Ուշ միջնադարի հայ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

15-16-րդ դարերի չափածոյի հարուստ և ուշագրավ մասն են կազմել պատմական ողբերը, որոնք ստեղծվել են քաղաքական մեծ իրադարձությունների առիթով և ճանաչող, ու գրական արժեք ունեն։ Նշանակալի են Գրիգոր Խլաթեցու «Յիշատակարան աղէտից» (1422), Աբրահամ Անկյուրացու «Ողբ ի վերայ առման Կոստանդինուպօլսոյ» (1453), Առաքել Բաղիշեցու «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլու» (1453), Ներսեսի «Ողբ մայրաքաղաքին Կաֆայու» (1475), Կարապետ Բաղիշեցու «Ողբ ի վերայ արշաւանաց Շահ-հսմայէլի» (1513), Թադեոս Սեբաստացու «Ողբ ի վերայ մանկանց, որ գերի տարան ի քաղաքն Ստամպօլ» (1531), Մինաս Թոխաթցու «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» (1551-1552), անհայտ ողբագիրների «Տաղ վասն շարժման Կարմիր գլխոյն» (1552), «Տաղ վասն Յակոբ վարդապետին Ել ընկերաց նորին» (1552), Հովհաննես Մշեցու «Տաղ վասն Հայոց երկրի» (1553), Սիմեոն Ապարանեցու «Ի վերայ առման Թաւրիզոյ...» (1585) գործերը։ Այս ստեղծագործություններն իհարկե չունեն գեղարվեստական ու գաղափարական միևնույն արժանիքները, բայց ճշմարտացիորեն արտացոլելով պատմական անցքերը, միաժամանակ բացահայտել են հեղինակների ներաշխարհը, հայրենասիրական ու անձնական ապրումները, ժողովրդի ճակատագրին ու ապագային վերաբերող խոհերը։ Առաքել Բաղիշեցին, «Ողբ...»-ից բացի, գրել է նաև արձակ ու չափածո այլ գործեր։ Արժեքավոր է նրա «Տաղ Յովասափու» (1434) պոեմը, որը համաշխարհային գրականությաև մեջ հայտնի «Յովասափ եւ Բարաղամ» վեպի բանաստեղծական ինքնատիպ մշակումն է։ Ուշագրավ են Գրիգոր Լուսավորչին և Ներսես Մեծին նվիրված պատմական պոեմները, պանդխտության թեմաներով տաղերը, աշխարհիկ ու կրոնական բովանդակությամբ խրատները, գանձերը և այլն։

Քնարական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարելագործելով պանդխտության երգը՝ Մկրտիչ Նաղաշն այն հարստացրել է նոր գծերով ու շեշտել թեմայի հուզական բնույթը («Տաղ վասն ղարիպի ասացեալ»)։ Նաղաշը գրել է խրատական («Խրատական բաներս ագահութեան եւ անընչութեան...», «Խրատական բաներս ի Նաղաշ Մկրտիչ վարդապետէ ասացեալ»), բնության ու սիրո («Տաղ վասն բլբուլին եւ վարդին») տաղեր, անձնական-քնարական և դամբանական ողբեր («Արարիչն Արաբացոց», 1469Գրիգորիս Աղթամարցու տաղերն աչքի են ընկել փոխաբերություններով, ճոխ գրելաոճով և բնութագրվել են քնարական հերոսի ներաշխարհի բացահայտմամբ։ Գրել է սիրո («Գովեմ գքեզ մարմնով հրեշտակ», «Դու ես յԱդինայ դրախտէն», «Արեգակնափայլ գեղով լի լուսին»), բնության, գարնան («Գարունն է բացուեր, վարդն ի պաղչանին», «Ամէև առաւօտ եւ լոյս») տաղեր, «Յամէն առաւօտ եւ լոյս» սկսվածքով քնարական ողբը։ Նորովի խմբագրելով Ալեքսանդրի և Պղնձե քաղաքի պատմությունները՝ Աղթամարցին դրանք համալրել է բազմաթիվ ինքնուրույն կաֆաներով։ Այդ աշխատանքով հետագայում զբաղվել է Զաքարիա Գնունեցին։ Նա իր այլաբանական, կրոնական և աշխարհիկ տաղերով շարունակել է Աղթամարցու ավանդույթները։ Հովասափ Սեբաստացին շարունակել է սիրային քնարերգությունը՝ իբրև նորություն հավելելով կնոջ հոգեբանության պատկերումը։ Նա պատմական ու գովասանական բանաստեղծություններում, խոհախրատական կաֆաներում նկարագրել է ժամանակաշրջանի աղետները, անցուդարձերը, ցույց տվել կյանքի չարն ու բարին, վառ պահել ժողովրդի հայրենասիրական ազատատենչ ոգին։

