Jump to content

Անիի մանրանկարչության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անիի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչության դպրոցներից։ Ձևավորվել է Անիի գրչության կենտրոնում, ոչ միայն բուն քաղաքի գրչատներում, այլև մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջոառիճի վանքերում)՝ 11-14-րդ դարերում։

Հոռոմոսի վանք

Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում, քաղաքային դասից սերող պատվիրատուների հովանավորությամբ, որը և պայմանավորել է նրա աշխարհիկ ուղղվածությունը, ավանդական ձևակերպումները կյանքի ու կենցաղի տարրերով հարստացնելու որոշակի ձգտումը։ Այստեղ ստեղծված ձեռագրերում վանական կանոնական արվեստի խստաճաշակ պահանջներին փոխարինել են իրականությունից քաղված պարզ ու կենսալի հորինվածքները, որոնք իրենց բնույթով հարազատ էին քաղաքային դասին։

11-րդ դարի սկզբին Անիում են աշխատել «անպարտելի» Թադեոս գրիչը, Գրիգոր Մարգանեցի «ճարտար» գրիչը, Գևորգը և ուրիշներ։ 12-րդ դարի վերջին Հոռոմոսի վանքի գրչատանն է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ հասել է երեք ձեոագիր։ Նա հետևել է Մեծ Հայքի մանրանկարչության հնագույն ավանդույթներին։ Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել 13-րդ դարի առաջին տասնամյակներին։ Նկարիչ Մարգարեն Անիի Բեխենց վանքում 1211 թվականին պատկերազարդել է «Հաղպատի Ավետարանը» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N 6288)՝ Անիի մանրանկարչության դպրոցի ամենաբնորոշ ստեղծագործությունը։ Որպես նորարար արվեստագետ, նա ստեղծել է ինքնատիպ մանրանկարներ, որոնք կաշկանդված չեն պատկերագրական կանոններով, ներկայացնում են կենցաղային դրվագներ, նկարչի ժամանակակիցների դիմանկարներ։ Նույն գրչատանն է աշխատել ծաղկող Տիրացուն։

Հայ մանրանկարչության մեջ առաջին անգամ Բեխենց վանքի նկարիչներն են հիշատակագրություններ թողել խորանների սյուների ու երիզների վրա (հավանորեն Անիի ճարտարապետական կառույցների բազմաձև վիմագրերի հետևությամբ)։ Այդ սովորույթին հետևել են նաև Անիի մանրանկարչության դպրոցի մյուս նկարիչները։ Բազմաթիվ ձեռագրերի հեղինակ է շնորհալի գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոոմոսցին, որի լավագույն գործերից են. 1232 թվականի «Բագնայրի Ավետարանը» և 1236 թվականի տերունական պատկերների ամբողջական նկարաշարով Ավետարանը (Նոր Ջուղա, Ամենափրկիչ վանք, ձեռ. N 36): Անիի մանրանկարչության դպրոցին է առնչվում Աբաս նկարչից հայտնի միակ մատյանը (պահվում է Չիկագոյի համալսարանի գրադարանում), որի մանրանկարներում առկա են քաղաքային տարազ կրող կերպարներ ու ճարտարապետական մանրամասեր՝ նման «Հաղպատի Ավետարանի» պատկերներին։ Այս ձեռագրի խորանների հեղինակն է Իգնատիոսը։

1298 թվականին Անիում ձեռագիր է ընդօրինակել և ծաղկել գրիչ Եղբայրիկը, տերունական և ավետարանիչների պատկերներն ստեղծել է Խաչատուրը։ Անիի մանրանկարչության դպրոցում է կազմավորվել նկարիչ Մխիթար Անեցու արվեստը։ Անիից մեզ հասած վերջին ձեռագիրը ստեղծել է քաղաքի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկը 15-րդ դարի սկզբին (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. 55):

Անի քաղաքի բազմակի ավերումների և տնեցիների արտագաղթի հետևանքով շատ ձեռագրեր են կորել, սակայն պահպանված փոքրաթիվ մատյանները վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ., Երևան, 1990, էջ 212։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովսեփյան Գ․, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․ 1, Երևան, 1983։
  • Մատթևոսյան Կ․, Նկարիչ Մարգարեի «Մուտք Երուսաղեմ» մանրանկարը, «Լրաբեր Հասարակական Գիտություններ» հանդես, 1982, № 9։
  • Der Nersessian, A. Mekhitarian Miniatures Arménienns d'Ispahan, Brussel, 1986։