Ֆրանսիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է ֆրանսահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է 2006 թվականին՝ միավորելով Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության Փարիզի հայոց թեմը, Լիոնի և Մարսելի շրջանները։ Առաջնորդանիստը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)

Ֆրանսիայում հայերի հաստատման և մշտական բնակության մասին տեղեկությունները թվագրվում են վաղ միջնադարին։ Խաչակրաց արշավանքների շրջանում աշխուժանում են Կիլիկիայի հայոց թագավորության և Ֆրանսիայի թագավորության հարաբերությունները ռազմական, տնտեսական, քաղաքական և կրոնական ոլորտներում։ Աշխարհագրական մեծ հայտնագործություններից որոշ ժամանակ անց, երբ Ֆրանսիան դառնում է գաղութատիրական տերություն, և հատկապես Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո աստիճանաբար ավելանում է հայերի թիվը, որը կտրուկ աճում է հայոց ցեղասպանությունից վերապրածների շնորհիվ։

1927 թվականին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոնական ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ, կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեցական ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը։ Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հարավային Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները։

Փարիզի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի շրջան, կենտրոնը՝ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետական պատվիրակի կարգավիճակ։ Փարիզում առաջին հայկական մատուռը՝ սուրբ Էջմիածինը, կառուցվել է 1854 թվականին (գործել է մինչև 1869 թվականը)։ 1870 թվականից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող, բողոքականներին հատկացված ժողովարանը։ 1902 թվականին կատարվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ալեքսանդր Մանթաշյանի նյութական օժանդակությամբ), 1904 թվականին՝ օծումը։ Կից գործում է մեկօրյա դպրոց։

Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930 թվականին կառուցվել է սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Սահակ-Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնովիլ լը Գոնեսում 1931 թվականին կառուցվել է Վարագա սուրբ Խաչ եկեղեցին (օծվել է 1932 թվականին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1975 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը։ Կից գործում է շաբաթօրյա դպրոց։

Սուրբ Հակոբ եկեղեցի, Լիոն

Լիոնի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոնի շրջան, կենտրոնը՝ Լիոնի սուրբ Հակոբ եկեղեցի։ Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները։

1918 թվականին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միություն, որը կազմակերպել է հայ համայնքի հասարակական, հետագայում նաև՝ հոգևոր կյանքը։ Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ։ 1925 թվականին այդ տներից մեկը վերածվել է մատուռի՝ սուրբ Աստվածածին անունով։ Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետական պատվիրակ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանը հանդիպել է Ազգային միության ղեկավարների հետ՝ Ազգային միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու համար։

1927 թվականից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդ անունով թեմական կազմակերպությունը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկական ծխերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործել։

1932 թվականին սուրբ Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962 թվականը։ Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936 թվականից)։ 1954 թվականին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ սուրբ Հակոբ եկեղեցին (օծվել է 1963 թվականին)։

Կից գործում է մեկօրյա դպրոց։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981 թվականին, օծվել՝ 1984 թվականին։ 1987 թվականին, Լիոնի շրջանի առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի ջանքերով, Լիոնի աստվածաբանական համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվան հայագիտական ամբիոն։ 1988 թվականից ցայսօր Առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարանը։ 1977 թվականին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի անվան)։ Լիոնի «Եփրատ» տպարանում 1982-1990 թվականներին տպագրվել է «սուրբ Հակոբ» պարբերականը։

սուրբ Սահակ եկեղեցի, Վալանս

Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները։ Դեսինում գործում է սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946 թվականին), կից՝ շաբաթօրյա վարժարան։ Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քահանա Պալապանյանը։ Շարվիեում գործում է սուրբ Նշան եկեղեցին (օծվել է 1982 թվականին)։ Ունի իր վարչական խորհուրդը։ Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոնական, կրթական, մշակութային)։ Համայնքի հոգևոր հովիվ է եղել Կարապետ վարդապետ Հարությունյանը։ Սենտ Էտիենում գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984 թվականին), կից՝ ժողովրդական տուն՝ մշակութային նպատակների համար։

Համայնքի հոգևոր հովիվ է եղել Տաթև վարդապետ Մուրադ-Հակոբյանը։ Ռոմանում, 1988 թվականին քաղաքապետարանի համաձայնությամբ, Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ սուրբ Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին։ Գործում է եկեղեցական խորհուրդ, որը Ռոման քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն։ Համայնքի հոգևոր հովիվ է եղել Նարեկ քահանա Վարդանյանը։

Վալանսում 1951 թվականին կառուցվել է մատուռ, որը 1953 թվականին օծվել է որպես եկեղեցի՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով։ Գործում է Ազգային կրոնական ընկերակցություն։ 1990 թվականին Եկեղեցական վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող 17-րդ դարի եկեղեցական համալիր (վերանորոգվել է ազգային բարերար Վ. Պոզաճյանի նյութական օժանդակությամբ), կառուցվել է հայկական ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել սուրբ Սահակ (օծվել է 1992 թվականին)։ Եկեղեցուն կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քահանա Մալճյանի ղեկավարությամբ։

Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկական եկեղեցիներ չկան։ Գործում են եկեղեցական վարչություններ, որոնք կրոնական արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին։

Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդ է եղել Նորվան եպիսկոպոս Զաքարյանը։

Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Մարսել

Մարսելի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելի շրջան, կենտրոնը՝ Մարսելի սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931 թվականին)։ Ընդգրկում է Հարավային Ֆրանսիայի հայաշատ քաղաքները։ 1927 թվականին հայրապետական պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգային կենտրոնական վարչություն։ Մարսելում կառուցվել են՝ 1928 թվականին՝ սուրբ Կարապետ, 1929 թվականին՝ սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Դեռևս 1673 թվականին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ առաջին անգամ տպագրվել է Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ)։

1920-1930-ական թվականներին հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում. Բոմոնի Սեն Լուում 1929 թվականին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութական օժանդակությամբ կառուցվել է սուրբ Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ։ Սեն Ժերոմում 1933 թվականին կառուցվել է սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սենտ Անտուան-Քամպանյը Ֆրենում 1929 թվականից գործում է սուրբ Թադեոս-սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ։ Բոմոնում 1932 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց։ Գործում են Կրոնական ընկերակցություն և թաղային խորհուրդ։

Նիս քաղաքում 1928 թվականին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է սուրբ Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի)։ Եկեղեցու շենքում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների։ 1988 թվականին եկեղեցուն կից կառուցվել է Պարսամյան համալիրը (մեծահարուստ Պարսամյան ընտանիքի նյութական օժանդակությամբ), որտեղ գործում են ամենօրյա վարժարան, գրադարան։ Նիցցայի և շրջանի Հայոց կրոնական ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու և Պարսամյան վարժարանի խնդիրներով։ Հոգևոր հովիվն է Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը (2000 թվականից)։

Լա Սիոտայում 1994 թվականին օծվել է սուրբ Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սան Ռաֆայելում 1977 թվականից գործում է սուրբ Հովհաննես եկեղեցին։ Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդն է Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը (1990 թվականից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում, արտաքին հղում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: