Jump to content

Ուրուգվայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Ներսես Շնորհալի, եկեղեցի Մոնտեվիդեո

Ուրուգվայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հարավային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (Արգենտինայի և Բրազիլիայի թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է առաքելական ուրուգվայահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի։

Կազմավորվել է 1983 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով, որով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի թեմերի։

Ուրուգվայում հայերը հաստատվել են 1920-ական թվականներին՝ հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հանրապետության անկումից հետո։ 1923 թվականին հիմնվել է ուրուգվահայության առաջին ազգային կառույցը՝ Գաղութային միությունը, ընտրվել է վարչություն։ Նույն թվականին Մոնտեվիդեոյի Սերրո կոչվող թաղամասում հայերը գնել են տուն, որը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց։ 1929 թվականին համայնքում իրարից անջատ գործել են երկու եկեղեցականներ՝ Ներսես վարդապետ Տոլապճյանը և Դիոնիսիոս քահանա Տրեզյանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր հետևորդները։

1933 թվականին Ուրուգվայի հայ հոգևոր համայնքն Արգենտինայի և Բրազիլիայի հետ ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես)։ Հայրապետական պատվիրակ է նշանակվել Գարեգին արք. Խաչատուրյանը (1937-1951, 1951-61 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք)։ Նա շրջաբերականով դիմել է տեղի հայությանը՝ վերջ տալու հոգևոր ծխերի անջատ գործունեությանը։ Հոգևոր հովվության կանոնադրությունն առանձին գրքույկով լույս է տեսել 1939 թվականին, նույն թվականին հաստատվել է հայրապետական պատվիրակության կողմից, հետագայում վավերացրել է նաև Ուրուգվայի կառավարությունը։ 1964 թվականին կատարվել է սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնարկեքը, 1965 թվականին՝ օծումը։ Նախկին եկեղեցիները, որոնք պարզ շինություններ էին, դադարել են գործել։ 1975 թվականին բակում կանգնեցվել է հայոց ցեղասպանության հուշարձան։

Համայնքը ղեկավարող և պաշտոնապես ներկայացնող կազմակերպությունը եկեղեցու կենտրոնական վարչական խորհուրդն է։ Մոնտեվիդեոյում թեմի հովանավորությամբ գործում է Ներսեսյան ամենօրյա վարժարանը, կից՝ մանկապարտեզ և նախակրթարան։ Ուրուգվայի թեմի առաջնորդն է Հակոբ եպիսկոպոս Գըլընճյանը (1984 թվականից)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: