Հայկական կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Գ–ն կնոջ և երեխաների հետ (13-րդ դարի մանրանկար)

Հայկական կերպարվեստ, Հայաստանում նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն (քարայրային գեղանկարչություն, ժայռապատկերներ)։ Վաղ բրոնզեդարում (մ.թ.ա. IV-III հազարամյակներ) կիրառական արվեստը ներկայանում է հիմնականում խեցեգործությամբ (երկրաչափական, բուսական շքեղ զարդերով բազմագույն խեցեղեն՝ Շրեշ բլուրից, Կառնուտ-Վանաձորից և այլն)։ Մ.թ.ա. II հազարամյակի մետաղագործական հոյակապ կերտվածք է Վանաձորի դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված վեց առյուծներով։

Բրոնզի և վաղ երկաթի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալոսներ Մեծամորի թանգարանի տարածքում:

Արվեստը նշանակալից զարգացման է հասել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում մ.թ.ա. 14-րդ դար–ից մ.թ.ա. 9-րդ դարերում՝ Մեծամորում, Դվինում հայտնաբերված մարդակերպ կուռքեր, մետաղագործական բարձրարվեստ կերտվածքներ (կռածո, ձուլածո, դրվագված, փորագիր և այլ տեխնիկաներով գեղարվեստական իրեր, զարդեր), Լճաշենից, Լոռե բերդից, Արթիկից, Տոլորսից՝ այծերի, թռչունների և այլ արձանիկներ, պատկերներ, բրոնզաձույլ մարտակառքերի մանրակերտներ՝ կառքին լծված ձիերով ու ռազմիկների պատկերներով։ Գեղարվեստական հուշարձաններ են ստեղծվել նաև քարից՝ ձկնակերպ վիշապներ, մարդակերպ կուռքեր՝ նաև ֆալոսատիպ՝ կապված պտղաբերության պաշտամունքի հետ։ Հայտնաբերվել են նաև կիսաթանկագին բազմագույն քարերից, ոսկուց, արծաթից, բրոնզից պատրաստված ուլունքներ, կախիկներ։

Ուրարտու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե արձանիկ թագավորական գահից

Մ.թ.ա. 9-րդ դար–ից մ.թ.ա. 7-րդ դարերում գեղարվեստական մշակույթը զարգացել է Արարատյան թագավորության (Ուրարտու) ձևավորման և հզորացման պայմաններում։ Վանա լճի շրջակայքի, Հայաստանի Հանրապետության տարածքի պեղումներով ուսումնասիրվում է այդ ժամանակաշրջանի հարուստ գեղարվեստական մշակույթը՝ մոնումենտալ որմնանկարչությունը, խճանկարչությունը, քանդակագործությունը, կրոնական և աշխարհիկ թեմաներով կիրառական արվեստը (զարդեր, զենքեր և այլն)՝ Կարմիր բլուրում, Արին-Բերդում (Էրեբունի), Ալթընթեփեում, Ազնավուրթեփեում, Ռուսիխինիլիում (Թոփրակկալե), Վանում (բազալտե բոլորաքանդակի իրան)։ Մուսասիրի տաճարի գրավմանը վերաբերող՝ Ասորեստանի արքա Սարգոն II-ի արձանագրության մեջ նկարագրվում են Սարդուրի, Արգիշտի, Ռուսա արքաների՝ հափշտակված ձուլածո արձանները, իսկ տաճարի կործանումը պատկերող հարթաքանդակում առկա են բոլորաքանդակներ։ Մոնումենտալ քանդակագործությանը համընթաց զարգացել է նաև արձանիկների կերտումը, դեկորատիվ-կիրառական արվեստը՝ բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրե կերտվածքներ, դրվագված, փորագրված վահաններ, սաղավարտներ, գոտիներ՝ զանազան պատկերներով՝ պեղված Հայաստանի տարբեր վայրերից։ Մ.թ.ա. 4-րդ դար–ից մ.թ.ա. 3-րդ դարերի կերպարվեստում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել գեղարվեստական տարբեր կերպավորումներով մետաղե իրեր (արծաթե պատյակներ, թասեր և այլն), կնիքներ, հատվել Ծոփքի թագավորների և Արտաշեսյան արքաների (Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի) դիմապատկերային բնույթի պղնձե, արծաթե դրամներ, խեցեգործության, մոնումենտալ գեղանկարչության (որմնանկարչություն, խճանկարչություն), ոսկերչության, ակնագործության, ապակեգործության բարձրարվեստ գործեր (դրանց թվում՝ Գառնիի բաղնիքի հանդերձարանի նշանավոր խճանկարը, կավե արձանիկներից՝ մանկանը կերակրող Անահիտ աստվածուհու, երաժիշտ կանանց, հեծյալների և այլն)։ Ըստ մատենագրության, հին Հայաստանի դիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել են նվաճողների կողմից կամ ոչնչացվել քրիստոնեության ընդունումից հետո։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի համադրումը տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Կոմմագենեի Նեմրութ լեռան վրա Մ.թ.ա. 1-ին դարի Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները։ Քարի գեղարվեստական քանդակի օրինակներ են նաև Երևանի, Գյումրու մերձակայքում գտնված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ.թ. 3-րդ դար), Գառնու հեթանոսական տաճարի (77 թ.) ճոխ ու շքեղ զարդերը։ Նման քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Այս ժամանակաշրջանում հայկական կերպարվեստը զարգացել է հելլենիստական մշակույթի ոլորտում՝ երկու հիմնական ուղղություններով՝ տեղական ավանդական ժողովրդական և արևմտյան՝ «հելլենական», որոնք խաչավորվել և փոխհարստացրել են միմյանց։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարներից:

Միջին դարերում (4-րդ դարից 12-րդ դարեր) Հայաստանի կերպարվեստը ձևավորվել և առաջընթաց է ապրել քրիստոնեական դավանանքի գերիշխանության պայմաններում։ Արվեստի տարբեր բնագավառներում իրենց մարմնավորումն են գտել կրոնական թեմաներն ու սյուժեները։ 4-րդ դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, քանդակներով։ 5-րդ դարից հայտնի են որմնանկարի բեկորներ Երևանի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասախի բազիլիկից։ Հատվածաբար որմնանկարներ են հայտնաբերվել Լմբատավանքում (6-րդ դար), Թալինի Կաթողիկե եկեղեցում, Արուճի, Կոշի 7-րդ դարի եկեղեցիներում։ Նույն դարում էլ կազմավորվել են հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները, մշակվել ինքնատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով)։ Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլերին են պատկանում 10-րդ դարի՝ Աղթամարի Սուրբ Խաչ (921 թ.), Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս (930 թ.) եկեղեցիների, Գնդեվանքի (930-ական թթ), XIII–XIV դարերում՝ Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու, Բախտաղեկի եկեղեցու, Քոբայրի վանքի, Դադիվանքի, Ախթալայի, Հաղպատի վանքի որմնանկարները։