Սիմեոն Ապարանցին, Թավրիզի անկման մասին ողբից բացի, գրել է «Շարադրութիւն հոմերական վիպասանութեամբ» (1590) վիպակը, «Ողբանք ի վերայ թախտին Տրդատայ թագատրին» (1593), «Պատմութիւն Ապարանից Սուրբ Նշանին» և «Ողբ ցաւագին... ի վերայ Մեծոփոյ ուխտին» քնարական պոեմները, որոնք տոգորված են հայրենասիրական տրամադրություններով։

16-րդ դարում են ստեղծագործել նաև Վրթանես Կաֆացին (Սռնկեցի), Սարկավագ Բերդակցին, Հովհաննես Վարագեցին, Մարտիրոս Խարբերդցի, Մարտիրոս Խարասարցին և այլ բանաստեղծներ։

Առակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական որոշակի առաջընթաց է ապրել նաև արձակը։ Գեղարվեստական խոսքի փայլուն նվաճումներ են հատկապես առակներն ու զրույցները։ Առակագրությունը հիմնականում կապվել է Վարդան Այգեկցու անվան հետ։ Այգեկցին ժողովրդական առակները վերամշակել է և օգտագործել իր քարոզների մեջ, ապա կազմել է առանձին ժողովրդական՝ զետեղելով նաև սեփական ստեղծագործությունները։ «Առակք Վարդանայ վարդապետի» ժողովրդականը, ընդօրինակվելով հետագա դարերում, մշտապես հարստացվել է ժողովրդական, թարգմանության և անհատական բնույթի նոր գործերով։ Հին առակներն ընդօրինակվելիս հաճախ փոփոխվել, թարմացվել են նոր գաղափարներով։ Այգեկցու հետևությամբ ուրիշները, որոնց անունները չեն պահպանվել, նույնպես կազմել են ինքնուրույն ժողովներ։ Մեծ է առակների ճանաչողական արժեքը։ Դրանք այլաբանորեն պատկերել են դասակարգային և սոցիալական հակասությունները, արտահայտել ժողովրդի կենսափորձն ու աշխարհայացքը։ Առակներում քննադատվել են աշխատավոր մարդու հաշվին ապրող իշխողների, պաշտոնյաների դատապարտելի արարքները, ծաղրվել եկեղեցու սպասավորների խոսքի ու գործի հակասությունը, դրվատվել արդար աշխատանքը։ Առակներում ներառվել են նաև իրապատում ու ծիծաղելի զանազան պատմություններ, անեկդոտներ, որոնք որպես զրույցներ տարածվել են միջնադարում։ Վարդան Արևելցին հեղինակել է մեկնություններ, ներբողներ, ճառեր, խրատներ («Մեկնութիւն սաղմոսաց», «Մեկնութիւն Դանիէլի»), «Լուծմունք ի Սուրբ Գրոց...» (հայտնի է «ժղլանք» անունով) ժողովածուն, որը բազմաթիվ ու բազմաբնույթ նյութերից կազմված, միջին հայերենով շարադրված հանրագիտական բնույթի երկ է, գրել է նաև զրույցներ։ 13-րդ դարի 2-րդ կեսին վերելք է ապրել պատմագրությունը, որը պայմանավորված էր դարաշրջանի մեծագույն աղետի՝ մոնղոլական նվաճումների հանգամանալի լուսաբանմամբ և գալիք սերունդներին փոխանցելու պահանջով։ Նախաձեռնությունը Վանական Վարդապետինն էր, որի գրած պատմությունը մեզ չի հասել։ Մոնղոլ-թաթարական արշավանքները մանրամասնորեն նկարագրել են նրա աշակերտները՝ Կիրակոս Գանձակեցին («Պատմութիւն Հայոց», 1241-1271), Վարդան Արևելցին («Հաւաքումն պատմութեան», ավարտել է 1267 թվականից հետո), Գրիգոր Ակներցին («Պատմութիւն ազգին նետողաց», ավարտել է 1273 թվականից հետո)։ Քաղաքական նույն անցքերի արձագանքն է Հեթումի «Պատմութիւն թաթարաց»-ը (հայերեն բնագիրը չի պահպանվել), որը Կղեմես 5-րդ պապի հանձնարարությամբ 1307 թվականին վերաշարադրվել է միջնադարյան ֆրանսերենով, ապա թարգմանվել լատիներեն, ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն։ Լատիներեն տարբերակը՝ «Հայթոնի Ծաղիկ Արևելքի պատմութեան» խորագրով, հրատարակվել է 1529 թվականին Եվրոպայում և արժանացել լայն ճանաչման։ 13-րդ դարի արձակի արժեքավոր գործերից է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» (1299) մատյանը, որը Սյունիքի 1-13-րդ դարերի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի պատմությունն է։ Մատյանն աչքի է ընկնում բնաշխարհի նկարագրություններով, ճոխ լեզվով, արտահայտիչ ու գեղեցիկ փոխաբերություններով։

