Jump to content

Թորոս Ռոսլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորոս Ռոսլին (այլ կիրառումներ)
Թորոս Ռոսլին
Ծնվել է1210/16
Վախճանվել է1270
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԿիլիկիայի Հայկական Թագավորություն
Մասնագիտությունմանրանկարիչ
Ժանրդիմապատկեր և մանրանկարչություն
Թեմաներձեռագրերի նկարազարդում
ՄեկենասներԿոնստանդին Ա Բարձրաբերդցի
Ակտիվ շրջանXIII դարի 2-րդ կես
 Toros Roslin Վիքիպահեստում

Թորոս Ռոսլին (1210 - 1270), 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։ Համաշխարհային մշակույթի պատմության մեջ նշանակալից է հայ մատենական գեղանկարչությունը, որի փայլուն դրսևորումներից է կիլիկյան մանրանկարչության դպրոցը: Թորոս Ռոսլինը այդ դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչն է:

Կյանքն ու գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։ Կաթողիկոսական ձեռագրատանը ձևավորված մանրանկարչության դպրոցը գլխավորն էր մյուս դպրոցների մեջ ու վճռական ազդեցություն ունեցավ կիլիկյան և ոչ միայն կիլիկյան գրքարվեստի հետագա զարգացման վրա։ Հռոմկլան իր ծաղկման բարձրակետին հասավ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի (1221–1267 թթ.) օրոք, որի հովվապետությամբ էլ ծավալվում էր Թորոս Ռոսլինի գործունեությունը։ 

Նկարիչը բարձր համբավ ուներ իր կենդանության օրոք. նա աշխատում էր արքայական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով, բայց Ռոսլինի անունը չի հանդիպում ժամանակակից հայկական աղբյուրներում, բացի իր գրած հիշատակարաններից։ Դրա պատճառներից մեկը նկարիչների անունները չտալու միջնադարյան տարեգիրների սովորությունն էր․

Նրանք չեն սիրում հաղորդել նույնիսկ խոշոր փաստի մանրամասերը, և այն, ինչ մենք հետաքրքիր ենք համարում հատկապես ականատեսի պատմածում, նրանք համարում են ավելորդաբանություն՝ անարժան լուրջ գրողի գրչին։ Նրանց գործն է հաղորդել փաստը, իսկ ընթերցողի թեթևամիտ հետաքրքրասիրությունը հագեցնել, նրան զբաղեցնել աշխարհիկ իրադարձությունների փաստի մանրամասներով՝ ցածր է նրանց արժանապատվությունից[1]։

Ռոսլինի ժամանակակից Հովհաննես Երզնկացին հաղորդում է, որ արքայական ընտանիքի անդամները (նկատի ունի Կիլիկիայի թագավորներին) սովորություն ունեին պատվիրել իրենց նկարները տարբեր տարիքներում.

Եւ զոր աւրինակ նկարի պատկեր թագաւորի ի մանկութեանն` զնոյն պահէ զնմանութիւն զգայականն կերպ, նոյնպէս կատարեալ հասակին, և ծերութեանն, և յորժամ թագ առնի, իւրաքանչիւրն զնոյն նմանութիւն պահեն[2]։

Էլ ավելի որոշակի է դիմանկարում նմանությունը պահպանելու պահանջը Ներսես Լամբրոնացու «Ատենաբանության» մեջ.