Ձեռագիր մատյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմիկ, 1302 թ

Հայկական ձեռագրերի (մագաղաթե, թղթե, ավելի քան 25 000՝ աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, որից շուրջ 14 000-ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում) զգալի մասը պատկերազարդ է, հիմնականում՝ Ավետարան, սակավ՝ Աստվածաշունչ, Տոնական, Ճաշոց և այլն։ Մեզ հասած հնագույն չորս թեմատիկ մանրանկար (6–7-րդ դարերում) կցված են «Էջմիածնի Ավետարան-ին (989, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N 2374) և գեղարվեստական արժանիքներով, ինքնուրույն պատկերային մտածողությամբ հիշեցնում են Լմբատի և Արուճի 6–7-րդ դարերում որմնանկարներն ու պատկերացում են տալիս վաղ քրիստոնեական պատկերարվեստի մասին։ Լրիվ պատկերազարդ մատյաններ պահպանվել են 9-րդ դարից։ Հնագույն և փայլուն նմուշը «Մլքե թագուհու Ավետարանն» է (862, Վենետիկի Մխիթարյանների մատենադարան, ձեռ N 1144/86), որը, ինչպես և «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը», «Մողնու Ավետարանը» մանրանկարազարդվել է Արծրունիների և Բագրատունիների թագավորությունների շրջանում, 9-ից 11-րդ դարերում։ Հայկական մանրանկարչությունը հարուստ է ոճերի և տեղական դպրոցների, մատյանների ձևավորման մեջ խորանների, գլխազարդերի, լուսանցազարդերի, սկզբնաթերթերի, տերունական պատկերների կիրառման ու կերպավորման, գույնի և ռիթմի զգացողության բազմազանությամբ։

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարի մանրանկարչությունը, գրքարվեստն առավել ծաղկման են հասել Կիլիկիայի մանրանկարչության դպրոցում, որն ունեցել է նշանավոր կենտրոններ Դրազարկում, Սկևռայում, Հռոմկլայում, Գռներում, Բարձրբերդում, Ակներում, որտեղ գործել են ականավոր մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը, Կոստանդինը, Հովհաննեսը, Հովասափը, Հովհաննես Արքաեղբայրը, Սարգիս Պիծակը, Թորոս Փիլիսոփան և ուրիշներ, ինչպես և անանուն վարպետներ՝ ստեղծելով հայ մանրանկարչության, գրքարվեստի գլուխգործոցներ (դրանց թվում՝ «Հեթում Բ թագավորի Ճաշոցը», «Ութ մանրանկարիչների Ավետարանը», «Կեռան թագուհու ավետարանը» և այլն), շարունակելով ու զարգացնելով այդ դպրոցի պսակը հանդիսացող Թորոս Ռոսլինի արվեստը։ Նրանց հովանավորել են Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն ու Կիլիկյան Հայաստանի արքայական տան պատվիրատու անդամները։ Թորոս Ռոսլինը կերպավորել է ավետարանական թեմաների իր պատկերագրական համակարգը, դասականորեն վսեմ ու կոթողային հորինվածքներ, որոնք աչքի են ընկնում գույների աննախադեպ նրբերանգներով։ Բուն Հայաստանի որոշ շրջաններում, համեմատաբար կայուն քաղաքական վիճակում մանրանկարչությունը ծաղկում է ապրել 13-րդ դարում և 14-րդ դարի 1-ին կեսին, գործել են մինչ այդ կազմավորված Անիի, Գլաձորի և Վասպուրականի մանրանկարչության դպրոցներում։

Անիի, Գլաձորի և Վասպուրականի մանրանկարչության դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի մանրանկարչության դպրոցը, ապա՝ Գլաձորի մանրանկարչության դպրոցը, որի ավանդույթները շարունակվել են Տաթևի մանրանկարչության դպրոցում մինչև 15-րդ դարի վերջը ծաղկվել են հայկական մանրանկարչության առաջընթացի նոր էջեր բացող ինքնատիպ, բարձրարվեստ մատյաններ՝ «Թարգմանչաց Ավետարանը», «Հաղպատի Ավետարանը», 1318 թվականի «Եսայի Նչեցու Աստվածաշունչը» և այլն, հանդես եկել շեշտված անհատականություններով վարպետներ՝ Գրիգոր, Մարգարե, Իգնատիոս, Թորոս Տարոնացի, Մատթեոս, Մոմիկ, Ավագ, Գրիգոր Տաթևացի՝ միմյանցից տարբեր թե՛ ոճով, թե՛ պատկերագրական ավանդներով՝ հակառակ 9-ից 11-րդ դարերում սկզբնավորված, 13-րդ դարի 70-ական թվականներից մինչև 17–րդ դարի վերջը գոյատևած Վասպուրականի մանրանկարչության դպրոցի գրչության և մանրանկարչության բազմաթիվ կենտրոններում ստեղծագործած ժամանակի երևելի վարպետներ Սիմեոն Արճիշեցու, Մելքիսեդեկի, Զաքարիա Աղթամարցու, Ծերուն Ծաղկողի, Ռստակեսի և ուրիշներ, որոնք հետևել են ավելի միասնական, «պահպանողական» գեղանկարչության ավանդույթների՝ համեմված տեղական-ազգ. պատկերացումներին բնորոշ «գեղանկարչական ֆոլկլորայնության» տարրերով, կենցաղային մոտիվներով։

Մանրանկարչության արվեստը ձեռքբերումներ է ունեցել նաև Ուտիքի, Արցախի, Նախիջևանի գրչատներում, Հայաստանից դուրս՝ գաղթավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում, Կոստանդնուպոլսում և այլուր, ձևավորելով իրենց դեմքն ունեցող Ղրիմի մանրանկարչության դպրոցը, Նոր Ջուղայի դպրոցը։ 17-ից 18-րդ դարերում հայկական մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին։

Տես նաև՝ Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն, Գլաձորի մանրանկարչության դպրոց

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմիկի հեղինակած խաչքարներից մեկը 1308 թ.

Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը հիմնականում հայտնի է ճարտարապետական հուշարձանների պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, «թևավոր» խաչերով, խաչքարերով և վաղ միջնադարում առավելապես հարթապատկերային, գծա-գրաֆիկական է։ IV դ սկզբին տեղական քանդակագործական ավանդույթները ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին, առնչվելով շրջակա երկրների քանդակային մշակույթին, կազմավորել IV–VI դարերում պլաստիկ արվեստը՝ տեղական մի քանի դպրոցներով։ Կոթողներին և հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբերի, Հիսուսի, Աստվածամոր, Գրիգոր Լուսավորչի, Տրդատ Ա թագավորի և այլոց, նաև խորհրդանշական (օր., Գառնհովիտի գարնան զարթոնքը ավետող հուշակոթողը) պատկերներ։ IV դ սկզբին երևան են եկել երկումետրանոց «թևավոր» խաչ-կոթողները՝ տիպարով կրկնելով Գողգոթայի խաչը, հետագայում սկզբնավորելով խաչքարերը, որոնք հատկանշական են միայն Հայաստանի IX–XVIII դարերում արվեստին։ Միայն հայկական խաչքարին է հատուկ ուղղաձիգ սալի տարածական ծավալաձևը, կենտրոնական խաչի (սովորաբար շրջանակված կողային զարդաշերտերով) տակ քանդակված վարդակը կամ դեկորատիվ զարդը, ծավալի վերին մասում ելուստավոր ավարտը։ Վաղ խաչքարերը ձվաձև կամ պայտաձև էին, XI–XVIII դարերում՝ գերազանցապես ուղղանկյուն ուղղաձիգ։ Ննջեցյալի հիշատակին, ի նշանավորումն հաղթանակի և այլ, տարբեր նպատակներով դրվող պատվանդանավոր խաչքարերից բացի, նման խաչավոր հորինվածքներ են ստեղծվել IX–XVIII դարերում ճարտարապետական հուշարձանների որմերին։ Ճարտարապետության արտահայտչականության բաղադրիչներից են զարդաքանդակային հարդարանքը, կերպարային (դրանց թվում՝ կտիտորական) և սյուժետային քանդակները։ Վաղ նմուշները վերաբերում են V–VI դարերում (Դվին, Տեկոր, Երերույք, Պտղնավանք), VII դ՝ Զվարթնոց, Մրեն, X–XIV դարերում՝ Անիի հուշարձաններ, Աղթամար (ճարտ. և քանդ. Մանուել), Նորավանք (ճարտ. և քանդ. Մոմիկ), Սպիտակավոր, Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Գանձասար, Տաթև, Եղվարդ, Դադիվանք, Հառիճ և այլն։ Հայաստանի զարգացած միջնադարի մշակույթի նոր առաջընթացը հավաստող նմուշ է Անիի պեղումներով գտնված (այժմ տեղն անհայտ է) Գագիկ Բագրատունու բոլորաքանդակը։ Դրանք միջնադարյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Այրարատում, Տաշիրում, Սյունիքում, Շիրակում, Վասպուրականում ձևավորված տեղային քանդակագործական դպրոցների նշանավոր վարպետների ստեղծագործություններ են, որոնք առանձնանում են արտահայտչամիջոցների, սյուժեների, ոճերի բազմազանությամբ, կատարման տեխնիկայով, արվեստի համադրման տարբեր մոտեցումներով, հորինվածքային լուծումների յուրահատկություններով, պատկերագրությամբ, բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնցում նկատելի են շփումները Արլ-ի և Արմ-ի արվեստների հետ։ Ուշ միջնադարի քանդակարվեստն աչքի է ընկնում համակարգային ընդհանրությամբ, տեղային տարբերությունների համահարթեցման հակումով։ Ստեղծվել են հուշարձաններ՝ նշանավոր ճակատազարդերով (Թադեի և Ստեփանոս Նախավկա վանքերի XVII դ քանդակները)։ Գոյություն ունեցող համակառույցներին կից կանգնեցվել են հուշարձաններ, որոնք IX–XIV դարերում համեմատությամբ ունեցել են դեկորատիվ այլ լուծումներ։

Կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ գեղարդը մասնատուփի մեջ, 1617 թ., Էջմիածնի թանգարան

Միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել դեկորատիվ-կիրառական արվեստը` գեղարվեստական ջուլհակությունն ու կարարվեստը, ոսկերչությունը, դրվագումը, խեցեգործությունը։ Առաջատար տեղ է գրավել գրքի ձևավորման արվեստը` պահպանվել են մեծ քանակությամբ գրքի կազմեր՝ պատրաստված տարբեր նյութերից կամ դրանց համադրությամբ (արծաթ, ոսկի, փղոսկր, ակնեղեն և այլն), տարբեր գեղարվեստական միջոցներով (դրվագում, փորագրություն, ընդելուզում և այլն)։ Հայկական արվեստի ընտիր նմուշ է «Էջմիածնի Ավետարանի» (989) թեմատիկ փորագրումներով փղոսկրե կազմը։ Գրակազմերի գեղարվեստական նախօրինակով ստեղծվել են տարբեր տիպի մասնատուփեր, պահարաններ (Աշոտ Երկաթի ակնազարդ երկաթե խաչի երկփեղկ պահարանը, 10-րդ դար, «Խոտակերաց Ս. Նշան» եռափեղկը, 1300, Ստեփանոս Նախավկայի մասնատուփը, 1302, Գեղարդի մասնատուփը, 1617, «Նոյյան տապանի տախտակի» պահարանը, 1698, բոլորը՝ Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն, Էջմիածին, և այլն)։

Ոսկերչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-ից 18-րդ դարերում տարածված էին ոսկեկուռ կամ արծաթակուռ բազկանման նշխարատուփերը (Գրիգոր Լուսավորչի աջը, 1657, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի աջը, 1790, երկուսն էլ՝ Ալեք և Մարի Մանուկյան Մանուկյան Գանձատուն, Էջմիածին, և այլն)՝ կատարված տարբեր ոսկերչական հնարքներով, ակնազարդ, հաճախ՝ թեմատիկ պատկերումներով։ Ոսկերչության հատուկ ճյուղերից էր ժամերգության ծիսական իրերի (բուրվառներ, սկիհներ, մեռոնամաններ, խաչեր, գավազաններ և այլն), ծիսական հանդերձանքի մասերի (խույրեր, թագեր, բազպաններ, շուրջառներ և այլն) պատրաստումը։ Մեծ արվեստով են ստեղծվել սկուտեղներ, գինու սպասք, կահույքի դեկորատիվ տարրեր, գոտիներ, ճարմանդներ, կանացի կրծքազարդեր, ապարանջաններ, մատանիներ և այլն։ Հատկանշական է, որ հայկական զարդերը հաճախ իրենց ձևերով կրկնում են Հայաստանի տարածքում գերեզմաններից (սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից) պեղված ոսկերչական իրերը։ Ոսկերչական բազմազան իրեր են պատրաստվել Հայաստանի տարբեր շրջաններում, որոնք ունեցել են իրենց նշանավոր կենտրոնները։

Դեկորատիվ-կիրառական արվեստի շատ բնագավառների, մասնավորապես փայտի փորագրությանը, բնորոշ են մշակման կատարելությունը, հորինվածքի մտածվածությունը (Մշո Ս.Առաքելոց վանքի գլխ. եկեղեցու փորագրազարդ դուռը, 1134, ՀՊՊԹ, Երևան, և այլն)։

Ջուլհակություն և կարարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել գեղարվեստական ջուլհակությունը և կարարվեստը։ Արդեն 9-ից 13-րդ դարերում միջազգային շուկայում Հայաստանը հանդես է եկել որպես բրդե, կերպասի և ոսկեթել արտադրանքի մատակարար, որը շարունակվել է 17-ից 18-րդ դարերում։ Չթի տարածման ժամանակաշրջանում հայերը Ֆրանսիայում հիմնադրել են (1677) կայուն ներկման դաջազարդ գործվածքի՝ Եվրոպայում առաջին ֆաբրիկան։ Հայկական ջուլհակության և ասեղնագործության կատարյալ նմուշներ են 17-ից 18-րդ դարերում եկեղեցական վարագույրները, արծվագորգերը, տարբեր տիպի ծածկոցները։ Ասեղնագործությունը հասել է գեղանկարչական պատկերման մակարդակի։

Գեղարվեստական ջուլհակության հնագույն տեսակներից է կարպետ-գորգագործությունը։ Միջազգային շուկայում հայկական գորգը մեծ համարում ուներ։ Պահպանված օրինակներից է հայատառ և թվագրված խորանագորգը՝ ստեղծված 1602 թվականին, Ուտիքի Բանանց գյուղում։ Հայկական գորգերի հնագույն տեսակներից է վիշապագորգը։ Վիշապի թեման հատկապես մշակվել է կապերտների զարդահորինվածքներում։ Գորգագործության մեջ կիրառվել են բնական ներկեր, մասնավորապես՝ որդան կարմիրը, տորոնը, լաջվարդը և այլն։ Առաջնակարգ արվեստներից էր խեցեգործությունը, որի պահպանված վառ օրինակներից են կարմրափայլ կարասները (Անի, Դվին)։ 17-ից 18-րդ դարերում Կուտինայի հայկական բրուտագործությունը (հախճասալ, սպասք) ձեռք է բերել միջազգային նշանակություն։ Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստն էական ներդրում է համաշխարհային մշակույթի զարգացման մեջ, մասնավորապես՝ կենցաղի գեղաձևավորման ասպարեզում, թե՛ պաշտամունքային-պալատական, թե՛ ժողովրդական։ 17-ից 18-րդ դարերում հայկական կերպարվեստն անցում է կատարել միջնադարյան պայմանական ձևերից դեպի նոր, ռեալիստական ձևեր և արտահայտչամիջոցներ։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հովնաթանյան, Մելիքիշվիլի իշխանուհու դիմանկարը, 19-րդ դարի առաջին կես

Մանրանկարչությանը և որմնանկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվեստի նոր տեսակներ ու ժանրեր՝ հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղային թեմաներով պատկերներ, բնանկար։ Ազգային կերպարվեստը գլխավորապես զարգացել է գաղթավայրերում։ XVII դ. կեսին Նոր Ջուղայում են ստեղծագործել նկարիչներ Մինասը, Հովհաննես Մրքուզը, նորջուղայեցի էր նաև Բոգդան Սալթանովը։ Երուսաղեմի Ս. Հակոբյանց եկեղեցում են գտնվում Հովհաննես Տիրացուի նկարները, Կահիրեի ղպտիական եկեղեցիներում՝ Հովհաննես (Հաննա էլ Արմանի) նկարչի (XVIII դ) սրբապատկերները։ Հայկական կերպարվեստի զարգացմանը մեծապես նպաստել են Մանասե տոհմի (Կ. Պոլիս) և Հովնաթանյան ընտանիքի նկարիչները։ XIX դ սկզբին Արլ. Հայաստանի միացումը Ռուսաստանին պայմաններ է ստեղծել ազգային նոր կերպարվեստի զարգացման համար, որի կենտրոններից է դարձել Թիֆլիսը։ Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում սովորել են հայ նկարիչներ։ Նոր ժամանակի հայկական կերպարվեստի հիմնադիրներից Հակոբ Հովնաթանյանը (1806–1881) ստեղծել է իր ժամանակակիցների (Նատալյա Թեումյանի, Ներսես Աշտարակեցու և ուրիշներ) բարձրարվեստ դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում հոգեբանական խոր արտահայտչականությամբ։ Ստեփանոս Ներսիսյանը (1815–1884), բացի հայ կերպարվեստի կենցաղային ժանրի առաջին նմուշից («Խնջույք Քուռ գետի ափին») վրձնել է ինչպես իր ժամանակակիցների, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի դիմանկարները, որոշակիորեն հայկական կերպարվեստ ներմուծելով ռոմանտիզմը։

19-րդ դարի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին էր (1817–1900)։ Նա առաջինն է անդրադարձել հայկական բնաշխարհի պատկերմանը (Արարատը, Սևանա լիճը ներկայացնող բնանկարներ, դրանց թվում՝ «Նոյը իջնում է Արարատից» և այլն), ստեղծել հայոց պատմությանը նվիրված կտավներ («Հայ ժողովրդի մկրտությունը», «Երդում»։ Վարդան զորավար»), բուռն ցասումով անդրադարձել 1890-ական թթ. Թուրքիայում հայերի ջարդերին («Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին»)։ Ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիրը Գևորգ Բաշինջաղյանն է (1857–1925), առաջին հայ նկարիչը, որ բնականից է վրձնել Հայաստանի, ինչպես և Անդրկովկասի բնաշխարհը՝ քնարական և էպիկական մեկնաբանումներով։ Ս. Ներսիսյանից հետո Հարություն Շամշինյանն է (1856–1914) դիմել թեմատիկ ստեղծագործությանը։ Թեմատիկ պատկերի կուլտուրան միջազգային մակարդակի է բարձրացրել Վարդգես Սուրենյանցը (1860–1921), ստեղծել հայ ժողովրդի ներկային, պատմությանը, դիցաբանությանը նվիրված գործեր («Ոտնահարված սրբություն», «Լքյալը», «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Զաբել թագուհու վերադարձը գահին» և այլն), բնանկարներ («Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ»), գրքի պատկերազարդումներ, բեմանկարներ, 1915-ի Մեծ եղեռնից փրկվածների նկարաշար։ Բազմաժանրությանը զուգընթաց Վ. Սուրենյանցը շփվել է գեղանկարչության եվրոպական նոր հոսանքների հետ, իր արվեստում օգտագործել մոդեռն ոճի որոշ հնարներ՝ չկորցնելով ազգային դեմքը։ XIX դ – XX դ սկզբի կերպարվեստում իրենց տեղն ունեն ծովանկարիչ Մանուկ Մահտեսյանը (1857–1908), Խաչատուր Տեր-Մինասյանը (1870–1906), Մանուկ Ալաջալովը (1862–1934), Դավիթ Օքրոյանցը (1874–1943), Գրիգոր Գաբրիելյանը (1862–189819-րդ դարի արևմտահայության մշակութային կենտրոնը Կ. Պոլիսն էր, որտեղ Մանասեներից բացի գործել են Ումեդ (Հովհաննես) Պեյզատը (1809–1874), ծովանկարիչ Մկրտիչ Ճիվանյանը (18481906), Ժորժ (Հակոբ) Տամադյանը (1839–1920), Սիմոն Հակոբյանը (18571921), Ասլան դ՚Աբրոն (1848–19281916 թվականին Թիֆլիսում ստեղծվել է Հայ արվեստագետների միություն, որի անդամները սկզբնավորել ու խոր հետք են թողել թե՛ Խորհրդային Հայաստանի և թե՛ սփյուռքի կերպարվեսл

20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դ վերջին, XX դ. սկզբին հայկական արվեստը հարստացրել են դիմանկարիչներ Ստեփան Աղաջանյանը (1863–1940), Ենոք Նազարյանը (1868–1928), Հմայակ Արծաթպանյանը (1878–1919), բնանկարիչ Փանոս Թերլեմեզյանը (1865–1941), նաև կենցաղագիր Հմայակ Հակոբյանը (1871–1939), Անիի ճարտարապետական հուշարձանները վրձնած Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947)։ Հայ նշանավոր նկարիչները ստեղծագործել են նաև Ֆրանսիայում՝ նատյուրմորտիստ Զաքար Զաքարյան (1849–1923), ծովանկարիչներ՝ Արսեն Շապանյան (1864–1949), Վարդան Մախոխյան (1869–1937) և ուրիշներ։ Ռեալիզմին զուգընթաց իմպրեսիոնիզմի և հաջորդող ուղղությունների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները դրսևորվել են հայ գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկի՝ Եղիշե Թադևոսյանի (1870–1936) արվեստում։ Իմպրեսիոնիզմին մոտ էին Կարապետ (Շարլ) Ադամյանը (1872–1947), Վահրամ Գայֆեճյանը (1879–1960), Հովհաննես Ալխազյանը (1881–1958), Սարգիս Խաչատուրյանը (1886–1947), սիմվոլիզմին՝ Հովսեփ Փուշմանը (1877–1966), Գեորգի Յակուլովը (1884–1928)։ XX դ սկզբի գեղարվեստական նորագույն ուղղությունների խաչմերուկում իր բոլորովին նոր՝ «Հեքիաթներ և երազներ» նկարաշարով համաշխարհային արվեստ է մուտք գործել Մարտիրոս Սարյանը (1880–1972)։

Քանդակագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ նոր քանդակագործությունը երևան է եկել հանձին Կ. Պոլսում ստեղծագործած առաջին հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի (1855– 1914)։ XX դ. սկզբի հայ հուշարձանային քանդակագործությունն սկզբնավորել է Անդրեաս Տեր-Մարուքյանը (1871– 1919), կերտել Ռ. Պատկանյանի, Մ. Նալբանդյանի հուշարձանները, Ղ. Ալիշանի, Պ. Ադամյանի, Խրիմյան Հայրիկի կիսանդրիները և իր գլուխգործոցը՝ Խաչատուր Աբովյանի արձանը, ազգ-հայրենասիրական թեմաներով բարձրաքանդակներ։ Հիմնականում կենցաղային ժանրի քանդակներ է ստեղծել Միքայել Միքայելյանը (1879–1943)։ 1910-ական թթ. է ձևավորվել ապագա ականավոր քանդակագործներ, Շվեյցարիայում՝ Մորիս Սարկիսովի (1882– 1947), ԱՄՆ-ում՝ Հայկ Բադիկյանի (1876–1950), Հակոբ Փափազյանի (1878–1957), Նշան Թուրի (1888–1967), Ռուսաստանում՝ Սերգեյ Մերկուրովի (1881–1952), Հակոբ Գյուրջյանի (1881–1948), Գրիգոր Քեպինովի (1886–1966) արվեստը։

Գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դ., XX դ. սկզբի հայկական գրաֆիկան սկզբնավորվել է Աղաթոն Հովնաթանյանի (1816–93) և Հովհաննես Քաթանյանի (1824–94) փորագրանկարներով, Հ. Շամշինյանի օֆորտներով, մատիտանկարներով, գրչանկարներով (1904-ին ռուսերեն հրատարակվել է նրա գծագրության և հեռանկարի՝ Անդրկովկասում առաջին դասագիրքը), Վ. Սուրենյանցի գրաֆիկական գործերով։ Հայկական գրաֆիկան օֆորտի բնագավառում տվել է XX դ. խոշոր վարպետներ հանձին Էդգար Շահինի (1874–1947) և Տիգրան Պոլատի (1874–1950), որոնք ստեղծագործել են Փարիզում։ Ջրաներկի վարպետներ էին Տիգրան Եսայանը (1874–1921) և Ա. Ֆեթվաճյանը, գրքի ձևավորող Մելքոն Քեպապճյանը (1880–1949)։ Այդ բնագավառում ուրույն տեղ ունեն մեծատաղանդ ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875–1922)՝ Թիֆլիսի կյանքն ու կենցաղը վերարտադրող մատիտանկարները, Գրիգոր Շարբաբչյանի (1884 – 1942) գործերը (դրանց թվում՝ բեմանկարներ)։ Զարգացում է ապրել նաև երգիծանկարչությունը հայկական օրաթերթերում, երգիծահանդեսներում։ Առաջին ծաղրանկարիչներից էին Դավիթ Օքրոյանցը, Գարեգին Երիցյանը (1879–1966)։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանի կերպարվեստը, ինչպես և մշակույթի մյուս բնագավառները ենթարկվել են իշխող գաղափարախոսությանը, դրվել կոմկուսի և պետության խիստ հսկողության ներքո։ Հայկական կերպարվեստի նոր՝ խորհրդային դպրոցի կազմավորումը հիմնականում ընթացել է ամբողջ երկրի գաղափարա-գեղարվեստական խնդիրների լուծման ոլորտում։ Խորհրդահայ արվեստի դպրոցի կազմավորման հարցում որոշակի դեր է խաղացել մինչև հեղափոխությունը հայրենիքից դուրս ստեղծագործած վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Ստեփան Աղաջանյանի, Գ. Գյուրջյանի, Հակոբ Կոջոյանի, Փանոս Թերլեմեզյանի, Արա Սարգսյանի, Ս. Ստեփանյանի, Այծեմնիկ Ուրարտուի Հայաստանում հիմնավորվելը։ Արվեստի զարգացման հիմքն են հանդիսացել Երևանում 1921 թվականին գեղարվեստական ուսումնարանի (1938 թվականից՝ Փանոս Թերլեմեզյանի անվան), պետական թանգարանի (1947 թվականից՝ պետական պատկերասրահ, 1992-ից՝ Հայաստանի ազգային պատկերասրահ), 1923 թվականին՝ Հայաստանի կերպարվեստից աշխատողների ընկերության (առաջին ցուցահանդեսներով) հիմնադրումը։ 1920–1930-ական թթ գեղանկարչության հիմնական ժանրերը եղել են ավանդական բնանկարը, դիմանկարը, նատյուրմորտը։ Կերպարվեստի նոր դպրոցի կազմավորման գործում բացառիկ դեր է ունեցել Մարտիրոս Սարյանը, իր բնանկարներով, դիմանկարներով մարմնավորել հայրենիքի հզոր ու գունեղ կերպարը, որ մարդկանց գիտակցության մեջ նույնացել է իրական Հայաստանին, դառնալով նրա յուրօրինակ խորհրդանիշը (1923-ի «Հայաստան» պաննոն՝ Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը)։ Հակոբ Կոջոյանի երփնագրի ու գրաֆիկայի փոխներթափանցումներով ստեղծված թեմատիկ կոմպոզիցիաները («Փողոց Թավրիզում», «Ճաշարան Թավրիզում», 1922), բնանկարները («Կոտայքի լեռները», 1925), 1934-ին Եղիշե Թադևոսյանի ցուցադրած էտյուդները, ապա և դիմանկարների շարքը (հատկապես՝ «Կոմիտաս», 1935) հայ նկարիչներին գեղարվեստական նոր մոտեցումների են մղել։ Ս. Առաքելյանի քնարական գործերը («Աշուն։ Երևանի մի անկյուն», 1926), արդի թեմաներով հորինվածքների առաջին փորձերը («Կուլտուրան լեռներին», 1936), Ստեփան Աղաջանյանի դիմանկարները («Վասիլը», 1926), «արդյունաբերական» բնանկարը սկզբնավորող Գ. Գյուրջյանի («Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը», 1926), Փանոս Թերլեմեզյանի («Ղափան։ Պղնձաձուլման գործարան», 1929), Վ. Գայֆեճյանի («Փողոցը գիշերով», 1929) և ուրիշների գործերը հայկական գեղանկարչությունը հարստացրել են կերպարային-ոճական նոր ըմբռնումներով, ժանրային բազմազանությամբ, իրականության բազմակերպ արտացոլման խորությամբ։ Զուգընթաց էին՝ քանդակագործությունը (մոնումենտալ, դեկորատիվ-զարդաքանդակային, հոգեբանական կերտվածքի հարստությամբ դիմաքանդակ, հեղինակներ՝ Արա Սարգսյան, Ս. Ստեփանյան, Սերգեյ Մերկուրով՝ Ստեփան Շահումյանի արձանը Երևանում), գրաֆիկան (հաստոցային գծանկարչություն, գրքի ձևավորում՝ «Հայկական մունետիկ», 1921, Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի», 1933, երկուսն էլ՝ նկարիչ Հակոբ Կոջոյան, Կ. Տիրատուրյանի և ուրիշների նկարազարդումները, հաստոցային գործերը), բեմանկարչությունը (Գ. Յակուլովի, Մ. Արուտչյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Թարյանի, Ա. Սարգսյանի, Երվանդ Քոչարի, Ս. Ա. Արուտչյանի, Ա. Չիլինգարյանի, Մ. Սվախչյանի, Վ. Շերիշևի, Ռ. Նալբանդյանի, Մ. Սաղյանի և ուրիշների ձևավորումները հանրապետության, ինչպես և Թիֆլիսի, Բաքվի տարբեր թատրոններում)։