Պատմագեղարվեստական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարի սկզբից մինչև 15-րդ դարի վերջը պատմագեղարվեստական արձակը խոր ճգնաժամ է ապրել։ Միակ բացառությունը, թերևս, Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» (սկսել է 1430-ական թվականներին և ավարտել 1440 թվականին, հրատարակված՝ 1860) երկն է, որտեղ պատմիչը ներկայացրել է 1386-1440-ական թվականների ավերիչ արշավանքներն ու կոտորածները։ Թովմա Մեծոփեցին «Յիշատակարան»-ում, որը «Պատմութեան» շարունակությունն է (1441-1443 թվականների ընդգրկմամբ), անդրադարձել է կաթողիկոսանիստը Վաղարշապատ վերադարձնելու հանգամանքներին։ 13-16-րդ դարերում պատմագրությունը հիմնականում գոյատևել է տարեգրությամբ և ժամանակագրությամբ։ Ուշագրավ են Սմբատ Սպարապետի («Տարեգիրք», 1275), Մխիթար Այրիվանեցու («Նոր պատմութիւն»), Ստեփանոս Օրբելյանին վերագրվող «Ժամանակագրութիւն» (1290), Հովհաննես Ավագերեց Լեհացու, Հեթում Բ թագավորի, Հեթում պատմիչի, Ներսես Պալիանենցի, Հովհաննես Արճիշեցու, Հովհաննիսիկ Ծարեցու, նաև անանուն շատ հեղինակների ժամանակագրություններ։

Հիշատակարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկել է արձակ, երբեմն էլ չափածո հորինվածքով հիշատակարանի ժանրը։ Հիշատակարանները հեղինակի, գրչի կամ այլ անձանց (մանրանկարիչ, պատվիրատու, կազմող, նորոգող և այլն) կարճառոտ արձանագրություններ են, որոնք ամփոփել են գրքի ստեղծմանն առնչվող հանգամանքներ, ժամանակի պատմաքաղաքական, սոցիալական վիճակն արտացոլող տեղեկություններ, անձնական տվյալներ։

Գրվել են նաև բազմաթիվ հրաշապատումներ, Աստվածաշնչի թեմաներով պատմվածքներ և այլն։

Վկայաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուռն զարգացում է ապրել վարքաբանական և վկայաբանական արձակը, սրանց մի մասն անանուն է։ Պատմաքաղաքական բարդ հանգամանքներում, ձգտելով ծառայել ազգապահպանման գործին, վարքերն ու վկայաբանություններն արտահայտել են հայրենասիրական շեշտված գաղափարախոսություն։ Մարտիրոս Երզնկացու «Այս է պատմութիւն ֆռանկաց երկրին» գործով, որտեղ ամփոփվել են հեղինակի տպավորությունները 1489-1496 թվականներին Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ կատարած այցի մասին, հայ արձակում սկզբնավորվել է ուղեգրության ժանրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png