Աղթամարի կաթողիկոսություն
Աղթամարի կաթողիկոսություն, Հայոց եկեղեցու ինքնուրույն աթոռներից մեկը 1
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1470-ական թվականներին Աղթամարի կաթողիկոսությանը ենթակա եկեղեցական վիճակների (թեմերի) բնակչությունը Աղ-կոյունլուների թուրքմենական ցեղախմբի գերիշխանության ոլորտում էր։ Գրիչներն իրենց թողած հիշատակարաններում ուշագրավ ու արժանահավատ տեղեկություններ են հաղորդում Աղթամարի աթոռին ենթակա եկեղեցաթեմերում ստեղծված կացության մասին։ Աղ-կոյունլու փադիշահ Ուզուն Հասանի (1453–1477) գահակալության տարիները բնորոշվում են իբրև դառնաղետ ժամանակաշրջան։
Ըստ 1471 թվականի Աղթամարի Սուրբ Խաչ վանքում օրինակված Ճաշոցում եղած հիշատակագրության՝ «…երկիր ամենայն երերեալ կայ և տատանեալ ի ձեռաց անօրինաց… է զմահ և զսով, զսուր և զգերութիւն»[1]։ 1474 թվականին Խլաթի գավառակի Ծղակ գյուղի մոտակայքի վանքում արտագրված Ավետարանի գրիչը վկայում է, որ նույն թվականին Ուզուն Հասանը հարձակվում է Բաղեշի վրա «…և բազում ի մարաց[Ն 1] ազգէն կոտորեաց. և Հայոց ազգիս յոյժ ողորմած է, զի գերի ոչ առնէ…»[2]: Այդ փադիշահը ջանում էր սիրաշահել քրիստոնյաներին և ձեռք բերել Վենետիկի հանրապետության զորակցությունն ընդդեմ Օսմանյան սուլթանության։ Վենետիկ ուղարկած նրա չորս պատվիրակներից Մուրատը ծագումով հայ էր[3]։
Ուզուն Հասանի օրոք Աղթամարի կաթողիկոսությունը պահպանեց իր եկեղեցաթեմերը։ Ըստ վիճելի մի վավերագրի՝ 1474 թվականի դրանք տարածվում էին «…ի Շատխոյ մինչև… փոքր գեղորայք, վանորայք և անապատերն...»[4]: Սակայն պետականության բացակայության պայմաններում դրությունը մնում էր ծանր ու օրհասական։ 1475 թվականին Վանա լճի Կտուց կղզում ձեռագիր օրինակող Խաչատուր գրիչը նշում է՝ «Չգիտեմք, թէ ինչ տի լինի Հայոց ազգիս։ Ի գայլոց միջիս շիւարեալ կանք ողորմելի…»[5]: «Ի դառն և ի վշտալից ժամանակի, յորում կամք ընդ հարկի և ընդ ծառայութեան ազգին նետողաց»[6],– գրում է 1476 թվականին Աղթամարում Հայսմավուրք արտագրող գրիչը։
Աղթամարի կաթողիկոսությունը Յաղուբ Բեկի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղթամարի և նրա թեմերի բնակչության կացությունը շարունակում էր մնալ ծանր նաև 1478 թվականից Աղ-կոյունլուների փադիշահ դարձած Յաղուբ Բեկի օրոք։ Թեև 1481 թվականին Աղթամարի թեմերի հայ տանուտերերին հաջողվեց միջնորդել փադիշահի առջև փոքր-ինչ թեթևացնել տալով Աղթամարին ենթակա եկեղեցիների հարկերը[7], սակայն դա ևս չփրկեց դրությունը։ 1484 թվականին Աղթամարի վանքում ձեռագիր արտագրող Կարապետ գրիչն իր թողած հիշատակարանում շեշտում է` դաժան ու անհույս ժամանակը, երբ «…երկիր ամենայն երերեալ և տատանեալ կայ ի ձեռաց անօրէն ազգին նետողաց»[8][9][10][11]։
Աղթամարի կաթողիկոսությունը Ռուստամի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]
1480–1490-ական թվականներին Աղթամար կղզին քրդական ցեղապետ Մելիք Բեկի որդու՝ Ռուստամի իշխանության տակ էր[12]։ Ռշտունիքի Շատվան գյուղում 1489 թվականին Ատոմ գրչի թողած հիշատակարանում նշվում է, որ այլակրոն իշխանությունները «...բռնադատեն զամենեսեան զմանկունս եկեղեցւոյ դառնալ ի սնոտի և ի պատիր յոյսն իւրեանց… բազում եկեղեցիս տապալեցին և զխաչ և զԱւետարան նախատեցին»[13]։ Աղ-կոյունլուների փադիշահ Բայանդուրը (Յաղուբին հաջորդած), ջանալով հնազանդեցնել քրդական ցեղերին, զորք է հանում նրանց դեմ։ Զորքին դիմակայող քուրդ բեկի զորախումբը նահանջում է Ռշտունիք գավառ՝ «...հանդէպ Աղթամարայ, և անդ զօրաժողով առնէր»[14]։ Նրան հետապնդող թուրքմեն զորապետն ավերածության է մատնում Վանի գավառը։ Հատկապես այնտեղ եղած վանքերն «...առաւել աւերեցին, զի զդարանսն գտին և զգրեանսն և զամենայն սպասք եկեղեցեացն յաւար առին»[15]։ Նույն զորապետը թեև չի հասցնում գրավել Աղթամար կղզին, սակայն Աղթամարի աթոռին ենթակա թեմերի բնակչությունը ենթարկվում է բռնությունների, կրում զրկանքներ։ Նրանից հետ չէր մնում վերոնշյալ Ռուստամ Բեկը, որի օրոք՝ «...ի դառն և ի չար ժամանակիս … բռնացեր են ի վերայ Հայոց ազգիս»[16]։
