Գրիգորիս Աղթամարցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Գրիգորիս Աղթամարցի
Ծնվել է մոտ. 1480
Ծննդավայր Աղթամար, Թուրքիա
Վախճանվել է մոտ. 1550 կամ 1544[1]
Վախճանի վայր Աղթամար, Թուրքիա
Մասնագիտություն նկարազարդող

Գրիգորիս Աղթամարցի (մոտ 15-րդ դարի վերջերին–մահվան թվականն անհայտ), հայ բանաստեղծ, Աղթամարի կաթողիկոս[2] (1512-1544

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է Արճեշի վանքի վարդապետ Գրիգոր Րաբունուն։ Երկրի անհանգիստ վիճակը Աղթամարցուն ստիպել է ապաստանել Արճեշ, Մեծոփ, Վարագ, Ուռնկար վանքերում, որտեղ և գրել է տաղեր, գանձեր, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր։ Աղթամարցու տաղերի մեծ մասը գրել է երիտասարդ տարիներին (1515-24)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի ստեղծագործություններն արտահայտում են միջնադարյան մարդու մտածողությանը բնորոշ գաղափարներ ու զգացումներ՝ մեղսականություն, վարքագրական հերոսների մեծարում, անձնական–քնարական պոռթկումներ ևն։ Հետագայում միևնույն զգացմունքներն ստանում են բանաստեղծական նոր որակ՝ ուղղակի պատկերների խորքում թաքնված ենթիմաստ, որն ընդլայնում է թեմայի ընկալման սահմանները։ Արտաքուստ սիրային թվացող «Գովեմ զքեզ մարմնով հրեշտակ», «Արեգակնափայլ գեղով լի լուսին» և այլ տաղերում օգտագործված պատկերները, բնութագրումները, զուգորդությունները դադարում են սոսկ կնոջ նկատմամբ տածած սիրո արտահայտություն լինելուց. դրանք մարդուն ձոնված ներբողական դրսևորումներ են՝ ոճավորմամբ սկիզբ առած գանձագրական կամ շարականային ակունքներից։ Սակայն դարաշրջանի սիրային տաղերգության ծաղկման պայմաններում այդ տաղերն ընկալվել են իբրև սիրո երգեր և լայն տարածում գտել ձեռագրի ժողովածուներում։ Աղթամարացու ստեղծագործություններին հատուկ է կանոնական գրքերից եկող և միջնադարում սիրված այլաբանությունը։ Նրա տաղերից մի քանիսը («Ծաղկունքն ասեն՝ հերիք արա», «Յետ գնալոյ վարդին») գարնան, վարդ ու սոխակի պատկերի տակ այլաբանել են տարաբնույթ գաղափարներ՝ տերունական տոներ կամ ըմբռնումներ, հայրենի երկրի վիճակը, հայրենիքից հեռու գտնվող մարդու ողբն ու կսկիծը։ Սակայն հետագայում տաղն ընկալվել է իր թեմատիկ հստակությամբ՝ իբրև գարնան գովեստ, սիրային մորմոք կամ կարոտ։ Այդ առումով բնորոշ է «Յամէն առաւօտ և լոյս» ժողովրդականացած տաղը։ Աղթամարցու ստեղծագործությանը հատուկ է բազմաձայնությունը, ոչ թե մեկ թեմա, այլ հույզերի ու թեմաների մի խաչաձև միահյուսում, որ զորեղացնում է զգացածը և ներգործությունը։ Աղթամարցու ստեղծագործության ինքնատիպությունը թելադրել է բանաստեղծական ձևի բազմազանություն։ Օգտագործելով անցյալի ժառանգությունը, նա հարստացրել է այն լեզվի, կառուցվածքի, արտահայտչամիջոցների նոր հնարանքներով՝ չափի, ռիթմի, կրկնակների բազմերանգությամբ, արվեստագետի խորաթափանցությամբ արձագանքելով ժամանակի գրականության ժողովորդական ոգուն։ Գրիգոր Աղթամարցու անվան հետ են կապված նաև «Աղեքսանդրի վարք» ու «Պղնձե քաղաքի պատմություն» կաֆաների շարքեր ու նկարազարդումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]