1930-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին լուծարելով ստեղծագործական խմբավորումները՝ հիմնվել է նկարիչների միությունը։ 1938 թվականին կազմակերպվել են «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված ցուցահանդես և հոբելյանական հրատարակություններ՝ Հակոբ Կոջոյանի, Գ. Գյուրջյանի, Կ. Սիմոնյանի, Ս. Առաքելյանի, Մհեր Աբեղյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Աշոտ Մամաջանյանի, Երվանդ Քոչարի գեղանկարչական ու գրաֆիկական գործերով, 1939 թվականին՝ Մոսկվայում կայացած հայկական տասնօրյակի հետահայաց ցուցահանդեսը հայ ողջ մշակույթի բազմադարյան ընդգրկումով։ 1930-ական թվականներին արվեստի հիմնական ուղղվածությանը զուգընթաց տեղ է գտել պատմողականությունը, ստեղծվել են հայ գրականության կերպարներով ներշնչված սյուիտներ (քանդակագործ Այծեմնիկ Ուրարտու), ազատ գծանկարով բնապատկերներ (Մհեր Աբեղյան, Ա. Ղարիբյան և ուրիշներ)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին մեծ տեղ է տրվել արվեստի քարոզչական բնույթին (Միքայել Արուտչյան, Ա. Չիլինգարյան և ուրիշներ), պատերազմական անցքերի արտացոլմանը (Դ. Նալբանդյան)։ Այդ շրջանում են ասպարեզ իջել նկարիչներ Հովհաննես Զարդարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, քանդակագործներ Ն. Նիկողոսյանը, Ղուկաս Չուբարյանը և ուրիշներ։ Պատերազմին տարբեր մոտեցումներով անդրադարձել են նաև հետագայում (Ս. Սաֆարյան և ուրիշներ)։ Հետպատերազմյան տարիներին ուժգին դրսևորվել է խաղաղության բերկրանքի արտացոլումը (Մ. Սարյանի, Գ. Գյուրջյանի, Խ. Եսայանի, Արա Բեքարյանի, Հ. Սիրավյանի, Մ. և Երանուհի Ասլամազյան քույրերի, Մհեր Աբեղյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Ն. Գյուլիքևխյանի, Ք. Վարդանյանի, Հ. Շարամբեյանի, Ա. և Դ. Նալբանդյանների, Ե. Սավայանի, Հ. Ավետիսյանի բնանկարները, նատյուրմորտները, դիմանկարները, կոմպոզիցիաները)։

Հետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին հիմնադրվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը (1952–1994-ին՝ գեղարվեստաթատերական ինստիտուտ1940-ական թթ վերջին արվեստի վարպետների շարք են մտել հայրենադարձ նկարիչներ Հ. և Ա. Կալենցները, Պ. Կոնտուրաջյանը, Բ. Վարդանյանը, քանդակագործ Գ. Ահարոնյանը և ուրիշներ։ Հ. Կալենցի նուրբ գունաներդաշնակմամբ գործերը մեծապես ազդել են հայկական գեղանկարչական նոր լեզվի կազմավորման վրա։

1950-1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950–70-ական թթ. հայկական գեղանկարչությունը հիմնականում ընթացել է ավանդական ժանրերի միաձուլման, եղելության հուզական իմաստը բնության երևույթի միջոցով բացահայտելու ուղիով (Հովհաննես Զարդարյանի «Գարուն», Մհեր Աբեղյանի «Ամառ», Մ. Հարությունյանի «Քամի» և այլն)։ 1950-ական թթ վերջին ստեղծվել են Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը նվիրված (նկարիչներ՝ Արա Բեքարյան, Վահան Խորենյան, Հ. Ավետիսյան), դարասկզբի ողբերգական անցքերը վերհանող (Սարգիս Մուրադյանի «Վերջին գիշերը։ Կոմիտաս», Գրիգոր Խանջյանի՝ Պ. Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմի պատկերազարդումը և այլն) պատմական ժանրի գործեր, իսկ ժամանակակից թեմաները դիտվել են որպես պատմական նշանակություն ունեցող երևույթներ (Անատոլի Պապյան, Ս. Մուրադյան, Քնարիկ Վարդանյան, Նիկողայոս Քոթանջյան և ուրիշներ)։ Երիտասարդ քանդակագործ վարպետների նոր սերունդն ընդարձակել է ժանրերի և թեմաների շրջանակը (Ղուկաս Չուբարյանի՝ Ալավերդու պղնձաձուլարանի բանվորների դիմաքանդակները, Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, Արա Հարությունյանի «Սայաթ-Նովա», «Մայր Հայաստան» հուշարձանները, Սարգիս Բաղդասարյանի դիմաքանդակներն ու արձանները, դրանց թվում՝ «Մենք ենք, մեր սարերը» կամ «Ղարաբաղցիներ», 1967, Ստեփանակերտում, Արտո Չաքմաքչյանի դիմաքանդակները, Խաչատուր Իսկանդարյանի մանրաքանդակները)։ 1959 թվականին ցուցադրվել են 1948 թվականին Փարիզում մահացած Հակոբ Գյուրջյանի՝ հանրապետությանը նվիրաբերված քանդակները, ինչը խթանել է քանդակագործական նոր արտահայտչամիջոցների որոնումը, դեկորատիվ ռելիեֆի զարգացումը։ Արա Հարությունյանի՝ Սունդուկյանի անվան թատրոնի, Էրեբունի թանգարանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի քանդակազարդումները, Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ»-ը, 1959, Արտաշես Հովսեփյանի «Ալեքսանդր Թամանյան»-ը, 1974, Նիկողայոս Նիկողոսյանի «Միքայել Նալբանդյան»-ը, 1966, Ռաֆիկ Խաչատրյանի «Մայր Հայրենիք»-ը, 1975, Արա Շիրազի «Ալեքսանդր Մյասնիկյան»-ը, 1981, հայկական քանդակագործության նվաճումներից են։

