների ստեղծագործում Միջնադարյան Հայաստանում, ինչը նպաստում է հայկական ազգային երաժշտության ու պարերի զարգացմանը։ Զարգացած միջնադարում՝ 8-9-րդ դարերում, հանդես են գալիս հայկական խազերը։

Հայկական երաժշտության ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ։ Մինջնադարյան ձեռագիր

Դեռ նախնադարում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը[1]։ Այդ հնագույն երգերից մեկը, որը վերաբերում է մ.թ.ա. 2-րդ դարին, պատմում է հայ արքա Արտաշեսի և ալանների արքայադստեր՝ Սաթենիկի մասին․

Հեծավ արի արքա Արտաշեսը
գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ
անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ
օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը[2]։

Հայերեն խազեր, հին հայկական նոտագրություն, X դար

301 թվականից երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։

Հայկական նոտագրություն, XII դարի ձեռագիր

Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։

Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թվականին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։

V - VI դարերում ստեղծվում են առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին, Կոմիտաս Ա Աղցեցին։ Եկեղեցական երաժշտության զարգացման ընթացքում ձևավորվում են շարականները (V դարVII դարում երաժիշտ Բարսեղ Ճոնը կազմում է շարականների առաջին ժողովածուն։ 7-րդ դարի հիմնագիրներից հայտնի է նաև կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին։ Ձայների երկրորդ համակարգումը կատարեց Ստեփանոս Սյունեցին՝ 8-րդ դարի առաջին կեսին։ Վերջինս եկեղեցական երաժշտության մեջ ներմուծեց նաև կանոնը։ Հին հայկական երաժշտության զարգացման մեջ նոր ձեռքբերում էր երաժշտական նոտագրության՝ խազերի ստեղծումը 8-9-րդ դարերում։ Խազերի հնագույն ձեռագիրը վերաբերում է 9-րդ դարին։ Ընդհանուր առմամբ պահպանվել է խազերի ավելի քան 2000 ձեռագիր։ Հնադարյան Հայաստանի երաժշտական մշակույթի մասին հայտնում է նաև Դավիթ Անհաղթը (V - VI դդ)։

Գուսանը կատարում է երգ հարսանիքին, XVI դարի մանրանկար

Գուսանները հայ ժողովրդական երգիչներն են։ Նրանց ստեղծագործությունները բացարձակապես հասարակական բնույթ են կրում։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսանները ծառայում էին Գիսանե աստվածուհու տաճարում, մասնակցում էին ֆարսերի և երգիծական ներկայացումներին։ Գուսանական երաժշտությունը սերում է ստրկատիրական ժամանակաշրջանի Հայաստանի «վիպասանների» ստեղծագործություններից։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում առաջացան «գուսանները» և «վարձակները»։ Գուսանական երգերի մասին վկայում են 5-րդ դարի հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլք։ Ժողովրդական երգիչներ գուսանները երգերը կատարում էին հիմնականում խնջույքներին, հարսանիքներին և այլն։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ Հ

Շարականները հոգևոր երգերն են[3]։ Պահպանվել են V - XV դարերի մեծ քանակությամբ շարականներ։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրերից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ[3]։ Շարականները հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզն է։ Արդեն VII դարում Բարսեղ Ճոնը կաթողիկոս Ներսեսի հանձնարարությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։

Երաժշտության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի կատարող՝ սազով, հայկական մանրանկար, 1211 թ