Աղթամարի կաթողիկոսների անվանացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է ցանկն ըստ Ն.Ակինյանի․
- Դավիթ Ա (1113 – մոտ 1165)
- Ստեփանոս Ա Ալուզ (մոտ 1165 – մոտ 1185/90)
- Անանուն (Աթոռակալության տարիներն անհայտ են)
- Ստեփանոս Բ Նկարեն (հիշատակվում է 1223 – մահ. 1272)
- Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան (1272 – մոտ 1296)
- Զաքարիա Ա Սեֆեդինյան (1296 – 1336)
- Ստեփանոս Գ (հիշատակվում է 1340 թվականից – մահ. 1346)
- Դավիթ Բ (1346 – մոտ 1368), զուգահեռ կաթողիկոս է հիշվում Ներսես Բոլատը (1316, 1324, 1371)
- Զաքարիա Բ Նահատակ (1369 – 1393)
- Դավիթ Գ (1393 – 1433)
- Զաքարիա Գ (1434–64)
- Ստեփանոս Դ Տղա (1465–89)
- Զաքարիա Դ (1489 – մոտ 1496)
- Ատոմ (հիշատակվում է 1496, 1497, 1499, 1507)
- Հովհաննես (հիշատակվում է 1512-ին)
- Գրիգորիս Ա Աղթամարցի (Մեծ) (մոտ 1512 – մոտ 1544)
- Գրիգորիս Բ Սեֆեդինյան, Աղթամարցի (Փոքր) (մոտ 1544 – մոտ 1586)
- Գրիգորիս Գ Փոքր (հիշատակվում է 1595, 1602, 1604, 1605)
- Մարտիրոս Գուրջի Փշրուկ (1660 – 1662)
- Պետրոս (մահ. 1670)
- Ստեփանոս (հիշատակվում է 1671-ին)
- Փիլիպպոս (հիշատակվում է 1671-ին)
- Կարապետ (հիշատակվում է 1677-ին)
- Հովհաննես Թութունջի (հիշատակվում է 1679-ին)
- Թովմա Ա (1681 – 1698), հակաթոռ կաթողիկոսն էր Ավետիսը (հիշատակվում է 1698-ին)
- Սահակ Արծկեցի (հիշատակվում է 1698-ին)
- Հովհաննես Կեծուկ (հիշատակվում է 1699 – 1704-ին)
- Հայրապետ Ա Փայխեցի (հիշատակվում է 1706-ին)
- Գրիգոր Գավաշեցի (հիշատակվում է 1707, 1711)
- Հովհաննես Հայոցձորեցի (հիշատակվում է 1720-ին)
- Գրիգոր Հիզանցի (հիշատակվում է 1725-ին)
- Բաղդասար Բաղիշեցի (հիշատակվում է 1735 – 1736-ին)
- Նիկողայոս Սպարկերտցի (1736 – 1751)
- Գրիգոր (մոտ 1751 – 1761)
- Թովմա Բ Աղթամարցի (մոտ 1761 – 1783)
- Կարապետ Ղռըմֆասմենց (1783 – 1787)
- Մարկոս Շատախեցի (1788 – 1791)
- Թեոդորոս (հիշատակվում է 1792 – 1794-ին)
- Միքայել (հիշատակվում է 1796-ին)
- Կարապետ (մահ. մոտ 1813)
- Խաչատուր Ա Վանեցի (1813 – 1814)
- Կարապետ (մահ. մոտ 1823)
- Հարություն (մահ. մոտ 1823)
- Հովհաննես Շատախեցի (1823 – 1843)
- Խաչատուր Մոկացի (մոտ 1844 – 1851)
- Գաբրիել Շիրոյան (1851 – 1857)
- Պետրոս Բյուլյուլ (1858 – 1864)
- Խաչատուր Բ Շիրոյան (1864 – 1895)
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 255-256։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խաչիկյան Լ․ (1958)։ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ Երևան։ էջ 308
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 312
- ↑ Ալիշան Ղևոնդ (1896)։ Հայ-Վենետ։ Վենետիկ։ էջ 187
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 367
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 382
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 402
- ↑ Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, կազմեց Ե. Լալայան։ Թիֆլիս։ 1915։ էջեր սյունակ 483
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջեր 58–59
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջ 85
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջ 111
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջ 121
- ↑ Бидлиси Шараф-хан (1967)։ Шараф-Наме, т. 1։ Москва։ էջ 158
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ։ էջ 140
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ։ էջ 173
- ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ։ էջեր 173–174
- ↑ Սրվանձտյանց Գարեգին (1888)։ Թորոս Աղբար, հատոր 2-րդ։ Կ․ Պոլիս։ էջ 426
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաքսուդյանց Մ., Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916
- Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 255)։ ![]() |