Գուգարաց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուգարաց թեմ
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզեր Լոռու մարզ
Վարչկենտրոն Վանաձոր
Հիմնադրված 1991
Մայր տաճար Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Ծխեր 29
Առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Հոգևորականների թիվ 14
Թեմի տարածք 6.493 կմ²
Թեմի բնակչություն 416.000 մարդ

Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու գործող թեմերից մեկը, որն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարաց թեմն իր առանձնահատուկ ու նշանակալից տեղն ու դերն է ունեցել Հայոց Եկեղեցու պատմության մեջ։ Այն նախկինում պատկանել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռին, այնուհետև՝ Վրաստանի, Շամախու և Շիրակի առաջնորդություններին, սակայն այս երկրամասում իբրև եկեղեցական վարչատարածք եղել է շատ ավելի վաղ շրջանում։

Գուգարքն Արշակունիների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարքն Արշակունիների օրոք Հայաստանի կողմնապահ 4 բդեշխություններից մեկն էր՝ Ցուրտավ (Գաջենք) նստավայրով, որ նաև եպիսկոպոսական աթոռանիստ էր։ Ցուրտավն ավերվել է արաբական արշավանքների շրջանում, բայց մինչ այդ արդեն, հայ-վրացական եկեղեցական պառակտման հետևանքով, կորցրել էր իր նախկին ազդեցությունը։ Ցուրտավի թեմի տարածքի հիմնական մասը հետագայում դարձել է Հաղպատի եպիսկոպոսության ենթակա տարածք։

Գուգարքը Բագրատունիների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների կողմից պետականության վերականգնումից հետո Գուգարքի եկեղեցական կյանքը նոր շունչ է ստանում հատկապես Սանահինի (967 թ.) և Հաղպատի (977 թ.) թագավորաշեն վանքերի հիմնադրմամբ։ Ըստ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի հաղորդած տվյալների՝ այս վանքերի միաբանների թիվը հասել է 500-ի։ Բագրատունիների ժամանակ Գուգարքի եկեղեցական իշխանությունը հաստատվել է Տաշիր գավառում։

979 թ., երբ Սմբատ Բ թագավորը գալիս է Սանահին, ժամանակի Կաթողիկոսի օրհնությամբ և հատուկ կոնդակով այս վանքը հռչակվում է որպես Տաշիրի եպիսկոպոսի նստավայր. վանքի վանահայր Եսայի վարդապետի՝ եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո թագավորը հաստատում է եպիսկոպոսության ենթակա տարածքը՝ Վրաստանի սահմանից սկսած մինչև Նիգ և Շիրակ գավառները։ Սմբատ թագավորը հանգամանորեն նշում է եպիսկոպոսության ենթակա ընդարձակ տարածքը, որը հյուսիսում Տփղիսի (Թբիլիսի) սահմանից հասնում է մինչև Շիրակ, արևմուտքում՝ Նիգ գավառ (նախկին Ապարանի շրջան) և հարավում՝ Կոտայք։

Գուգարքը Արևելյան Հայաստանի ՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, 1836 թ. կանոնադրությամբ (պոլոժենիե), կայսրության տարածքում բնակվող հայության համար հաստատվեց եկեղեցական վեց թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շիրվանի, Աստրախանի, Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի։ Երևանի թեմն ընդգրկում էր այժմյան Հայաստանի ողջ տարածքը՝ ներառյալ Նախիջևանի և Սուրմալուի գավառները։ Թեմի առաջնորդանիստը Երևանն էր, սակայն այն ուներ առաջնորդական փոխանորդների կողմից կառավարվող վարչատարածքային միավորներ (վիճակներ) Ալեքսանդրապոլում, Նախիջևանում (Հին Նախիջևան), Տաթևում, ավելի ուշ՝ Կարսում։ Ըստ այդմ էլ՝ 1836 թ. Հաղպատի եպիսկոպոսական աթոռը վերացվեց, և Հաղպատը շարունակեց գործել որպես վանք և Սոմխեթ կամ Բորչալու վիճակի ու Ղազախի հոգևոր կենտրոն։

Գուգարաց թեմի առաջնորդարանը

Գուգարքը Ռուսական կայսրության կործանումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո (1918-1920 թթ.)` խորհրդային առաջին տարիներին, Հայոց Եկեղեցին ծանր հարվածներ կրեց. փաստորեն նրանից խլվեցին բոլոր վանքերն ու եկեղեցիները, կալվածքները, հոգևորականությունը հալածվեց, աքսորվեց և գնդակահարվեց։ Հաղպատի և Սանահինի նման պատմական փառավոր անցյալ ունեցող վանքերն ամայացան, զրկվեցին հոգևորականներից, իսկ համալիրները համարվեցին սոսկ «ճարտարապետական հուշարձաններ»։ 1930-ական թվականներին Մատենադարան տեղափոխվեցին Հաղպատից 12 և Սանահինից 33 ձեռագրեր։ 1920 թ.-ին Լոռի և Տավուշ մարզերը Շիրակի թեմի կազմ մտան Գևորգ Ե Կաթողիկոսի կոնդակով։

