Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անգլիայի թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու գործող թեմ։ Առաջնորդանիստը՝ Լոնդոնի Սբբ․ Սարգիս եկեղեցի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի թեմը կազմավորվել է 1974 թ.-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Ներսես արք․ Պոզապալյանը (1974–1982)։

Բրիտանահայ համայնքը՝ որպես հոգևոր հովվություն, XIX դ․ վերջից մինչև 1965 թ.-ը եղել է Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում (տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն)։ 1965–1974 թթ.-ին, մնալով հոգևոր հովվություն, եղել է Մայր աթոռ Սբ․ Էջմիածնի ներկայացուցչություն Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Համայնքի առաջին հոգևոր հովիվն է եղել Կարապետ վրդ․ Շահնազարյանցը (1862–1866), որը 1863 թ.-ին Մանչեստրում վարձված անգլիական մատուռում Սբ․ Զատկի տոնին Պատարագ է մատուցել։ Նրա ջանքերով Մանչեստրում լույս է տեսել Անգլիայում հայերեն առաջին պարբերականը՝ «Երկրագունդը» (1863–1864)։ 1900–1901 թթ.-ին հրատարակվել է «Եկեղեցի Հայաստանյայց», 11 համարից հետո՝ «Հայոց եկեղեցի կրոնաաստվածաբանական հանդեսը» (խմբագիր՝ Թորոս քհն․ Իսահակյան)։

Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցին

Անգլիայում առաջին հայկական՝ Սբ․ Երրորդություն եկեղեցին կառուցվել է Մանչեստրում, 1870 թ.-ին, հոգևոր հովիվ Խորեն վրդ․ Կյուրոյանի ջանքերով։ Եկեղեցին ունի առաջնորդարան, գրադարան, սրահներից մեկը տրամադրվել է Տիկնանց միությանը (հիմն․ 1908) և Հայկական կեդրոնին (հիմն․ 1988)։ Սբ․ Երրորդություն եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա վարժարան (1984 թ.-ից), որտեղ 130-ից ավելի աշակերտ ստանում է հայեցի դաստիարակություն։ 1975 թ.-ից Մանչեստրի Սբ․ Երրորդություն եկեղեցին չունի մնայուն հովիվ։ Եկեղեցու հոգևոր կարիքները հոգում է Լոնդոնից հրավիրված այցելու հովիվը։

Լոնդոնի առաջին հայկական մատուռը (վարձու) Եսայի վրդ․ Աստվածատրյանի նախաձեռնությամբ բացվել է 1885 թ.-ին և գործել մինչև 1901 թ.-ը։ 1922 թ.-ին Գալուստ Կյուլպենկյանի բարերարությամբ կառուցվել է Սբ․ Սարգիս եկեղեցին (օծվել է 1923 թ.-ի հունվ․, գտնվում է Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում՝ Քենսինգթոնում)։

1975 թ.-ից Լոնդոնի հայերի վարձակալած Սբ․ Պետրոս եկեղեցին Վաչե Մանուկյանի բարերարությամբ 2000 թ.-ին գնվել է և վերանվանվել Սբ․ Եղիշե եկեղեցի (օծվել է 2001 թ.-ի հունիսի 11-ին՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի)։ Կից գործում է կիրակնօրյա դպրոց (1978 թ.-ից)։ Սբ․ Եղիշե եկեղեցու հովիվն է Ներսես քհն․ Ներսիսյանը (2000 թ.-ից)։ 1967–1978 թթ.-ին գործել է Սբ․ Սահակ-Մեսրոպ կիրակնօրյա ազգային վարժարանը։

1986 թ.-ից բրիտանահայ գաղութի ներկայացուցչական մարմինը համայնքային եկեղեցական խորհուրդն է։ Բաղկացած է 23 անդամից, ունի իր կանոնադրությունը՝ վավերացված 1989 թ.-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով։ Խորհուրդը վերահսկում և համադրում է գաղութի եկեղեցական, կրթական և այլ աշխատանքներ, համագործակցում բոլոր միությունների և կազմակերպությունների հետ։ Խորհրդի ժողովները նախագահում է թեմի առաջնորդը, որը միաժամանակ Մայր աթոռ Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչն է Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Անգլիայի թեմի առաջնորդն է Նաթան եպս․ Հովհաննիսյանը (2000 թ.-ից)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]