Ստեղծվել են նաև դեկորատիվ արձաններ (Ռուզան Քյուրքչյանի «Վերածնունդ», Հռիփսիմե Սիմոնյանի «Վանեցի աղջիկը», Դավիթ Բաբայանի «Ղարաբաղցի կինը» և այլն)։ Բազմազանության են հասել գրաֆիկան (Հակոբ Կոջոյանի, Գրիգոր Խանջյանի, Էդուարդ Իսաբեկյանի պատկերազարդումները, օֆորտի, լինոփորագրության, փայտափորագրության ասպարեզներում՝ Ռ. Բեդրոսով, Վ. Այվազյան և ուրիշներ), թատերական ձևավորումը (Կ. Մինասյան, Սարգիս Արուտչյան, Խ. Եսայան, Մ. Սվախչյան, Վ. Վարդանյան), դեկորատիվ-կիրառական արվեստները (խեցեգործ-նկարիչներ Հռիփսիմե Սիմոնյան, Ռ. Շահվերդյան, Հ. Բդեյան), գորգագործական արվեստը (Հ. Քեշիշյան, Ռ. Թաբաքյան, Մ. Վարդանյան), ապակեգործությունը (Ս. Գասպարյան, Կ. Պողոսյան, Հ. Նիկոյան և ուրիշներ)։ 1960-ական թթ. հայկական երփնագրի ասպարեզում բացառիկ տեղ է գրավում Մինաս Ավետիսյանy, որը կյանքը բացահայտել է նորովի, պատկերել դրամատիկական բարդ ճակատագրերով անհատների («Ջաջուռ», «Ծնողներս», «Սպասում» և այլն)։ Նա նաև «Մինասյան» բեմանկարների, որմնանկարների հեղինակ է։ Գեղանկարչության սարյանական գիծը զարգացրել են նաև Ա. Գրիգորյանը, Հենրիկ Սիրավյանը, Վ. Վարդանյանը, Վ. Գաբուզյանը, Ա. Գրիգորյանը, Արփենիկ Ղափանցյանը։ Բնանկարչության ասպարեզում իրենց ուրույն խոսքն են ասում Արտաշես Աբրահամյանը «Առավոտը Ոսկեվազում» 1955 թ. և Լևոն Կոջոյանը «Գարունը կիրճում» 1960 թ.: Ա. Բաժբեուկ-Մելիքյանի արվեստին յուրակերպ հետևել են Ռ. Էլիբեկյանը, Կ. Մկրտչյանը։ Ե. Քոչարի վաղ գեղանկարչության հիման վրա Հայաստանում «փորձարարական» գիծը զարգացրել են Ռ. Ադալյանը, Հենրի Էլիբեկյանը, Մարտին Պետրոսյանը, Վրույր Գալստյանը, Ռ. Աբովյանը՝ ուրույն ճյուղավորումներով։ Յուրահատուկ եղանակով դիմանկարներ է ստեղծել Ռ. Խաչատրյանը, օֆորտներ՝ Ս. Համբարձումյանը։ 1980-ական թթ սկզբի գեղարվեստական կյանքի երևույթներից էին Գրիգոր Խանջյանի «Հայկական այբուբեն» և «Վարդանանք» պատկերագորգերի (գոբելեններ) մեծաչափ նախանկարները։ Մարդկային հարաբերությունների ընդգծված-մտերմիկ երփնագրեր են վրձնել վարպետներ Գ. Գրիգորյանը (Ջիոտտո), Հ. Կարալյանը, Հակոբ Անանիկյանը, Վաղարշակ Էլիբեկյանը։ Հայաստանի կերպարը նորովի է կերտել Հ. Հակոբյանը, գունային իր աշխարհն է բերել Ռ. Աթոյանը։ Քնարական մեծ լիցքով են օժտված Ա. Մելքոնյանի, Ադա Գաբրիելյանի (Գավրիլովա), Կ. Հովհաննիսյանի, Է. Արծրունյանի, Ֆ. Միրզոյանի կտավները, արտահայտչականության հզոր ուժով՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները։ Քանդակագործության ասպարեզում նվաճումների են հասել Լևոն Թոքմաջյանը (Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում, 1986, դիմաքանդակներ), Գետիկ Բաղդասարյանը, Ս. Ղազարյանը։ Մետաղե (Բենիկ Պետրոսյան), հրակավե կերտվածքները, խճանկարները (Վ. Խաչատրյան, Հ. Մինասյան), վիտրաժներն ու որմնանկարները (Ռ. Ղևոնդյանի «Հայոց աշխարհ» որմնանկարը Երևանի Խնկո-Ապոր անվան գրադարանում, 1982– 1984) զարդարել են շինությունները՝ լրացնելով արվեստների ավանդական համադրության բացը։ Կերպարային, ոճական որոնումներ են կատարվել դրվագման և ջուլհակության բնագավառներում (Վան Սողոմոնյան, Նոնա Գաբրիելյան, Գ. Ալումյան)։ Ստեղծվել են գոբելեններ (հեղինակներ՝ Կ. Եղիազարյան, Ն. Ասատրյան, Հ. Ղազարյան և ուրիշներ)։ Հայտնի ոսկերիչներից (Ժ. Չուլոյան, Հ. Փիլիպոսյան) բացի՝ արդի մոտեցումներով են ստեղծագործել նորերը (Ռ. Թելումյան և ուրիշներ)։ Ակտիվացել է նաև գեղարվեստական ձևաստեղծումը իրենց ներդրումն են բերել ԵԳԹԻ դիզայնի բաժնի շրջանավարտները։ ՀԱՊ-ից բացի արդի հայ կերպարվեստը ցուցադրված է հանրապետության տարբեր քաղաքների թանգարաններում՝ Հայաստանի Ազգագրության, ժողովրդական արվեստի, Ժամանակակից արվեստի, որոնց գիտական բաժիններում, ինչպես և ԵԳԹԻ-ում ու առավել ամբողջական, խոր՝ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, կատարվում են ուսումնասիրություններ։

1990-ական թվականներից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախության տարիներին գեղագիտական կազմավորված հայացքներ ունեցող արվեստագետները շարունակել են ստեղծել իրենց ստեղծագործական համոզմունքներին հարազատ գործեր՝ ավելի ազատ, նաև նոր մոտեցումներով՝ նրանց հետ միասին՝ ազգային և համաշխարհային կերպարվեստի նկատմամբ ինքնատիպ հայեցակետեր, գունային ու ձևաստեղծման տարբեր կերպեր որդեգրած կամ ինքնուրույն զարգացրած նկարիչներ Հրանտ Թադևոսյանը, Է. Խարազյանը, Գ. Խաչատրյանը, Մ. Հովհաննիսյանը, Ռ. Հովնաթանյանը, Ֆ. Մանուկյանը, Ա. Պարսամյանը, Ալբերտ Պապիկյանը, Ա. Պետրոսյանը, Ս. Պետրոսյանը, Կարեն Սմբատյանը, Ս. Աբրահամյանը, Վալմարը (Վոլոդյա Մարգարյան), քանդակագործներ Հովհաննես Մուրադյանը, Անատոլի Պապովյանը, Յուրի Պետրոսյանը, Ս. Պետրոսյանը, Օ. Պետրոսյանը, նաև՝ խոստումնալից արվեստագետների համեմատաբար նոր սերունդը՝ Ն. Ավետիսյան, Ա. Ավոյան, Ա. Գևորգյան, Ա. Գրիգորյան, Մ. Դիլանյան, Ա. Հակոբյան, Սարգիս Համալբաշյան, Գ. Մանուկյան, Կամո Նիգարյան, Ա. Սարգսյան և շատ ուրիշներ։ Աշխարհի տարբեր երկրներում հաճախ են կազմակերպվում հայ արվեստի անհատական, թեմատիկ և խմբակային բազմաբնույթ ցուցահանդեսներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։