Գուգարքը Խորհրդային շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործում եկեղեցիներ՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին և Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ երեք հոգևորականներով։ 1990 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջ ընդգրկելով այսօրվա Տավուշի մարզն ամբողջությամբ և նախկին Թումանյանի շրջանը (առաջնորդական նստավայրը՝ Դիլիջան քաղաքը)։ Առաջնորդ նշանակվեց Արսեն արքեպիսկոպոս Պերբերյանը (1990-1995 թթ.)։ Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբացվեց Հաղպատի նշանավոր վանքը՝ վանահայրությամբ Տեր Եզնիկ քահանա Պետրոսյանի (1990-1991 թթ.), բացվեց հոգևոր դպրանոց՝ 20 ուսանողներով, հրատարակվեց Հաղպատավանքի «Օրացույցը» ամսագիրը։ 1992 թ.-ին ուսանողությունը, վանահոր հետ միասին, տեղափոխվեց Մայր Աթոռ, և դադարեց վանահայրությունը։

Գուգարքը հետխորհրդային շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին Վանաձուրում

Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց 1996 թ. մայիսի 30-ին, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը՝ Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում (2005 թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին։ 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց Սեպուհ վարդապետ Չուլջյանը, ով մեկ տարի անց՝ 1997 թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս, իսկ 2012 թ-ին մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց Արքության պատիվ։ Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է։ Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, Սյունյաց և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս՝ Հարավային Ռուսաստանի և Ուկրաինայի թեմերը։ 2010 թ. դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը[1]։

Գուգարաց թեմի առաջնորդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Սեպուհ սրբազանի մեծադիր ջանքերով, չորս տարվա համառ պայքարի արդյունքում ձեռք է բերվում հայտնի Թաիրովների՝ 1895 թվականին կառուցված, սակայն ավերման եզրին գտնվող ամառանոցը, որը հիմնովին վերակառուցվում և կահավորվում է՝ 2000 թվականի դեկտեմբերից ծառայելով որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Առաջնորդարանի երկրորդ հարկի պատին Սրբազանը արձանագրում է.
ՅՈՅԺ ՑԱՆԿԱՑԱՅ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԿԱՌՈՅՑՆ ԶԱՅՍ,
ԹԷՊԷՏԵՒ ԷՐ ԽԱՐԽՈՒԼ ՍԱՍՏԻԿ ՎՆԱՍՈՒԱԾ,
ԳՆԵՑԻ ԶԱՅՆ ՅԵՏ ՃԳՆՈՒԹԵԱՆ ԶՈՐԻՑ ԱՄԱՑ
ՆՈՐՈԳԵԱԼ ԿԱՀԱՒՈՐԵՑԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵԱԼ
ԵԿԵՂԵՑԱՒ, ՊԱՐՏԻԶԻՒ ԵՒ ԽԱՉՔԱՐՕՔ
Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՒՈՐ ՅԱՋՈՐԴԱՑ
ՍԵՊՈՒՀ ԵՊՍ. ՉՈՒԼՋԵԱՆ
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 2000 թ.

Այդ նույն ժամանակահատվածում առաջնորդարանի ընդարձակ բակը կանաչապատվում և ձևավորվում է ծաղկանոցով, արծաթափայլ և հազվագյուտ տեսակի այլ եղևնիներով։ Տարածքում տեղադրվում են «Պապանի գյուղ» կոչվող տեղանքից բերված և նորոգված պատմական երեք խաչքարեր։ Տեղադրվում են Շուշիի ազատագրմանը և Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Նարոյեանի հիշատակին նվիրված խաչքարերն ու վարպետ Մեհրաբի քանդակազարդ պատմական աղբյուր-հուշարձանը։

2000 թվականին վերակառուցվում է առաջնորդարանին կից շինությունը, ավելացվում է զանգակատուն և օծվում՝ որպես Սբ. Սարգսի անունը կրող եկեղեցի։ Եկեղեցուն կից կառուցվում է սրահ միջոցառումների և հանդիսությունների համար։ Եկեղեցու ներքնահարկի ընդարձակ սրահը ստորգետնյա ջրերի հեռացման աշխատանքներից հետո վերանորոգվում է իբրև թանգարանային ցուցասրահ։

Թեմում իրականացվող եկեղեցաշինական, վերանորոգչական, երեխաների համար ամառային հոգևոր ճամբարների ստեղծման, քարոզչական, հրատարակչական, բարեգործական բազում ծրագրերի իրականացման համար առաջնորդարանում գործում են տարբեր կառույցներ և բաժիններ՝ քարտուղարություն, հաշվապահություն, գրադարան՝ 1000 անուն գրքով, քարոզչական և սոցիալական ծրագրերի բաժին, հանդիպումների և հանդիսությունների կազմակերպման սրահ։

Եկեղեցիներ, մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Լոռու մարզում կան 64 կանգուն սրբատեղիներ՝ 5 վանական համալիր, 37 եկեղեցի, 24 մատուռ։ 1996-2013 թթ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության տարիներին Լոռու մարզում կառուցվել են նոր 10 եկեղեցիներ, վերանորոգվել և վերակառուցվել են 27 եկեղեցիներ։ 2014 թվականին թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում։

1996 թվականից մինչև 2010 թվականը թեմի տիրախնամ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրոք Տավուշի մարզում, երբ այն առանձնացավ Գուգարաց թեմից և ձևավորվեց իբրև առանձին թեմ, կառուցվեցին, վերակառուցվեցին և վերանորոգվեցին 21 սրբատեղիներ՝ 1 վանական համալիր, 12 եկեղեցի, (4 նորակառույց և 8 վերանորոգված և վերակառուցված) 8 մատուռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014