Հայկական երաժշտությունը նշանակալիորեն զարգանում է զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում՝ X-XIII դարերում։ Դրան նպաստում է հայկական ազգային պետության վերականգնումը IX դարի կեսերին։ X դարում ստեղծվում է պրոֆեսիոնալ երաժշտության նոր ուղղություն՝ տաղը։ Տաղերը խոշոր հասարակական կամ հոգևոր վոկալ պիեսներ են, որոնք ունեն դրամատիկական, վիպական, ինչպես նաև քնարական բնույթ։ Այդ ստեղծագործություններն իրենց սկզբնաղբյուրներով սերում էին գուսանական և գյուղական երաժշտությունից։ Տաղերի առավել հայտնի հեղինակներից են Գրիգոր Նարեկացին (X դար), Խաչատուր Տարոնեցին (XII դար) և այլք։ Հայկական Վերածննդի գուսանական գաղափարները արտացոլված էին ինչպես տաղերում, այնպես էլ «Սասունցի Դավիթ» էպոսում, որը վերջանականապես ձևավորվեց IX - X դարերում։ Հայկական երաժշտական մշակույթի հիմնական զարգացումը կապված է հենց տաղերի հետ։ Երաժշտական նոտագրության համակարգը կատարելագործվում է XI դարում՝ խազերի ի հայտ գալով։ Այն թույլ էր տալիս ավելի ճշգրիտ ֆիքսել մեղեդին։ Ստեղծվում են «Խազգիրք» ժողովածուները, որոնք հանդիսանում էին նաև յուրօրինակ ուսումնական ձեռնարկներ։ Հին հայկական երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Ներսես Շնորհալին (XII դար), ով գրեց բազմաթիվ երգեր, տաղեր և շարականներ։ Հովհաննես Իմաստասերը (XI - XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար) և այլք իրենց աշխատություններում ուսումնասիրում էին երաժշտա-գեղագիտական բնույթի թեմաներ։ Առաքել Սյունեցին, Հակոբ Ղրիմեցին գրել են տվյալ ժամանակաշրջանի երաժշտական գործիքների մասին։ Մեծ արժեք են ներկայացնում Կիլիկիայի թագավորությունում ստեղծված պատմական երգերի բառերը (Հեթում Ա արքայի որդի Լևոնի գերեվարության մասին և այլն)։ XIV դարից հասարակական տաղերը զգալիորեն դուրս են մղում շարականներին և այլ հոգևոր ստեղծագործություններին։ Հատկապես սկսած XVI դարից՝ Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի միջև բաժանվելուց հետո, ամրապնդվում են սոցիալական թեմաները և գերակայում են ողբերգական երգերը։

Միջնադարյան երգերի ժողովածուներից են Շարակնոցը, Գանձարանը, Մանրուսմունքը և Տաղարանը[4]։

Հայկական խազեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու՝ հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տառերը՝ երաժշտությունը ֆիքսելու համար։ Հին հայկական երաժշտական նոտագրությունը՝ խազերը, ստեղծվել են VIII-IX դարերում։ [5] Խազերի ստեղծման նախաձեռնողը հավանաբար Ստեփանոս Սյունեցին է եղել[6]։ XII դարից խազերը զարգանում էին նաև Կիլիկիայում[5], Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը (XII դար), Գևորգ Սկեռացին (XIII դար) և այլք բարելավում էին խազերի համակարգի և դրանց նշանների կատարման մեկնաբանման տեխնոլոգիան[6]։ Հայտնի են ավելի քան 40 հիմնական և մինչև 20[5] կամ 30[6] լրացուցիչ, ինչպես նաև բազմաթիվ ածանցյալ նշաններ։ Խազերը բաժանվում են 3 հիմնական կատեգորիաների[6]։ Բացի այդ հայկական խազերը պալեոբյուզանդական նշանային համակարգից տարբերվում էին նաև իրենց գրաֆիկական գրելաձևով, անվանումներով և նշանների փոխհարաբերությամբ[6]։ Պահպանվել են ծավալուն ձեռագիր հատորների հսկայական քանակություն, որոնք պարունակում են միջնադարյան հասարակական և հոգևոր ստեղծագործությունների խազային գրառումներ։ IX դարից հայտնի են նաև ձեռագրեր էկհնչյունական նոտագրությամբ։

Երգերի ժողովածու, 1322 թ Երգերի ժողովածու, 1332 թ Երգերի ժողովածու, 1342 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]