Մշո ճառընտիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մշո ճառընտիր
Matenadaran - biggest and smallest.jpg
ՀեղինակՎարդան Կարնեցի
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1200 - 1202
Էջեր601, սկզբում ունեցել է 660 թերթ
ՆկարազարդողՍտեփանոս, որին օգնել է նաև գրիչը
ԵրկիրԵրզնկայի Ավագ վանք
Matenadaran MS 7729 - Homilies of Mush Վիքիպահեստում

«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 - 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։

Սկզբնական տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977 թվականին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։

«Մշո ճառընտիր»-ի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մշո ճառընտիրը» 1202 թվականին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204 թվականին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել էր շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մինչև 1915 թվականը ձեռագիրը գտնվում էր այդտեղ, Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, ապա՝ Երևան։ Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 659 CC-BY-SA-icon-80x15.png