Զորօրինակ թէ ախորժէ ոք գծագրութեամբ դեղոց պատկեր նկարագրել՝ զպէսպէս երանգ՝ դեղոցն ի կիր ածէ. և ջանայ ուշիւ իմաստիցն զնա ի տիպ և ի հասակ և ի ձև կենդանեաց յօրինել, զի հաճելի և ցանկալի որպէս զկենդանի թուեսցի տեսողացն` անկենդանին[3]։

Կաթողիկոսական նստավայրի ավերումը 1292 թվականին, որտեղ անցել էր Ռոսլինի կյանքը, և 1375 թվականին Կիլիկյան թագավորության դիվանի կործանումը մայրաքաղաքի գրավման ժամանակ զրկեցին նոր ժամանակի պատմաբաններին, այդ թվում արվեստի պատմաբաններին, ոչ միայն քաղաքական բնույթի մեծարժեք նյութերից, այլև մշակույթի գործիչների հետ կապված վավերագրերից։ 

Ռոսլինի կենսագրության միակ աղբյուրը դարձան նրա ձեռագրերի հիշատակարանները։ Նկարչի ստորագրությամբ այսօր հայտնի յոթ աշխատանքը արվել են 13 տարում` 1256 թվականից 1268 թվականը ընկած ժամանակահատվածում։ Այդ ձեռագրերի հիշատակարաններում նա իրեն անվանում է Թորոս «մականուն Ռաւսլին կոչեցելոյ», խնդրում է հիշել իր մտերիմներին և ուսուցիչներին։

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն անցել է Հռոմկլայում և, անշուշտ, այստեղ էլ նա կրթություն է ստացել։ Հիշատակարաններում նկարիչը շնորհակալությամբ է հիշում իր ուսուցիչներին, որոնք պետք է լինեին Հռոմկլայի 1240-1250-ական թվականների խոշորագույն վարպետներ Հովհաննեսը և Կիրակոսը[4]։ 

Սիրարփի Տեր-Ներսեսյանը Թորոս Ռոսլինին համարում է Հռոմկլայի ձեռագրատան ղեկավար[5]։

Նա մահացել է 1270 թվականին 60 տարեկանում։

Գրեթե բոլոր հիշատակարաններում Թորոսն իր անվանը վերագրում է «Ռոսլին» մականունը[6], իսկ 1256 թվականին Ավետարանում նկարիչն ավելացնում է՝ «մականուն Ռաւսլին ստ նախնեաց»։ Այդ մականունը, որի վրա ուշադրություն է հրավիրել Թորոս Ռոսլինի ստեղծագործության առաջին ուսումնասիրող Մ. Տեր-Մովսեսյանը[7], 20-րդ դարի 70–90-ական թվականներին դարձել է մի շարք հեղինակների ուշադրության առարկա, և նրանցից ոմանք սկսել են բազմապիսի ենթադրություններ անել, թե որտեղից կարող էր լինել նման արտասովոր մականունը, և փորձել են զանազան կռահումների հիման վրա հիմնավորել Թորոսի ոչ հայկական ծագումը. ոմանք նրան վերագրել են գերմանական, ոմանք՝ ֆրանսիական, ոմանք էլ՝ նույնիսկ շոտլանդական ծագում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսլինի ձևավորած հնագույն ձեռագիրը, որը հասել է մեզ, «Զեյթունի Ավետարանն» է, որ առաջին անգամ հանդիպում ենք նրա անվանը, ինչպես ինքն է գրում հիշատակարանում «Թորոսի մականուն Ռօսլինի կոչեցելոյ»: Սա վաղ շրջանի կիլիկյան ձեռագրերի նման ճոխ զարդարված է խորաններով, լուսանցքազարդերով և չորս ավետարանիչների պատկերներով: Ռոսլինի մոտավոր տարիքը կարելի է որոշել հետևյալ կերպ[8]: Ընդունելով, որ «Զեյթունի Ավետարանի» մանրանկարների կատարողական վարպետությանը տաղանդավոր մարդը կարող է հասնել մոտավորապես 20-25 տարեկան հասակում, և հաշվի առնելով, որ 1260 թվականին Ռոսլինը արդեն որդի ուներ, որի մասին Երուսաղեմում պահպանվող 1260 թվականի ձեռագրի հիշատակարանում գրում է ու խնդրում «յիշել ողորմութեամբ զիս և զծնօղս իմ, զեղբայրս և զքորս և զորդիս», ապա կարելի է ենթադրել, որ XIII դարի 50-60-ական թվականներին նա առնվազն 30 տարեկան էր:

XII դարի վերջերից և XIII դարի ընթացքում Կիլիկիայում ստեղծվում են բարենպաստ պայմաններ հայ մշակույթի զարգացման համար:

«Զեյթունի Ավետարանը» տերունական-թեմատիկ պատկերներ չունի: Ձեռագրի ամբողջ ձևավորումը սահմանափակվում է ճոխ ծաղկազարդված խորաններով և չորս ավետարանիչների պատկերներով: Շարունակելով Հռոմկլայի գրչատանը աշխատող ավագ ժամանակակիցների ավանդները, Ռոսլինը զարդապատկերային առանձին դրվագների ներդաշնակ կապակցվածության միջոցով ստեղծում է հեշտությամբ ընկալվող կոմպոզիցիաներ:

Կիլիկյան մանրանկարիչները բիբլիական հերոսներին պատկերում են մեդալյոնների մեջ շրջափակված, խորանների կողքին, էջերի լուսանցքներում և այլն: Ուշագրավ է 1260 թվականի Ռոսլինի պատկերազարդած ձեռագրի ուղերձը, որը զարդարված է որպես խորան: Այստեղ փոքրիկ շրջանակների մեջ պատկերված են Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր, Հովհաննես Մկրտչի կիսանդրի պատկերները, ներկայացնելով որմնանկարչությանը բնորոշ «դեիսոսի» (խնդրարկուի) պատկերագրական կոմպոզիցիան:

1266 թվականին «Մաշտոցում» Ռոսլինի վարպետությունը հասնում է բարձրակետին: Պարզ, թեթևորեն զարդարված շրջանակներով պարփակված մանրանկարները աչքի են ընկնում Ռոսլինին բնորոշ լակոնիզմով: «Երեք մանուկները հրե վառարանում» պատկերող մանրանկարում նույնպես Ռոսլինը խուսափում է ավելորդություններից և հասնում է մեծ արտահայտչականության:

Թորոս Ռոսլինի ստեղծագործությունը տրամաբանական շարունակությունն է XII դարի կիլիկյան մանրանկարչության: Ռոսլինի անմիջական նախորդներն էին մանրանկարիչներ Վարդանը, Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, որոնք XII դարի վերջին քառորդում աշխատում էին Հռոմկլայում և Սկևռայում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. История монголов по армянским источникам. СПб.: Пред. К. П. Патканова ко второму выпуску. 1874. էջեր IV.
  2. Խաչիկյան, Լևոն (1981). Հայ արվեստի պատմության կարևոր սկզբնաղբյուրները, հատոր 4. Երևան: Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիում. էջ 42.
  3. Սրբո Հօրն մերոյ Ներսէսի Լամբրոնացւոյ արհիեպիսկոսի Տարսոնի կիլիկեցւոյ Ատենաբանութիւն. յամի Տեառն 1737, Վենետիկ, էջ 51։
  4. Իր հիշատակարաններից մեկում Ռոսլինը նշում է նրանցից մեկի անունը` «չքնաղագեղ գրիչն Կիւրակոս», տե՛ս Երուսաղեմ, ձեռ. -1956, թ. 342ա («Կեռան թագուհու Ավետարան», 1265 թ.)
  5. Der-Nersessian, Sirarpi. Armenian Manuscripts in the Walters Art Gallery. էջ 51.
  6. Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա. Երևան. 1979. էջ 586.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Տեր-Մովսիսյան, Մ․ (1913). Հայկական մանրանկարներ. Կիլիկյան հայոց թագավորների և Կոստանդին Ա կաթողիկոսի համար գրված ձեռագրեր, գիրք ԻԴ. «Ազգագրական հանդես». էջ 79.
  8. Աղայան, Բ (1976). Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր. Երևան. էջեր 322–329.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեբաստիայի Ավետարանը» (1262, ձեռ. թիվ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Ռոսլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 208